«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից շարունակվել են բոլոր ուղղություններով, այդ թվում այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հարձակողական, որոնք հետ են մղվել մեր զինված ուժերի կողմից` հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Կիրառվել է ավիացիա` հիմնականում ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել:Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց օրվա ընթացքում, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի: Հիմնականում եղել են առանց զրահատեխնիկայի խմբեր»,-ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտեր շարունակվել են, հատկապես ուղղությունը թեքվել է դեպի հարավ, Արաքսի մոտ. «Մի քանի օջախային առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են, որևէ խմբավորում որևէ սմ առաջ չի եկել, հետ են մղվել` կրելով զգալի կորուստներ: Օդուժ որպես այդպիսին շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին հաղորդագրություն արդեն եղել է: Մարտերը շարունակվում են, դրանք այդքան թեժ չեն, ինչպես նախորդ օրերին, կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով գրոհող , դիվերսիոն խմբեր»:

