«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում, անդրադառնալով ներքին խմորումներին, նշեց, որ իրեն մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները»՝ նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի՝ օրերս տարածած այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը.«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների գործընթացներ են գեներացվում: Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են, քան՝ օդում թռչողները, որովհետև գետնի վրա են գործում: Վտանգավոր է, որ այդ առաջարկը արվեց Վազգեն Մանուկյանի կողմից հոկտեմբերի 27-ին,հոկտեմբերի 27-ը մոգական սև ամպ է, որը հավաքում է իր շուրջը այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքից»:
Քոչարյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե հայկական կողմը պետք է Արցախից հանի իր զորքերը։
«Ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք, ինչ ուզենք անենք։ Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, զենքը հանենք և մեր բնակչությանը թողենք յաթաղանի սրի տա՞կ։ Դա չի կարող լինել, 1915 թվականին դա ստացվեց, որովհետև հայկական պետություն չկար։ Այսօր Հայաստանը պետություն է, երաշխավորն է Արցախի ժողովրդի անվտանգության, և այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու ուղղությամբ: Այսօր խոսել այդ անվտանգության գոտու հանձնման վիճակի մասին այն պայմաններում, երբ պատկերացնում ենք, որ եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ։ Այնպես որ, միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը թող իմանան, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում։ Եվ այն ձևաչափը, որը տարիներ շարունակ քննարկվել է Մինսկի խմբի կողմից՝ տարածքներ՝ անորոշ կագավիճակի դիմաց, դա այլևս չի կարող աշխատել, որովհետև հակառակորդը ցույց տվեց՝ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության։ Եվ խոսել հին տրամաբանությամբ, որի շուրջ նախկինում տարիներ շաունակ բանակցվել է, այսօր այդ բանակցային ֆորմատը ճիշտ է, բայց բանակցությունն այդ տրամաբանությամբ շարունակելը նույնն է, որ վերադառնանք նույն 90-ականների կարգավիճակին՝ արդեն ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու առումով»:

