Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, որ թշվառության մեջ է, բացառությամբ Բաքվի կենտրական շրջաններից, հետո մտածի մնացածի մասին, որն իր համար երազանք է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Արցախը շենացնելու և երկրագնդի ամենածաղկուն բնակավայրը դարձնելու մասին Ալիևի հայտարաությանը։
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ իր քաղաքացիների համար տարածած կոչին՝ խուսափել Հայաստանի մի շարք տարածքներ այցելելուց՝ նա նշեց, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունը։ «Ենթադրում եմ իր քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ինչպես նախկինում էր հայտարարվում ահաբեկչական վտանգի մասին մի շարք երկրներում։ Ինչ վերաբերում է շարժերին և կուտակումներին՝ սահմանի ողջ երկայնքով էլ դա կա, բայց իրավիճակը այդ ուղղություններով հանգիստ է»։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է՝ Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել։ «Դա նորմալ է, նման իրավիճակում երկրի քաղաքական իշխանությունները, ԶՈՒ հրամանատարները նման ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, քանի որ պատերազմական գործողությունները շարունակվում են, ինտենսիվությունն այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական հարձակողական խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը փորձելու են նման գործողություններ իրականացնել։ Նման գործողություններ ամեն օր կան, եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում։ Պարզապես այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է դեպի Շուշի գնացող գիծն է, ու դրանով է ինքը շատ կարևոր, բայց մարտերը շարունակվում են ամենուր և ամեն տեղ։ Պայքարը ծանր է երկար է, բայց հաղթելու ենք»։

