Թշնամին հերթական անգամ կոպտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
22:20 - Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, այլ փախնում են. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչև ծայրամաս հարավ:Հյուսիսային ուղղությամբ որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային մարտերին»,-ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում նաև Ավետարանոց գյուղի անտառներում եղել են դիվերսիոն խմբեր. «Այդ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն մղվում, աշխատում են փախնել տարածքից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի ստորաբաժանումները:Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և արևմուտք Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»:
21:45 - Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում. քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան։
Արցախի ԱԻՊԾ
17:55 - Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Ինչպես հայտնում է wargonzo թելեգրամ-ալիքը, ռազմական լրագրող Քրիստինա Մելնիկովան այդ լրագրողների թվում է: Մելնիկովան իրավիճակը մեկնաբանել է wargonzo-ին տված բացառիկ հարցազրույցում. «Մենք գնացինք Ավետարանոց գյուղ (նախկին Չանախչի)՝ խաղաղ բնակիչների հետ շփվելու համար: Վերջերս այնտեղ հրթիռներ են ընկել եւ որքան գիտեմ, խաղաղ բնակիչների թվում եղել են նաեւ վիրավորներ: Սակայն պարզվեց, որ գյուղում անհանգիստ է: Աշխարհազորի ներկայացուցիչները, որին ճանապարհին հանդիպեցինք, հայտնեցին, որ գյուղի տարածքում նկատվում է ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեություն, որ նրանք անտառում շատ մոտ են մեզ, որ սպասվում է հրետանային հարձակում: Լրագրողներին խնդրել են թաքնվել, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է: Նրանք գնաց հարձակումը հետ մղելու, իսկ ուղեկցորդները դուրս բերեցին լրագրողներին, քանի որ ըստ նրանց ռիսկը լուրջ էր», - ասաց Քրիստինան Մելնիկովան:
17:45 - Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:
Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»:
14:58 - ՊԲ-ն հրապարակել է նահատակված 11 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ.
Պետրոսյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Արտյոմ Սպարտակի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Լևոնի, ծնվ. 1985թ.
Սայադյան Գարիկ Մերուժանի, ծնվ. 1984թ.
Թովմասյան Համլետ Ջանիբեկի, ծնվ. 1980թ.
Մխիթարյան Լեռնիկ Լևիկի, ծնվ. 1972թ.
Սարգսյան Սուրեն Բենիկի, ծնվ. 1985թ.
Մայիլյան Արսեն Արթուրի, ծնվ. 1982թ.
Մանուկյան Դավիթ Մանվելի, ծնվ. 1987թ.
Թոփչյան Արման Լևիկի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Եգանյան Հրայր Արմենի, ծնվ. 1990թ
10:30 - Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
09:40 - Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկա:

