ՀՀ Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:
Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը նշեց` այն, որ մեր զինված ուժերից բացի, զինված ուժերին առընթեր պիտի լինեն կամավորական, օգնական ուժեր, դա միանշանակ է. «Բոլոր երկրներում, հատկապես այնտեղ, որտեղ փոքր բնակչություն կա, դրա անհրաժեշտությունը խիստ զգացվում է: Պարզապես սա պետք է արվեր վաղուց և ավելի հստակ: Կամավորն առաջնագիծ գնալուց առաջ պիտի նախապես իմանա՝ ում հետ է ծառայում, հաճախ մարդկանց հնարավորություն են տալիս իրար հետ ծանոթանալու, ինչ կառույցի մեջ է լինելու, ինչպիսի դեր է ունենալու: Էլ չեմ ասում, որ հստակ նախնական ռազմական պատրաստություն պետք է անցնի` զենքի օգտագործում, առաջին բուժօգնություն: Այո, դա կարևոր է, բայց այս իրավիճակում դրա համար պարզապես ժամանակ չկա, դա պարզապես ստացվում է այդ մոբիլիզացիոն ռեզերվ կոչվածի նման մի բան, զորահավաքի մի տեսակ է, պարզապես կամավորության սկզբունքով»:
Հարցին, թե արդյոք նախագծում բացեր կան, Պապյանը նշեց, որ թեթևակի է ծանոթ նախագծին. «Էսօր մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ այդ նյութական բավարարվածությունը, որ այդ մարդկանց սովորեցնենք, հագեցնենք: Դա պետք է վաղուց արվեր, դա պետք է արվեր 1994 թվականից ի վեր և առավել ևս 2 տարի առաջ` հեղափոխությունից հետո, քանի որ դրա հնարավորությունը կար՝ այդ համաժողովրդական վերելքի: Հիմա այսպես ասեմ` դա վատ բան չի, բայց առանձնապես այդ օրենքի իրագործման հնարավորությունը չեմ տեսնում` ելնելով այս շտապողական իրավիճակից»:
Անդրադառնալով երեկ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին, Պապյանը նշեց, որ այն կարծիքին չէ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն. «Նախ պետք է ասեմ, որ նախորդ երեքում հրադադարի մասին պայմանավորվածություն էր, բայց սա հրադադարի մասին կոնկրետ փաստաթուղթ չէ: Այստեղ մի շարք պարտավորություններ են ներառված»:

