Առհասարակ այս պատերազմը դառնում է լակմուսի թուղթ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ ներքաղաքական առումով: Մենք սկսում ենք ճանաչել մեզ, լավագույն եւ ամոթալի որակներով հանդերձ, մեր աչքի առաջ հերթով, շարքով, կարգով պատռվում են դիմակներ, կերպարներ:
Պարզվում է, թե ով է ֆեյսբուքում Բաքու գրավողը, իսկ ով օրեր շարունակ խրամատում կանգնողը, ով է առանց ստատուսների մեկնում Արցախ, ով ընդամենը մի գողտրիկ անտառում զրահաբաճկոնով սելֆի անում: Պատերազմի ժամանակ է պարզվում, թե ով է ամբողջ օրը ֆեյսբուքում «Հաղթելուենք» գրում, իսկ ով այդ հաղթանակի համար քայլեր ձեռնարկում: Պատերազմը շատ դաժան ճշմարտություններ է վերհանում՝ մեկ իրականության մեջ տեսնում ենք իրենց մեկ ամսվա թոշակը հիմնադրամին փոխանցող տատիկ-պապիկների եւ միլիոններ ստացող եւ ոչինչ չանող, հոխորտացող պաշտոնյաների: Շատ բաների մասին, իհարկե, ժամանակը չէ խոսելու, քանզի ներքին միասնականությունը, համերաշխությունը ամեն ինչից վեր է: Ներսից պետք է ամուր լինենք եւ ուժեղ հենարան մեր սահմանին, որպեսզի թույլ չտանք թշնամուն հաջողության հասնել, պառակտել մեզ:
Սակայն կան երեւույթներ, որոնց անհնար է չանդրադառնալ՝ նույնիսկ եթե մեծ է ցանկությունը միասնականությունը չխաթարելու:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը օրերս մասնակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցած բացօթյա բարեգործական համերգին, որից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Շուշան Պետրոսյանը հուզել է հանդիսատեսին «Անունս Արցախ է» երգով: Հավաքվածները ջերմ են ընդունել երգչուհուն, ծափահարել, լուսանկարվել նրա հետ: Կարծես անցել եւ մոռացել էինք այն ժամանակները, երբ Շուշան Պետրոսյանին նախկին իշխող ուժին պաշտպանելու, պատգամավոր դառնալու համար անիծում էին, հայհոյանքներ, վիրավորանքներ գրում: Թվում է, թե վերջ, ատելությունը հաղթահարել ենք, ներել ենք միմյանց արած, ասված խոսքերի համար:
Բայց հանկարծ իշխանության ջերմ, համակիր կանանց իրավունքների պաշտպանության համար ԱՄՆ առաջին տիկնոջից մրցանակ ստացած, բայց աջուձախ կանանց եւ առհասարակ մարդկանց վիրավորող անձը, հեղափոխական ստատուսային գվարդիայի անփոխարինելի անդամը մեզ սթափեցնում է: Այդքան ատելի նախկինների կարգախոսով ասում՝ «չհավատաք, մենք փոխվողը չենք, կամ մենք մոռացողը չենք» կամ ինչպես կամուֆլյաժե տաբատով պատգամավորուհին կասեր՝ «պատերազմը կավարտվի, ձեր հալը կտեսնեք»:
Ինչ է ասում հազարումի չափազանցված պատմություններով բռնության ձայնը եւ դրա ետեւում թաքնված կոնվենցիաները հանրային օրակարգ բերած «խիզախ» կինը:
«Արցախի մասին մի հատ երգով՝ նախկին ու հիմա արած/ասած տականքությունները մոռացնելու նուրբ արվեստի հոտ ա գալիս։
Ըհը։ Կամաց։
Ու ինձ համար անմեղսունակություն ա էդ տիպի գործիչների ողջ անփառունակ անցյալը մոռանալու հորդորն ու կոչը, ներողամտություն հայցելը՝ ինչ ա թե լավ երգում ա։
Ռոբերտ Քոչարյանն էլ 60-ում լավ պարապած տեսք ունի՝ եկեք նրա մարդակերություններն էլ մոռանանք։
Սերժն էլ, ասում են, տաղանդավոր ղումարբազ էր՝ եկեք դա էլ հարգենք։
Էն Սեյրան Օհանյանն էլ կնոջն էր շատ սիրում, ամբողջ օրը մանկապատանեկան ֆոտոների էր մասնակցում, շնորհալի ամուսին էր՝ եկեք իրեն էլ լավ վերաբերվենք։ Ու սենց շարունակ։
Հերիք ա ազգը չպառակտելու թաղանթի տակ տարաբնույթ սրիկաներին ներելու հորդոր անեք։ Թող շնորհակալ լինեն, որ անվնաս կարողանում են քայլել փողոցներով հերիք չի, մի հատ էլ երգ երգել»։
Պատկերացնում եք՝ նման բառապաշարով արտահայտվող մարդը Հայաստանում կանանց պաշտպանում է բռնությունից: Իհարկե, Շուշան Պետրոսյանը առաջին «զոհը» չէ բռնության դեմ պայքարողի կողմից, ավելի վաղ նա իր ստատուսներով հոգեբանական բռնություն էր գործադրել էջմիածնեցի հայտնի կնոջ նկատմամբ: Ամեն դեպքերում, այս դեպքերը մնում են անարձագանք, իսկ հայտնի անձը շարունակում է իր «իրավապաշտպան» գործունեությունը:
Մի քանի հարց հանրային օրակարգ ձեւավորող մրցանակակրին:
1. Ի՞նչ կապ ունի Շուշան Պետրոսյանի երգը, երգչուհու, նրա տվյալները նախկին հայտարարությունների հետ: Եթե նա լավ է երգում, բարեգործական համերգի է մասնակցում, պետք է կոշի՞կ շպրտել բեմի վրա, չի՞ կարելի լսել:
