Երկրում համաճարակային ծանր վիճակով պայմանավորված, երբ հիվանդանոցներում ընդունում են միայն ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, հոսպիտալացման հերթում սպասող քաղաքացիների համար հարազատները փորձում են անհրաժեշտ բուժումը կազմակերպել տան պայմաններում:
Այս օրերին ամենապահանջված սարքավորումները թթվածնի սարքն ու թթվածնի սատուրացիայի (SpO2) սարքերն են:
Թթվածնի սատուրացիայի սարքն ի տարբերություն թթվածնի սարքի բավականին մատչելի է՝ մոտ 15-20 հազար դրամ: Սակայն այս պահին շուկայում որոշակի դեֆիցիտ կա:
Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը արյան՝ թթվածնով հագեցվածությունն է կամ, ինչպես բժիշկներն են ասում, թթվածնի սատուրացիան (SpO2):
Այն նորմայում պետք է լինի 95 %-ից բարձր, և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունեննում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:
Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է:
Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում՝ թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:
Այս ցուցանիշը կորոնավիրուսով վարակված և հիվանդանոցային բուժում ստացող պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։
Իսկ թթվածնի սարքը, շուկայում արժե միջինը 1 մլն դրամ: Նման բարձր գնի և մեծ պահանջարկի դեպքում այս օրերին մարդիկ այն վարձակալության են հանձնում: Թթվածնային սարքի օրական վարձակալության գինը տատանվում է 2000-5000 դրամի սահմաններում սակայն կորոնավիրուսի տարածման հետ կապված այս սարքը նույնպես շատ դժվար է մեր օրերում գտնել:

