Եթե խաղաղ ժամանակ մեր պաշտոնյաների սխալների, թերացումների, բացթողումների վրա կարելի է աչք փակել, ապա պատերազմական շրջանում շատ ավելի բարդ է:
Անզգուշորեն ասված խոսքը, արտահայտությունը կարող է մեծ կորուստների, խնդիրների պատճառ դառնալ: Օրինակ՝ այս օրերին Արցախի զինվորականները պատմում էին, թե ինչպես է կարեւորագույն օպերացիա տապալվել հայտնի իրավապաշտպանի գրառման պատճառով: Վստահաբար՝ նման դեպքեր էլի եղած կլինեն եւ ցավոք դեռ կլինեն, քանի ամեն մեկը չի գիտակցել իր տեղը եւ դերը:
Եթե պատերազմով պայմանավորված ներքաղաքական դաշտում կարող ենք մոռանալ եւ անցնել առաջ միմյանց հասցեին ասված վատ արտահայտությունները, ապա արտաքին քաղաքական դաշտում շատ ավելի լուրջ է: Պաշտոնյաները չեն կարող իրենց թույլ տալ արտահայտվել այնպես, ինչպես շարքային քաղաքացիներս: Մենք կարող ենք անիծել, հայհոյել միջազգային հանրությանը, չարախնդալ, երջանկանալ Թուրքիայում երկրաշարժից, հրդեհներից, էմոցիոնալ դաշտում այս ամենը կարելի է հասկանալ: Բայց պետական ապարատի ներկայացուցիչը իրավունք չունի խախտելու պոլիտկոռեկտությունը, չարախնդալու ահաբեկչական գործողությունների վրա, հատկապես, երբ դրանք եղել են ոչ թե քո թշնամի երկրում, այլ եվրոպական երկրում:
Նեղացած ենք, հիասթափված ենք աշխարհից, միայնակ ենք մնացել այս պատերազմում՝ այս ամենը հասկանալի է անգամ պաշտոնյաների դեպքում: Սակայն կա հարցի մյուս կողմը՝ ինչ նպատակ ենք հետապնդում նման գրառմամբ եւ ինչի կարող է հանգեցնել այն՝ ավելի մեկուսանալու, մեր երկրի հանդեպ սանկցիաների, դիվանագիտական սկանդալի, բողոքի նոտա հղելու: Միայն թե հիշեք, թե մենք ինչ սկանդալային տեսարաններ ենք սարքում, երբ որեւէ երկրի պաշտոնյա՝ կլինի նախարար, թե պատգամավոր, հակահայկական գրառում է անում:
Իսկապես, մեր պաշտոնյաներին փորձից, գիտելիքներից զատ՝ առաջին հերթին քաղաքական հասունություն է պետք՝ գիտակցելու, թե որտեղ են հայտնվել:
Մեր սերունդների կրթական-լուսավորչական գործառույթը իր ուսերին վերցրած նախարարը, որ թվում էր, թե այս օրերին պետք է քիթ սրբելու ժամանակ չունենա, ֆեյսբուքյան իր էջում «չարախնդում է» Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության վրա, ձեռքի հետ էլ անուղղակի գովերգում ղեկավարին՝ նրան մեծ մարգարեի տեղ դնելով:
Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
- Գլխավորը մենք ենք ու Ամերիկան ա չէ՞…
-…Ավստրիան ( Հատված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից):
Նիկոլ Փաշինյան (30/10/2020). «Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»:
50 թուրք ծայրահեղականներ հարձակվել են Վիեննայում եկեղեցու վրա` մեծ վնաս հասցնելով դրան (31/10/2020):
Առնվազն յոթ մարդ է զոհվել Վիեննայում գտնվող սինագոգի վրա հարձակման հետևանով: Հաղորդվում է, որ հարձակվողները մի քանիսն են, լավ զինված են և նույնիակ պատանդ են վերցրել մոտակա ռեստորաններից մեկում (02/11/2020):
Ի՞նչ է ուզում ասել նախարարը՝ հումոր է անում, թե քաղաքական մեսիջ է հղում, տեռորիզմի զոհերի վրա, որքանո՞վ է նպատակահարմար «բոցվելը»: Գուցե նախարարը ցանկանում է ասել, որ վարչապետը մարգարե է, կռահել էր նման հարձակումը, կամ ինֆորմացիա ուներ այդ հարձակման մասին: Ի դեպ, իմանալ նախատեսված հանցագործության մասին եւ չհայտնելը քրեաիրավական դաշտում որակվող արարք է, այնպես որ այս տեմպերով Հարությունյանը կարող է իր կամքից անկախ հաղորդում ներկայացնել Փաշինյանի դեմ:
Իրականում, վարչապետը այս խոսքը ասել էր այլաբանորեն՝ նկատի ունենալով, որ թուրք ահաբեկիչների տեսքով ուղտը կարող է չոքել յուրաքանչուրի դռանը, հետեւաբար՝ անընդունելի է աշխարհի հանդուրժողականությունը եւ լռությունը:
Նույն վարչապետը շատ լավ հասկանում է նման դեպքերի ծանր հետեւանքները թե այդ երկրների, թե այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար: Պատահական չէ, որ նա թվիթերյան իր էջում դիվանագիտական նուրբ ակնարկով գրառում է արել, բայց նախեւառաջ իր ցավակցությունները հայտնելով. «Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են։ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»:
Կարո՞ղ էր Հարությունյանն էլ նման ոճով գրառում անել, նախեւառաջ ցավակցել, շեշտել ահաբեկիչների գործունեության աղետալի հետեւանքները եւ առհասարակ չհիշել վարչապետի խոսքերը, իհարկե կարող էր: Բայց մեծ էր ցանկությունը սրամտելու, ցույց տալու, թե ինչ գերճշգրիտ է եղել ղեկավարը եւ ինչպես է լռությունը պատժվում:
Ավստրիան իր մաշկի վրա զգում է ահաբեկիչների գործունեության հետեւանքները, հուսանք՝ դրանից դասեր կքաղեն թե այդ երկրում, թե մյուս երկրներում: Բայց պատկերացնում եք որեւէ եվրոպացի նախարար մեր հայրենիքում պատերազմի կամ ահաբեկչության մասին նման գրառում կատարեր՝ ճիշտ է առանց գնահատականների, բայց նաեւ առանց ցավակցությունների եւ փաստերի յուրօրինակ համադրմամբ:
Եւ վերջում հայտնի ֆիլմի մոտիվներով՝
Արայիկ, էս կառավարությունում քո նման քանի պաշտոնյա կա, մեղքս վարչապետն է գալիս, որ ձեր բոլորի արածների պատասխանատուն է եւ հետեւանքները վերացնողը:

