Երեկվանից նորից ներքաղաքական քննարկումների թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն են։ Այս անգամ ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբում կարեւոր գնահատականներ է հնչեցրել, տեղեկություններ հայտնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից, պատերազմից, բանակցություններից։
Ոմանք ոգեւորված են Պուտինի հայտարարություններից՝ դրանք գնահատելով հայամետ, ոմանք՝ հիասթափված։
Իսկ իրականում Պուտինի հայտարարությունների մասին խոսելիս էմոցիաները վատ ուղեկից են, պետք է այդ հայտարարությունները դիտարկել կոնտեքստում, ոչ թե դրանից դուրս՝ընդհանուր զարգացումների եւ հայտարարությունների ֆոնին։ Ընդ որում՝ եթե անգամ մի քանի հայամետ պնդում կա, դա դեռ չի նշանակում, որ ելույթը ծայրից ծայր հայամետ է կամ հակառակը։
Նախեւառաջ, պետք է հաշվի առնել, որ ինչքան էլ Պուտինը սիրի հայ ժողովրդին, լինի մեր երկրի ռազմավարական դաշնակիցը, նա գերտերության ղեկավար է, ով ունի իր շահերը, հետեւաբար՝ իր երկրից եւ իր շահերից շատ ոչ մեկին չի սիրի։ Չի կարող Ռուսաստանը մեզ աջակցել մեր «գեղեցիկ աչքերի» համար, նման պատրանքներ չպետք է անգամ ունենալ։ Ավելին՝ Ռուսաստանը Հայաստանի եւ Արցախի պատճառով իր համար խնդիրներ չի ստեղծի, թշնամիներ ձեռք չի բերի, հարաբերություններ չի վատացնի, ինչը եւս բնական է։
Այլ հարց է, որ շատ դեպքերում մեր շահերը համընկնում է, իսկ այս տարածաշրջանում դիմակայելու, Արցախը, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանելու համար մենք այլ աջակից չունենք։ Մնացածը քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներն են, ովքեր կարող են միայն մտահոգվել, խորը մտահոգվել, անհանգստանալ, դատապարտել, ոչ ավելին։
Հետեւաբար՝ այսքանով թերեւս քննարկումներից հանվի հարցը՝ պետք է մեզ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, թե ոչ։ Բոլոր նրանք, ովքեր մինչեւ այժմ Ռուսաստանի դեմ զանազան ակցիաներ են արել, կարող են իրենց առաջարկները ներկայացնել՝ ում դիմել օգնության համար, ով է պատրաստ դատապարտելուց բացի այլ բան անել։ Ընդ որում՝ավելի լավ է սույն անձինք շարունակեն իրենց հակառուսական գիծը՝ գոնե արդարացնելով ֆինանսավորողների սպասումները, քան սկսեն ռուսերենով ստատուսներ գրել եւ օրհնել «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»։
Ամեն դեպքում, ՌԴ նախագահի մի քանի հայտարարություններ կարեւոր են։
1․ Արցախի հարցը տարածքների հարց չէ, այլ նաև այնտեղ ապրող էթնոսի հարց, որի հանդեպ հանցագործություններ են գործվել, ինչը նշանակում է կա այդ էթնոսի անվտանգության հարց։ Սա կարեւոր հայտարարություն է ՌԴ նախագահի կողմից, որով ամրագրվում է, որ Արցախում ապրող էթնոսի անվտանգությունը հարցականի տակ է։ Հետեւաբար՝ թշնամու պնդումները, թե մենք կարող ենք իրար հետ՝ կողք կողքի ապրել, ինչպես այլ երկրներում,սին են։
2․ Ստատուս քվոն պետք է փոխվի, տարիներ շարունակ ասել ենք դա կողմերին, առաջարկվել է լուծել Ադրբեջանի «կորցրած» տարածքների վերադարձման ու էթնոսի անվտանգության հարցերը, տարբեր պահերի թվում էր, թե կողմերը համաձայնել են «տարածքների հանձնում-էթնոսի անվտանգության ապահովում» բանաձևին։ Սրանից կարելի է եզրակացնել, որ խոսքը խաղաղապահների միջոցով անվտանգության ապահովման մասին է։
Ի դեպ, ուշագրավ է, որ դեռեւս սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ»: Իսկ երեկ արդեն վարչապետը հայտարարեց, որ «մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում»: Թե ինչ է փոխվել այս ընթացքում վարչապետի դիրքորոշման մեջ՝ հայտնի չէ։ Ի դեպ, խաղաղապահների տեղակայմանը միանշանակ վերաբերմունք չկա, բազմիցս փորձագիտական շրջանակները ահազանգել են, որ խաղաղապհենրի տեղակայումը երբեք չի լուծել խնդիրը, այլ նոր խնդիրների է հանգեցրել։ Խաղաղապահների տեղակայումը անընդունելի է նաեւ սահմանին կռվողների համար, թե «մեր տղաները զոհվեն հանուն Արցախի, որ հետո ռուս խաղաղապահները գան»։
