Այսօր Արցախյան պատերազմի 33-րդ օրն է Ադրբեջանը «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգից հարված է հասցրել Ստեփանակերտին, Շուշին և Մարտակերտին։ Մարտակերտի ուղղությամբ թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր։
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողների անունները, զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119։
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողների մարմինները:
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ ՀՀ ԱԳն-ում լուրը դեռ չեն մեկնաբանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է:
Wargonzo նախագծի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինուժը գնդակոծել է իրանական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալը:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Խաչատրյանի պաշտպանական թիմի հաղորդմամբ՝ պատճառը Խաչատրյանի առողջական վիճակն ու Հայաստանում և Արցախում ռազմական դրությունն է։ Գրավի չափը չի նշվում։
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. Ունենք 29 մահվան դեպք։

