Երեկ Արցախ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում (Իշխանաձորի հատվածում) շարունակվել են ծանր մարտերը։ Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»:
Իշխանաձորի հատվածում ծանր մարտերի շարունակվելու մասին լուրը լայն քննարկումների առիթ դարձավ։
Անդրադառնալով թեմային՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնապես ասվել է, որ ազերիները հասել են Իշխանաձորի մոտ: Սա նշանակում է, որ նրանք պատերազմի ավելի քան երեք շաբաթների ընթացքում գրավել են Ջեբրայիլի շրջանը՝ 1.050 քառակուսի կիլոմետր տարածք: Իսկ Իշխանաձորը նախկին Ղուբաթլուի շրջանի սկիզբն է Հակարի գետի ներքին հոսանքում: Կարող եք բացել քարտեզը և տեսնել»։
Այս գրառումից հետո Հակոբյանը դարձավ քննադատությունների թիրախ՝ նրան մեղադրելով խուճապ, ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Դրանից հետո ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձավ նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հարգարժան ֆեյսբուքահանրությունը հարձակվել է լրագրող Թաթուլ Հակոբյանի վրա, որովհետև ընդամենը համարձակվել է պաշտոնական (!) հաղորդագրության մեջ նշված տեղանունը դնել քարտեզի վրա...
Ըստ այդ մարդկանց՝ 1+1 պարզագույն մաթեմատիկական գործողության արդյունքն այսուհետ ռազմական գաղտնիք է։
#աբսուրդիԿրկես
Հ.Գ. Այս գրառման քոմենթներում իրար վիրավորելու իմաստը ո՞րն ա։ Ի՞նչ է դա փոխելու քարտեզի, է՛լ չասեմ՝ գետնի վրա։ Լրջացե՛ք»։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Թաթուլ Հակոբյանի և Կարեն Վրթանեսյանի հետ։ Սակայն Հակոբյանը նշեց, որ չի կարող խոսել, իսկ Վրթանեսյանը նշեց, որ այն ինչ ցանկանում էր ասել, ֆեյսբուքյան իր էջում գրել է, ավելացնելու ոչինչ չունի։
Որտեղ է գտնվում Իշխանաձորը
Իշխանաձոր գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 62 կմ հարավ-արևելք՝ Հակարի գետի ափին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 211 մարդ է։ Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Հեռավորությունը Հայաստանից
Հայաստանի Հանրապետության սահմանից Իշխանաձորը հեռու է 8կմ, իսկ Կապանից 25կմ։
Աշխարհագրական դիրքը
Այն գտնվում է ձորում՝ երկու կողմից լեռներով շրջափակված։ Սահմանակից է Գետամեջ, Հայկազյան, Մխանց, Քաշունք, Քարոտան, Հալե բնակավայրերին։

