Ռուսաստանից աջակցության չափը, տեսակները իրենց մեջ գաղտնիքներ են պարունակում, եթե իհարկե խոսքը ռազմական աջակցության մասին է։ Հումանիտար աջակցության մասին, կարծում եմ, կհայտարարվի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ՌԴ նախագահին ուղղված դիմումին, որով վարչապետը առաջարկել էր սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
«Կարծում եմ, Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները շատ լավ հասկանում են, թե ինչ չափով, ինչ ուղղություններով, ինչ զինատեսակներով պետք է վտանգները չեզոքացվեն։ Աջակցությունը կարող է լինել զինուժի տեսքով, ռազմատեխնիկական աջակցության տեսքով, հետախուզական տվյալների, տիեզերանավերի համապատասխան կառավարման։ Սա շատ կարևոր է, քանի որ այս քայլով Ռուսաստանին իրավունք է վերապահվում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել Արցախում։ Կարծում եմ՝ սա բավարար հիմք կտա ՌԴ-ին հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու, ընդ որում՝ թիրախային, կետային հարվածներ հասցնելով նաև Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։ Չեմ կարող ասել, թե որքանով Ռուսաստանը դա կիրականացնի, սակայն ահաբեկիչների խմբավորումները և Թուրքիայում են, և Ադրբեջանում, հետևաբար, այստեղ կարող են նույն գործողություններն իրականացվել, ինչպես արվեցին Սիրիայում, երբ որևէ մեկը չէր հավատում, որ Ռուսաստանն այդ քայլերին կգնա։ Ընդ որում՝ Ռուսաստանն այդ քայլերը կարող է անել միջազգային նորմերի և օրենքներին համապատասխան, այնպես որ որևէ անօրինական գործողություն չի անելու։ Հայտնաբերեց ահաբեկիչների ճամբարները Բաքվի մերձակայքում, Իլհամ Ալիևի առանձնատան կողքի շենքում՝ կխփի, գտավ Ստամբուլում, էրդողանի բնակարանում՝ կխփի։ Հիշո՞ւմ եք ՌԴ նախագահն ինչ էր ասում ահաբեկիչների մասով, ասում էր՝ տեղը կապ չունի՝ նաև արտաքնոցում կարող են սպանել։ Այսինքն, որ պահին որ հակաահաբեկչական գործողություն իրականացվեց, այդ պահին ՌԴ-ն որևէ բանի առջև չի կանգնի, առավել ևս, որ այդ ահաբեկիչները վտանգում են նա Ռուսաստանին»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից երեկ հնչած հայտարարություններին, թե խաղաղապահները չպետք է լինեն Մինսկի խմբի անդամ երկրներից, այլ պետք է լինեն հարևան երկրներից և սկանդինավյան երկրներից՝ Նահապետյանն ասաց՝ ստացվում է, որ պետք է շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին, որ Թուրքիայից խաղաղապահ չեն գալու։ «Մնում էր Ադրբեջանի վերաբերյալ ասեր՝ այ գիտեք՝ հայ ժողովուրդ Ադրբեջանից խաղաղապահ չենք բերի, դրա համար շնորհակալություն հայտնեք ինձ։ Մենք գիտենք, որ եթե որևէ տեղ խաղաղապահի դրոշով որևէ մեկը մուտք է գործում, եթե դա ՀԱՊԿ դրոշը չէ, ուրեմն դրանք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահներն են։ ՆԱՏՕ-ն դա նույն Պենտագոնն է։ ՆԱՏՕ-ն ուզում է գալ այս տարածաշրջան՝ խաղաղապահի դիմակով, իսկ մենք տեսել ենք, թե ՆԱՏՕ-ի խաղաղապահներն ինչպես են իրենց առաքելությունն իրականացրել Սիրիայում։ Քրդերի պաշտպան խաղաղապահները և ՆԱՏՕ-ի զորախումբը մի գիշերվա մեջ լքեց տարածքները ու թուրքական զորքը մտավ։ Կարծում եմ, սա Ռուսաստանում էլ հասկանում են»։
Ի պատասխան վարչապետի նամակի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ, սա ըստ էության այն պատասխանն է, որ կարելի էր ակնկալել, քանի որ բացի նրանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է՝ ՌԴ-ն նաև հստակ միջազգային մանդատ ունի Մինսկի խմբի շրջանակներում։ «Այս պատասխանը նաև բխում է ՌԴ-ի այդ դերակատարումից։ Հետևապես, ՌԴ-ն իր միջազգային պարտավորությունների սահմաններում պատասխանել է Հայաստանին։ Ամեն դեպքում, եթե խոսքը հայտարարության մասին է, դա մի բան է, բայց գործնականում, մենք տեսնում ենք, որ այստեղ կան շահեր, որոնք ոտնահարվում են, խոսքը Ռուսաստանի շահերի մասին է և դա արդեն մեր սիրուն աչքերի հետ կապ չունի, հետևապես, Ռուսաստանը հետապնդելու է իր շահերը այնպես, ինչպես հարկ կհամարի»։
Նա ընդգծեց, որ հատկանշական է, որ ռուսական կողմը խոսում է Հայաստանում ռազմական բախումների տեղափոխման դեպքում աջակցություն ցուցաբերելու մասին, հետևաբար ՌԴ-ն իր համար վերապահումները նշում է, սակայն մյուս կողմից, Հայաստանը բազմաթիվ այլ պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ։ «Հետևաբար, կարծում եմ Ռուսաստանից կարելի է ակնկալել այն ամենն, ինչ ապահովելու է հայկական կողմի հաղթանակն այս պատերազմում, որովհետև մնացած այլ սցենարները հակասում են ռուսական շահերին»։

