Արցախյան պատերազմի 30-րդ օրը թերեւս մենք պետք է սահմանից լսեինք խաղաղության հաստատման մասին լուրեր՝ հաշվի առնելով կեսգիշերին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, սակայն հերթական անգամ հրադադար չեղավ։ Մեկ ամիս տեւող եւ շարունակվող պատերազմի ժամանակ արդեն երրորդ անգամ է հրադադարի հայտարարություն լինում, սակայն արդեն երրորդ անգամ թշնամին խախտում է այն։
Առաջին անգամ հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքում։ Հրադադարը հաստատվում էր մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:
Երկրորդ անգամ հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց։ Այս որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին
Երրորդը երեկ էր, Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնեցին հետևել կրակի դադարեցման ռեժիմին, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին:
Արդեն երրորդ անգամ Ադրբեջանը խախտում է հրադադարը՝ ապտակ հասցնելով քաղաքակիրթ աշխարհին, գերտերությունների առաջնորդներին։ Ադրբեջանի «արկածախնդիր համարձակության» հովանավորը եղբայրական Թուրքիան է։ Էրդողանը արդեն որերորդ անգամ ապացուցեց, որ ինքը թքած ունի բոլոր կոչերի, հորդորների, համաձայնությունների վրա։ Հետեւաբար՝ գուցե երեք ձախողված փորձից հետո հակամարտության կարգավորման, խաղաղության հաստատման գործում իրենց անգերազանցելի համարող երկրների առաջնորդները դադարեն կոչեր անել, սին համաձայնությունների մասին հայտարարել։ Եթե ձեր եղբայր Թուրքիան, ի դեմս «հուսալի գործընկեր» Էրդողանի, չի հասկանում բանակցությունների լեզուն, հրադադարի համաձայնությունը, գուցե արդեն ժամանակն է պատժամիջոցներ կիրառել՝ տնտեսականից մինչեւ քաղաքական, ռազմական եւ իրավական։
Մի՞թե Թուրքիան այնքան հզոր եւ անպարտելի է, այնպիսի անծայրածիր ռեսուրսներ ունի, որ որեւէ երկիր չի կարողանում դեմը առնել։
Եթե այդպես է, ուրեմն թող քաղաքակիրթ աշխարհը հայտարարի, որ իրենք անզոր են Էրդողանի դեմ, ո՞վ կարող է իրեն թույլ տալ Ֆրանսիայի նախագահին հոգեբույժի մոտ ուղարկել։ Եթե աշխարհը արդեն վաղուց Էրդողանինն է, գուցե այդ մասին ծանուցենք, սկսենք համակերպվել բոլորս, կեցության ուղիներ փնտրել։ Թե գլուխը հողի մեջ մտցրած ջայլամի քաղաքականություն վարող երկրները հույս ունեն, որ Էրդողանի արյունոտ ձեռքը իրենց չի հասնի, քաղաքակրթության արշալույսը ոճրագործներինն է։ Ժամանակի ընթացքում, իհարկե, այդ հույսերը ի դերեւ կելնեն, բայց քանի-քանի պետություն, ժողովուրդ, ընտանիք կանցնի այս ողբերգության միջոցով։ Այդ ժամանակ արդեն Նոբելյան խաղաղության մրցանակին հավակնող առաջնորդները թող հիշեն, թե ինչ պատերազմներ եղան իրենց քթի տակ, ինչքան մարդիկ զոհվեցին եւ ինչպես փորձեցին դադարեցնել կրակը։
Վաղուց արդեն ժամանակն է ստորադասել նեղ, անձնական շահերը եւ առաջնորդվել համամարդկային արժեքներով։ Եթե քաղաքակիրթ աշխարհը համախմբվի եւ մեկ մարդու պես դադարեցնի Ադրբեջանին, Թուրքիային զենք վաճառել, խզի տնտեսական կապերը, սառեցնի դիվանագիտական հարաբերությունները։ Գուցե այսպես հնարավոր կլինի գրված եւ չգրված բոլոր օրենքները, սկզբունքները խախտող թշնամու ձեռքը բռնել։
Աշխարհը պետք է համախմբվի ոչ թե հանուն Արցախի եւ Հայաստանի, այլ հանուն խաղաղության եւ ռազմական հանցագործությունների կանխման։

