Դեռ ամռան վերջին ամիսներին, երբ մեր երկրում կորոնավիրուսային վարակը նահանջ էր ապրում, եվրոպական երկրները հայտարարում էին համավարակի երկրորդ ալիքի մասին, պատրաստվում դրան: Մեզ մոտ հայտարարվեց, որ հատուկ կորոնավիրուսային հիվանդների համար նոր պրոֆիլավորված հիվանդանոց է կառուցվելու, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, արդեն սեպտեմբեր ամսից բոլորն էլ նկատեցին, որ արդեն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում հիվանդությանը, անտեսում էին կանոնները: Սեպտեմբերի կեսերից՝ հանրակրթական դպրոցների բացվելուց հետո կանխատեսելի էր, որ համավարակի թվերը կաճեն, սակայն պատկան մարմինները հորդորեցին, որ իրավիճակը վերահսկելի է; Կորոնավիրուսի թվերն օրեցօր աճեցին պատերազմից հետո, կամաց-կամաց այս իրավիճակը դարձավ անկառավարելի: Բազմիցս հայտարարություններ եղան, որպեսզի քաղաքացիները դիմակ կրեն, հետևեն հակահամաճարակային կանոններին, որպեսզի բժիշկները երկու թիկունքով չպայքարեն, քանի որ այս պահին նրանք ավելի անհրաժեշտ են վիրավոր զինծառայողներին:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ կառավարության կողմից հնարավոր ամեն ինչ արվել է․ «Եթե չլիներ պատերազմը, ամեն ինչ կընթանար շատ սովորական հունով, քանի որ և հիվանդանոցները վերապրոֆիլավորված էին, և հակահամաճարակային լուրջ միջոցառումներ էին իրականացվում, այդ ամբողջ համակարգն ավելի կատարելագործվել էր, բայց որևիցե մեկը չէր կարող սպասել, որ հենց հիմա պատերազմ կլինի, սա հայտարարված պատերազմ չէր, որպեսզի պետությունը հասցներ իր բոլոր ենթակառուցվածները դրան հարմարեցնել: Կորոնավիրուսի թվերի աճն էլ է պատերազմով պայմանավորված` հոգեհանգիստների արարողությունների ժամանակ, բազմամարդ կուտակումների, կամավորական գործողությունների ժամանակ: Կուտակումների արդյունքում է այս տարածումը եղել, ոչ թե պետությունը հաշվի չէր առել, որ երկրորդ ալիք կլինի: Երկրորդ ալիք կարող էր այստեղ հանգիստ նաև չլինել, բայց այս դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Դրան գումարած հիվանդանոցներն էլ վերապրոֆիլավորված և պատրաստ էին դրան, բայց հիվանդանոցները պատրաստ չէին միանգամից երկու ֆրոնտով ընդունելուն: Հիմա ստացվում է կորոնավիրուսով հիվանդ շատ մարդիկ չեն հոսպիտալացվում, որովհետև այնտեղ զինվորներն են բուժվում: Այսինքն եթե չլիներ պատերազմը, ապա կորոնավիրուսի այս խնդիրը չէր լինի»։
Պատգամավորը նշեց, որ համավարակի թվերը շատ մտահոգիչ են. «Այս պահին առողջապահական համակարգը ինչքանով հասցնում անում է, բայց և վիրավոր զինվորներին, և միևնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելուն իր ուժերի առավելագույնն է գործի դրել: Պիտի կանգնեցվի, պիտի հանրությունը հասկանա, որ շատ ուշադիր պետք է լինի իր առողջության նկատմամբ, որպեսզի բժիշկը երկընտրանքի առջև չկանգնի, այսինքն այդ շնչառական ապարատն ավելի շատ զինվորին է պետք, թե քաղաքացուն: Այ այս մասով հանրությունը պետք է մի փոքր զգոն լինի, քանի որ սա հաստատ նախատեսված վիճակ չէր, սա այն վիճակն է, որտեղ հանրության օգնության կարիքը կա շատ»:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, պատգամավորը նշեց, որ չի ցանկանում ժամանակավրեպ հայտարարությունը մեկնաբանել:

