Անկեղծ ասած , ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է խոսեին մեր նախկին նախագահները, որ չի կարողանում խոսել ՀՀ վարչապետը։ Չկա այդպիսի հարց, որ կարող են խոսել կամ լուծել նրանք, որը չի կարողանում խոսել կամ լուծել վարչապետ Փաշինյանը։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու մասին մտադրությանը։
«Ես հակված եմ այն մտայնությանը, որ նրանք որպես նախկին նախագահներ՝ չեն կարող անտարբեր լինել այս իրավիճակում և փորձում են ինչ-որ կերպ օգտակար լինել և նաև իրենց ծառայություններ են առաջարկում։ Կարծում եմ Փաշինյանի խոսնակի մեկնաբանության մեջ հստակ արտահայտված է Փաշինյանի դիրքորոշումը, որ եթե կա որևէ բան, որ ես չեմ կարող անել, ապա արեք, ես չեմ խանգարելու»։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ դրանք անձինք են, որոնց շնորհիվ ժամանակին ստեղծվել է հաղթանակը, որոնց շնորհիվ խաղաղություն էր հաստատվել Արցախում։ «Նրանք անձինք են, ովքեր կապեր ունեն քաղաքական և ոչ միայն քաղաքական էլիտայի հետ, ովքեր կշիռ և հանգարք են վայելում այդ շրջանակներում։ Մինչդեռ, բացի նրանից, որ կա պետական դիվանագիտություն, գոյություն ունի նաև ժողովրդական դիվանագիտություն, ժողովրդական դիվանագիտության կրողները հենց այդ անձինք կարող են լինել, որոնք համապատասխան հանդիպումներ կարող են ունենալ»։