3․ Եթե 30 տարում այս հարցերը չեն լուծվել, ապա դա չի նշանակում, թե պետք է սկսել կրակել։ Սա, իհարկե, վերաբերում է Ադրբեջանին, լավ կլիներ Պուտինը շեշտեր այդ հանգամանքը։
4․ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Արցախյան հարցում, «այսպիսի վիճահարույց հարցերը պետք է լուծվեն ոչ թե ուժի, ոչ զենքի, այլ դիվանագիտական ձևով բանակցությունների սեղանի շուրջ»։ Սա կարեւոր հայտարարություն է, ցույց է տալիս, որ ինչքան էլ համագործակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, միեւնույն է, այս հարցում ջրերը մի առվով չեն հոսում։
5․ Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբով՝ ԱՄՆ, Ֆրանսիայի հետ կկարողանան համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար։ Այս հայտարարությունը նշանակում է, որ պատերազմը ոչ այսօր կդադարի, ոչ վաղը, որեւէ բան չի փոխվել, մեզ առաջարկվողը տարբերակն էլ հին լուծումն է՝
տարածքներ էթնոսի անվտանգության դիմաց։
Հնչել են նաեւ հայտարարություններ, որից ոգեւորվել են մեր թշնամիները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին «կոմպլիմենտներն» էին։
1. Դուք ասում եք, որ Ռուսաստանը միշտ հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց մենք միշտ ունեցել ենք հատուկ հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ: Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար հավասարազոր գործընկերներ են։
2. Ադրբեջանի տարածքի զգալի հատվածը կորսվել է, դա նույնպես չի կարող երկար շարունակվել։
3. Թուրքիայի և Ռուսաստանի փոխհամագործակցությունը շատ կարևոր է: Էրդողանը ճկուն մարդ է, նրա հետ ընդհանուր լեզու կարելի է գտնել։ Թե ինչպես է Էրդողանը վերաբերում Օսմանյան ժառանգությանը, իրեն հարցրեք: Ես գիտեմ, որ նախագահ Էրդողանն անկախ և ինքնուրույուն արտաքին քաղաքականություն է վարում, չի ենթարկվում որևէ ճնշման: Ասում է, որ կիրականացնի, իրականացնում է: Որոշեց, որ ռուսական արտադրության ամենալավն ժամանակից զենքը կգնի մեզնից, ասաց ու արեց: էրդողանի հետ համագործակցությունը ոչ միայն հաճելի է, այլև՝ հուսալի։
Փաստորեն՝ Պուտինին հաջողվել է այնպես անդրադառնալ հարցին, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր համար շահեկան կետեր։ Նա որեւէ հարցի վերաբերյալ կատեգորիկ չի արտահայտվել, փորձել է ոչ մեկին չնեղացնել։
ՌԴ նախագահի երեկվա հայտարարությունների մեջ բացի դիվանագիտական ձեւակերպումներից, նաեւ կարեւոր տեղեկություններ կային։ Խոսքը վերաբերում է պատերազմի ժամանակ զոհերի թվին, որ կողմերից յուրաքանչյուրը ունի ավելի 2000 զոհ, ընդհանուր զոհերի թիվը 5000 է։ Հայաստանում արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել է 927 զոհի անունը, թշնամին իր զոհերի տվյալները չի հրապարակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մենք ահռելի մեծ կորուստներ ունենք։ Դրանից հետո միայն կարելի է ենթադրել, թե ինչ թվի մասին է խոսքը, սակայն հուսալ, որ ենթադրությունը իրականություն չի դառնա։
Երեկվա Պուտինի հայտարարությունը, որը հիմնված է իրենց տվյալների վրա, սառը ցնցուղ էր։ Այս առումով ամենեւին էլ մխիթարություն չէ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն և հրոսական խմբերը ունեն մի քանի անգամ ավել զոհ մեր զոհերից։ Մեզ համար թանկ է ամեն հայորդու կյանքը, այլեւս չենք ուզում հերոսներ ունենալ, ուզում ենք խաղաղություն եւ մեր թանկ հայորդիների արյամբ ազատագրված, պահած, փայփայած մեր հայրենիքը։ Մեր այս երազանքի իրականացման համար ամենեւին էական չէ՝ բանակցությունները որ կետից կսկսեն, ինչ կանեն...հայ մարտիկը իր գործը փառահեղ է անում, բանակցեք նրա բազկի ուժին համապատասխան, բանակցեք այնպես, որ խաղաղություն լինի եւ մեր հայրենիքը մեզնից չխլեն։ ժողովուրդը իր գործը անում է, մնացածը իշխանությունների անելիքն է։