2. Հնարավոր է՝ երգչուհու քաղաքական գործունեության հետ շատերս համաձայն չենք, նրա մտքերը կարող ենք քննադատել, բայց ո՞վ է թույլատրել բռնության ենթարկված կանանց պաշտպանին «տականքություններ» բառը օգտագործել: Պետրոսյանի նախկին հայտարարություննե՞րն են «տականքություն», թե՞ այս գրառումը:
3. Չեք կարծո՞ւմ, որ անգամ ԱՄՆ-ում մրցանակ ստանալը Ձեզ իրավունք չի տալիս մարդկանց զրկել ներողամտության հնարավորությունից, եթե անգամ դրա կարիքը կա, կամ առհասարակ Դուք ո՞վ եք, որ իքս անձի անցյալը, որում հաստատ հայրենիքի համար ավելի նվիրական գործեր կան, որակեք անփառունակ, հետն էլ թե բա անմեղսունակություն է դա մոռանալը ու ներելը: Դուք իսկապես բառերի իմաստը լա՞վ եք հասկանում եւ դրանք կարողանո՞ւմ եք օգտագործել տեղին եւ ըստ նշանակության:
4. Նախկին նախագահների, նախարարների մասին խոսքերին առհասարակ անդրադառնալու իմաստ չկա, իրավունքներ պաշտպանողը տարրական պատկերացում անգամ չունի մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների մասին, այն է՝ մարդն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Մենք կարող ենք համակրել կամ հակակրել այս գործիչներին, բայց տարրական դաստիարակությունը, մեծերի նկատմամբ հարգանքը լավ բան է:
Եթե ամեն դեպքում կրթության եւ դաստիարակության առումով հուսադրող նշույլներ չկար, գոնե կարելի է լռել՝ հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանը այս պահին Արցախում է, իսկ նախկին նախագահները ինտենսիվ հանդիպում են միմյանց հետ, շփվում իշխանությունների հետ, փորձում օգնել: Սույն տիկնոջից երկրորդ նախագահին ավելի շատ ատող վարչապետը անգամ համաձայնել է «մարդակեր» Քոչարյանի Մոսկվա մեկնելուն: Իսկապես հերիք է, այս իշխանությունը լուրջ մտածելու տեղ ունի ոչ միայն պետական պաշտոններ զբաղեցնող կադրերին ընտրելու, այլ օնլայն տիրույթում հանրային օրակարգ ձեւավորող, ստատուսներ գրող անձանց ընտրելու առումով: Ձեր պատճառով ատելություն եք գեներացնում իշխանության հանդեպ, դուք դարձել եք իշխանության անուղղակի խոսափողը, եւ եթե իշխանությունը ձեր պես է մտածում, ապա ստացվում է՝ անգամ պատերազմի ժամանակ դասեր չեն քաղել: Իսկ եթե իշխանությունը այլ կարծիք ունի եւ իրեն հուզում է սեփական վարկանիշը, անհապաղ պետք է ազատվի նման պաշտպաններից:
5. Վերջին պնդումը իհարկե սանձարձակության գագաթնակետն է, բայց մեղավորը մենք ենք, որ նման մարդկանց օրակարգ ենք բերել եւ այժմ ստիպված ենք անդրադառնալ: Ի դեպ, նման հայտարարությունների համար պատգամավորները հաղորդումներ են ներկայացնում հանցագործության մասին, դիմում ՄԻՊ-ին, թե արի մեզ պաշտպանի, սպառնում են: Ֆիզիկապես հաշվեհարդար տեսնելու, ոչնչացնելու մասին հայտարարությունների կնքահայրը վարչապետն է, սկզբից դրանք ընդունվում էին որպես «դուխովի» ատրիբուտ, կամաց-կամաց հեղափոխական էյֆորիան մարեց, մարդիկ հասկացան, որ երկրում պետք է գործեն օրենքները, իսկ եթե որեւէ մեկին պետք է ծեփել պատերին, պառկեցնել ասֆալտին, ապա միայն օրենքի շրջանակներում՝ առանց քաղաքական հայտարարությունների: Հարց՝ ո՞ւմ պետք է շնորհակալ լինի երգչուհին, որ կարողանում է քայլել, դեռ մի հատ էլ երգել: Ո՞վ եւ ի՞նչ պետք է աներ նրան, ինչի՞ համար, ի՞նչ հիմքով:
Կարծում ենք՝ սույն մրցանակակրի ստատուսները եւ առնվազն օնլայն գործունեությունը պետք է իրավապահների, իրավապաշտպանների ուշադրությանը արժանանա:
Վստահաբար՝ նման գրառում անող ընդդիմադիր գործչի տուն ոստիկանների այցը չէր ուշանա, բայց մեկը չեղավ, անգամ իշխանական ճամբարից հուշելու նրան՝ հեռացնել գրառումը եւ ներողություն խնդրել: Դեռ մի հատ էլ ստացվում է, որ ստատուսի ներքո հակառակ կարծիք հայտնողները «աղբակույտ են, հավաքվել են, սկսել գարշահոտել»:
Ահա, թե ով է բռնության դեմ պայքարող «խիզախ» կինը եւ նրան մրցանակ շնորհած քաղաքակրթության օրրան ԱՄՆ: Հետո էլ զարմանում եք, թե ինչու թշնամու պատերազմական վայրագությունների հանդեպ աշխարհը լուռ եւ հանդուրժող է, նրանց դավանած արժեքները եւ իրավապաշտպան գործառույթը այլ է:

