Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել էր զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: ԱՄՆ դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ, նույնը հորդորել նաև ԱՄՆ քաղաքացիներին․
Տավուշի մարզ – Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահմանը,
Գեղարքունիքի մարզ – Սևանա լճից արևելք և հարավ և M10 մայրուղուց արևելք,
Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։
ArmDaily.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ դեսպանատները իրենց քաղաքացիներին պարբերաբար կոչերով են դիմում` հորդորելով խուսափել այն վայրեր, որտեղ կարող են դառնալ պոտենցիալ ռազմական գործողությունների վայրեր. «Նման հայտարարություններ եղան պատերազմից օրեր առաջ, հիմա էլ նման հայտարարություն է լինում և կարծում եմ պարզապես զգոնության կոչ է, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ իրականացնի նաև ՀՀ-ի դեմ: Այսինքն այդ չբացառելով, ամերիկացիներն արել են նման հայտարարություն: Ես կարծում եմ, որ մեր համապատասխան գերատեսչությունները պետք է համապատասխան հետևություններ անեն, այն մարմինները, որոնք պարտավոր են անվտանգության ոլորտում աշխատանքներ կազմակերպեն, պետք է ուշադրություն դարձնեն այս հայտարարությանը, ինչու չէ նաև պարզեն, թե ինչու է այսպիսի հայտարարություն արվում և ինչու այս փուլում: Նախկինների ժամանակ պարզաբանումներ չեն պահանջվել և չի էլ եղել պարզաբանում, և դեսպանությունը պարտավոր էլ չէր պարզաբանել, թե ինչու է իր քաղաքացիներին կոչ անում զերծ մնալ այդ տարածքներ այցելելուց: ԱՄՆ դեսպանատունը, այն երկրներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, իրենց քաղաքացիներին կարող է վտանգ սպառնալ, հայտարարություններ անում է»:
Հարցին, թե վերջին օրերին ինչ տրամադրություններ կան ղարաբաղյան հարցի շուրջ, Սարգսյանը նշեց, որ ակտիվ երկխոսություն կա ԱՄՆ պետքարտուղարի և անվտանգության հարցերով խորհրդականի ու ՀՀ վարչապետի միջև, պարբերաբար շփումներ են լինում. «Դրա մասին սովորաբար հայտարարվում է, նման հանդիպում-շփումներ լինում են նաև ադրբեջանական կողմի հետ: Տեսնենք, թե ինչ կլինի մոտակա օրերի ընթացքում, մանավանդ հաշվի առնելով ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը»:
Սարգսյանը նշեց, որ իր խորին համոզմամբ հանդիպումը հետաձգվել է Ադրբեջանի կողմից. «Մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք հրադադարի, Ադրբեջանը փորձում է առավել նպաստավոր պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Միջազգայնագետը նաև ավելացրեց, որ ինչպես միշտ, այս ընթացքում էլ Վաշինգտոնում շատ նորմալ աշխատում են հայկական լոբբիստները ու բնականաբար հաջողությունների հասնում են. «Այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, նույն սենատորների, կոնգրեսականների դիրքորոշումները, նրանց կողմից բարձրացված աղմուկն ու նախաձեռնած նախագծերը, այդ ամենը մեր համայնքի, լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն են»:
Հարցին, թե հնարավոր է ղարաբաղյան հարցը լուծվի մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, քանի որ ինչպես տեսնում ենք Թրամփը շահագրգռված է հայ համայնքի ձայներով, Սարգսյանը նշեց. «Դժվար է ասել, թե մինչև նոյեմբերի 3-ն ինչ տեղի կունենա, բայց այն հանգամանքը, որ Թրամփը նույնպես փորձում է ներքաշվել այս պրոցեսի մեջ և վերջին պահին է դա անում, խոսում է նրա մասին, որ նա որոշակի հետաքրքրություններ ունի խնդրի կարգավորման առումով, թեկուզ նախընտրական տրամաբանության մեջ»:

