Թուրքիայի զսպումը միջազգային օրակարգի կարևոր հարցերից մեկն է դառնում, քանի որ Թուրքիան իր դեստրուկտիվ քաղաքականությունը տարածում է բոլոր ուղղություններով, այդ իմաստով մենք տենում ենք, որ երևէ երկրիր չունի այն լծակները, որոնք թույլ կտան միայնակ զսպել Թուրքիային։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նրա դիտարկմամբ, այդպիսին կարող է լինել միայն ԱՄՆ-ն, բայց մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն միշտ գործում է կոալիցիայով։ «Ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, համընկնում են նաև ԵՄ շահերը, համընկնում են նաև արաբական առաջատար երկրների շահերը, մասնավորապես Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի , այստեղ համընկնում է նաև Իրանի շահերը, էլ չեմ խոսում Հունաստանի և Կիպրոսի մասին, որոնք նույնպես կենսական վտանգի առաջ են։ Կարծում եմ, այս երկրները նախևառաջ, պետք է պարալիզացնեն թուրքական տնտեսությունը դրա համար ուղղակի ԵՄ-ն պետք է համապատասխան պատժամիջոցներ սահմանի և դա անի արաբական երկրների հետ համատեղ»։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի կողմից չափազանց բարձր զգուշավորությունը Թուրքիայի հետ հարաբերություններում՝ կապված է նրա հետ, որ ՌԴ-ն ամեն կերպ ցանկանում է՝ խուսափել Թուրքիայի հետ անմիջական առճակատումից, սակայն այլ բան է, որ ՌԴ-ն էլ շահագրգռված է, որ Թուրքիան ավելի կանխատեսելի դառնա և ոչ խնդրահարույց։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները կանխելու առումով ամենառեալ գործիքակազմն ունի Ռուսաստանը։
Նա ընդգծեց, որ թեև Ռուսաստանը Թուրքիայի հետ կարևոր տնտեսական գործընկերներ են և, բնական է, որ ՌԴ-ն իր տնտեսական շահերը առաջնային է պահելու և կարևորելու է, բայց միաժամանակ ՌԴ-ն ունի իր ռազմական ու քաղաքական շահերը տարածաշրջանում և այդ շահերը շատ հաճախ հակադիր են Թուրքիայի շահերին ու համահունչ են Հայաստանի շահերին։
«Քաղաքականությունը շատ դաժան երևույթ է և այնտեղ դոմինանտ են հաշվարկները, այս պարագայում ռուսական և հայկական շահերը համահունչ են։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանը նաև մեր ռազմավարական դաշնակիցն է, ի տարբերություն այլ պետությունների, որոնք հիմա զբաղված են մեզ ոգևորող հայտարարություններ անելով և ոչ մի այլ քայլով, կարծում եմ, շատ փակագծեր պետք չէ բացել, բայց երևի թե շահերի համար պարզ է, որ եթե կա սատարում, ապա այդ սատարումը որտեղից է կարելի ակնկալել»։

