ԱՄՆ-ում առաջիկայում լուրջ ընտրություններ են, ընտրություններն այդ երկրում կազդեն ողջ աշխարհի զարգացումների վրա, բայց, այնուամենայնիվ, և Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներից շատերը շատ ակտիվ աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Ավելին, Զոհրաբ Մնացականյանի այցի ընթացքում Դոնալդ Թրամփի արձագանքը հայերի մասին բավական դրական էր, նույնքան լուրջ էր նաև Մայք Պոմպեոյի հայտարարությունը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ ընդգծելով, որ չնակած դիվանագիտական ձևակերպումներին՝ ամերիկացիների հայտարարություններում շատ հստակ էին, որ երրորդ պետությունները չպետք է մխրճվեն կոնֆլիկտի մեջ։ «Կարծում եմ, սա լուրջ զսպող մեխանիզմ է Թուրքիայի համար։ Այս համատեքստում ես, օրինակ, որոշակի փոփոխություն եմ նկատում Ալիևի հայտարարություններում։ Մասնավորապես, այն հայտարարությունը, որտեղ նա նշում էր, որ ինքը պատրաստ է գնալու Մոսկվա։ Կարծում եմ, ակնհայտ էր, որ առկա է որոշակի փոփոխություն հռետորաբանության մեջ։ Մասնավորապես, փոխված էր տոնը, մինչ այդ՝ նա նշում էր, որ մենք պետք է ներողություն խնդրենք, ընդունենք կապիտուլիացիա, նոր կհանդիպենք, բայց այս անգամ Ալիևն էր խնդրում, որ իր առջև պահանջներ չդնեն, որ չպահանջենք, որ իրենք ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը։ Հետևապես, այո, Ադրբեջանի տոնը փոխված է, ու այո, հիմա Ալիևն է պահանջում, որ նախապայմաններ չդնենք, մինչև այդ մենք էինք պահանջում, մերոնք տարակուսած էին, երբ նա ներողություն էր պահանջում Նիկոլ Փաշինյանից, հետևաբար, այո, ակնհայտ փոփոխություն կա հռետորաբանությունում»։
Նա ընդգծեց, որ հայկական զորքերը իրոք հուժկու հակահարված են տալիս ու ֆիքսվում են այդ հարվածները։ «Հետևաբար, կարծում եմ, որ այս իրավիճակում Ալիևը փակուղում է։ Շատերը մտածում են, թե Ալիևը կանգ չի առնում, քանի որ հույս ունի ինչ-որ բան գրավելու, ոչ, ինքը այդքան էլ հույս չունի լուրջ բան գրավելու, եթե դա անելու լիներ՝ այս մեկ ամսում կաներ, ինքը չգիտի, թե ինչպես կանգնեցնի այդ պատերազմը, քանի որ այդ դիակները, որ հազարներով գցված են դաշտերում ու ձորերում՝ ադրբեջանցի ծնողներին պետք է վերադարձնի։ Իրենք հիմա չեն փոխանցում այդ մարմինները ծնողներին, իսկ հիմա պատկերացրեք, որ միանգամից 6-7 հազար դիակ փոխանցես
քաղաքացիներին, պատկերացրեք՝ ինչ պայթյուն կլինի։ Ասելիքս այն է, որ շատ բան է փոխվել։ Պարզվել է, որ զինատեսակները, որ ինքը ստանում է՝ մերոնք գտնում են դրանց հակազդելու հնարավորությունը, այն վտանգները, որոնք գալիս էին ԱԹՍ-ներից գրեթե վերացված են, այն վտանգները, որ կային դիվերսիոն խմբերից՝ գրեթե զրոյացված են, իրենք կիրառել են տարբեր մեթոդներ, սա կոչվում է հիբրիդային պատերազմ, ու մերոնք կարողանում են գտնել դեղատոմսեր։ Ուզում եմ ասել, որ գուցե Ալիևը ուզում է կանգնել, բայց եթե կանգնի ու այդ դիակները հանձնի ծնողներին՝ պայթյուն կլինի ներսում։ Մյուս կողմից՝ այսպես ավելի ծանր վիճակի մեջ է ընկնում, դրան զուգահեռ, նոր զինատեսակներ է ստանում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ մերոնք հուժկու հակահարվածներ են տալիս, ու նա բավական ծանր վիճակում է հայտնվել»։

