Առաջին անգամ պատմության մեջ աննախադեպ հանդիպում է եղել։ Երբեմնի քաղաքական հակառակորդները, միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը, մեղադրանքները հնչեցրած անձինք հանդիպել են։
Այո, երբ սահմանին պատերազմ է եւ որոշվում է մեր ազատության, անկախության, ապրել-մեռնելու հարցը, կարող են եւ պետք է հանդիպեն Հայաստանի նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։
Այս հանդիպումը վաղուց էր հասունացել, գուցե շատ դեպքեր այլ զարգացումներ ունենային, եթե նախկին եւ ներկա ղեկավարները միմյանց ոչնչացնելու չափ չատեին։
Պատերազմի հենց առաջին օրից հանրության առողջ հատվածի մոտ պահանջ կար՝ տեսնել թիկունքը ապահով, տեսնել իշխանությանը լսող, բանակցող, քննարկող։ Պատահական չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նախկինների մասնակցությամբ տեղի ունեցած ԱԽՔ-ի նիստը այնքան սրտեր գերեց: Թե ինչ արդյունքներ են լինում այս հանդիպումներից՝ հայտնի չէ, բայց հաստատապես դրանից վնասներ չկան։ Ամեն մեկը իր խորհրդով, իր փորձով, իր գիտելիքներով կարող է օգնել հայրենիքին։ Հետեւաբար՝ այս ֆոնին անընդունելի են հակառակորդներ, թշնամիներ, դավադրություններ որոնողները։ Ներքաղաքական ամբողջ օրակարգը պետք է ի սպաս դնել պատերազմի, հակառակն անելն առնվազն թշնամու ջրաղացին ջուր լցնել է։
Մինչ նախկին, ներկա ղեկավարները անցած-գնացածը մի կողմ են դնում եւ հանդիպում, քննարկում, նրանց համակիրներից շատերը դեռ նախապատերազմյան սեւ, սպիտակ, յուրային օտար, հայրենասեր, թշնամի բաժանման «տակ են մնացել»։
Ասվածի վկայությունը այն հիվանդագին արձագանքներն են 14 կուսակցությունների հայտարարությանն ի պատասխան։ Իհարկե, կարելի էր հակադարձել այդ հայտարարությանը, ներկայացնել առաջարկվող հրատապ կարգով ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմնի ձևավորման իրավական եւ քաղաքական հետեւանքները, բայց ոչ երբեք հայտարարել, թե «ստվերային իշխանություն են ուզում ձեւավորել, հաղթանակից փայ են ուզում, պետք է արտահանձնել նրանց, նրանք հայ կոչվելու իրավունք չունեն, որ այդքան չթալանեին, այսօր ավելի քիչ զոհ կունենայինք»։
Անգամ իմաստ չունի արձագանքել այս քննադատություններին եւ նման տեսակետներ հնչեցնողներին բերել փաստարկների դաշտ, թե «որ թալանել էին, դատեիք, հետ վերադարձնեիք, ամոթ չէ այս իրավիճակում խոսել ստվերային իշխանության ձեւավորման եւ հաղթանակից փայ ուզելու մասին»։
Այնպես որ գոնե կարելի է օրինակ վերցնել երկրի նախկին ղեկավարներից, զոհասեղանին հայրենիքն է, մյուս բոլոր անհամաձայնությունները, մանր հարցերը կարելի է դնել մի կողմ։ Պատմական այս հանդիպումը միասնականության լավագույն օրինակն ու դասն է այս օրերին, որը ցույց է տալիս,թե ինչ դժվարագույն իրավիճակի առաջ է մեր երկիրը։

