Հայտարարության հիմքում եղել են տարաբնույթ հարցեր և խնդիրներ, որոնք ամփոփվել են և այսօր կուղարկվեն հասցեատեր մարմիններին: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանն՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի վերջին գրառման հետ կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զարմանքին:
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարության հիմքում եղել են տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, որոնք նաև վերաբերում են Պաշտպանի իրավասությանը ու Պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցված աշխատանքին։ Դրանք ամփոփվել են և այսօր կուղարկվեն հասցեատեր մարմիններին։ Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված»,- ասաց Հովսեփյանը։
Հարցին՝ նախարարությունից փորձե՞լ են կապվել կամ որևէ պարզաբանում խնդրե՞լ են, Հովսեփյանը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ»։
Հիշեցնենք, ՄԻՊ Արման Թաթոյանն իր վերջին գրառմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջել էր գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան հայտնել էր, որ զարմացած են նման բովանդակության գրառման համար: «Երեկ երեկոյան փորձել ենք կապ հաստատել պարոն Թաթոյանի հետ՝ հասկանալու համար իր գրառման դրդապատճառները և հիմքերը, սակայն նա չի պատասխանել զանգերին»:

