Վերջին օրերին հաճախակիացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները, որոնց ընթացքում քննարկվում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը։
ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցների մանրամասներն մենք իհարկե չեն իմանա, սակայն գոնե հրապարակված շեշտադրումներից ու մանրամասներից արդեն կարելի է ենթադրել, որ հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը անհանգստություն է հայտնել երրորդ ուժերի ներգրավվածության հետ կապված։
«Իհարկե, չի մանրամասնել, թե ում նկատի ունի, սակայն տվյալ դեպքում պետք է հասկանալ, որ հակամարտությունում երրորդ ուժը առնվազն Թուրքիան է և ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք պատրաստվել, մարզվում և օգտագործվում են ԼՂՀ-ի դեմ»։
Նրա դիտարկմամբ՝ այդ հեռախոսազրույցների հաջորդ ձևակերպումն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է որոշեն հակամարտության կարգավորման մասնակից այլ կողմերին ներգրավվելու ձևաչափը։ «Սա ուղղակի փափուկ կերպով նշանակում է, որ նաև Հայաստանից է կախված, թե արդյո՞ք Թուրքիան կներգրավվի խաղաղապահ կամ որևէ այլ առաքելության մեջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի մասնակցությունն անհարին է։ Որքան էլ Թուրքիայի ներգրավվածությունը Ադրբեջանի ցանկությունն է, սակայն եթե առաջին պատերազմի ժամանակ՝ 1990 –ականներին Թուրքիայի օգնությունը թաքուն և սահմանափակ էր, ապա այս պահին մենք տեսնում ենք բացահայտ, մի քանի մակարդակներում օգնություն, սկսած պաշտոնական հռետորաբանությունից, ռազմական, ռազմատեխնիկական և խորհրդատվական օգնություն, ընդհուպ՝ չպատկերացնելու աստիճան մի երևույթ, երբ ամբողջ կառավարման համակարգը՝ օպերատիվ ծրագրավորման, պլանավորման և կիրառման ողջ համակարգը փաստացի փոխանցված է ՆԱՏՕ-ի անդամ երկրին։ Թուրքիան չի դադարել ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինել։ Այս առումով ռուսական կողմը պետք է, մեղմ ասած, անհանգստություն ցուցաբերի։ Խոսքը ոչ թե Թուրքիա-Ադրբեջան դաշինքի մասին է, այլ այդ դաշինքն իր մեջ պարունակում է ՆԱՏՕ-ական երկիր, որը մեղմ ասած անհաշտ դիրքորոշում ունի ՌԴ-ի հանդեպ, հետևաբար, այդ հաճախակի դարձած զանգերի իմաստն հենց դա է, բացի նրանից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է , այլ ՆԱՏՕ-ական երկիրը նաև հավաքագրում է վարձկանների և պատերազմ է սկսում ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ»։

