Ադրբեջանական կայքերի Հայաստանում հասանելիության հետ կապված խնդիր կարծես թե կար, բայց անհասկանելի է, թե ինչ խնդիր է, այսինքն ինչ որ օպերատորներից, ինչ որ ժամերի, ինչ որ մարդկանց մոտ չի բացվում։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ինձ մոտ այդ խնդիրը չկար այն ժամանակ, երբ ինչ որ մարդիկ ունեին, դրա համար ստուգել չեմ կարողացել, որովհետև խնդիրը կարող է լինել մեր կողմը, բայց շատ հաճախ լինում է այն կողմից, քանի որ հայաստանյան հաքերային թիմերը շատ ագրեսիվ հարձակումներ են պարբերաբար անում, այն կողմից հայկական ինչ որ IP հասցեների արգելափակումներ են անում։ Բայց տեսականորեն հնարավոր է, որ հայկական կողմից սկսվեն արգելափակումները, որովհետև ռազմական դրությունը առնվազն այդ լծակները տալիս է կառավարությանը»,- ասաց Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը նշեց, որ այսօր «Յուքոմ»-ի բաժանորդներն են ինչ որ խնդիր ունեցել, որը կարծես թե լուծվել է արդեն, բայց սովորաբար խնդիրը կարող է մի մասի մոտ լուծվել, մի մասի մոտ մնալ, բայց լուծման ուղու վրա է։
Անդրադառնալով Ադրբեջանում կայքերի հետ կապված հասանելիության խնդրին՝ Մարտիրոսյանը նշեց. «Իրենց մոտ գլոբալ առումով արգելափակված են սոցցանցերը, բայց վերջին երկու շաբաթը բնակչությունը ներբեռնում է VPN-ներ, որոնցով շրջափակումն հաղթահարում են և այսօր շատ շատերի համար այդ շրջափակումը չի աշխատում»։

