«Այսօր ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները , հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել.«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային հաջողություններ ունենալ: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում տարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստարաբաժանումների ուղղությամբ: Օրվա ընթացքում դուք տեսաք ապացույցները Ադրբեջանի վայրագությունների, որոնց հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքում, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանը և այլ շինություններին: Դրանց մասին առանձին նշվել է Արցախի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Այս կապակցությամբ մենք հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը: Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ և նախորդիվ նշված գյուղերի դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ բնույթ: Այդ մասով առանձին զարգացումներ նշել չեմ կարողՊԲ-ն բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի դադարեցման մասով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ, սակայն այդ պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են, իրենք այդ պայմանավորվածությունները մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը արցախահայերին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը: Ինչպես նշել եմ` մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկումը, դինամիկան, դրանք օջախային են, բայց շարունակական են: Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ` օդուժ»:

