Պատերազմի ժամանակ հանրությանը փոխանցվող տեղեկատվության կառավարումը առանձին մասնագիտություն է եւ պահանջում է պրոֆեսիոնալ որակներ, հատուկ գիտելիքներ, արագ կողմնորոշվելու եւ գործելու հմտություն, շրջահայացություն, ճկունություն։ Այս օրերին ամեն մեկս մեր չափով, մեր հնարավորությունների շրջանակներում փորձում ենք առնվազն չվնասել պատկան մարմիններին, եթե հնարավոր է՝ միայն օգնել։ Որոշ դեպքերում, իհարկե, համագործակցությունը ստացվում է, որոշ դեպքերում՝ ձախողվում։
Ձախողվելու պատճառները մի քանիսն են՝ սկսած լրագրողների, լրատվամիջոցների շտապողականություն, չիմացություն, վերջացրած պատկան մարմինների անփույթ աշխատանք, ուշացած պարզաբանումներ, սկզբունքների ընտրովի կիրառում։
Պատերազմական իրավիճակում բարդ է թե լրատվամիջոցների, թե նրանց հետ աշխատող ծառայությունների, աշխատակիցների գործը։ Մի կողմից՝ տեղեկատվության խելամիտ սահմանափակումը անհրաժեշտ է, մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ 21-րդ դարում որքան էլ մեծ ջանքեր գործադրես տեղեկատվությունը սահմանափակելու համար, միեւնույն է, քաղաքացիները մի հնար կգտնեն տեղեկություններ ստանալու՝ ճիշտ, կեղծ, չափազանցված։
Այսօր, օրինակ, տեղեկություններ կան, որ թուրքական եւ արդբեջանական կայքերը ՀՀ տարածքում արգելափակել են։ Շատերը որոշումը համարում են ճիշտ եւ ուշացած, մինչդեռ տեխնոլոգիաներին տիրապետող այլ քաղաքացիներ զանազան հնարներ են փնտրում արգելված կայքեր մտնելու թեկուզ զուտ հետաքրքրության համար։
Սա գլոբալ առումով խնդիրներից մեկն է, որ այս օրերին բախվում են պատկան մարմինները։ Քիչ չեն նաեւ ներքին կյանքում տեղեկատվության տրամադրման առումով առկա խնդիրները։ Սկսենք երեկվանից, երբ Սյունիքի համայնքապետերը ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու մասին հայտարարություն-կոչերով էին հանդես եկել՝ նշելով, որ պետք է պաշտպանենք Սյունիքը։ Ուշ գիշերը տարածված հայտարարությունը սառը ցնցուղի պես էր, նման հայտարարությամբ հանդես եկան ոչ միայն Քաջարանի եւ Մեղրիի համայնքապետարանները, այլեւ այսօր արդեն Սյունիքի մարզպետը։
Քաղաքացիների մոտ բնական հարց է առաջանում՝ ինչ վտանգ է սպառնում Սյունիքին, ինչ է կատարվել, ինչ է պետք անել։ Սոցցանցերում գրառումները տարածողները, լրատվամիջոցներն էլ երկընտրանքի առաջ են՝ վերահրապարակել դրանք՝ նպաստելով ավելի տարածելուն եւ մոբիլիզացիայի, թե դա միայն կհանգեցնի խուճապի։
Եւ մինչ սոցցանցում Քաջարանի եւ Մեղրիի համայնքապետերին ռազմական դրության կանոնները խախտելու համար դատելու մասին գրառումներ էին արվում, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ ամեն ինչ կարգին է, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը։
Ընդունենք, որ եթե համայնքապետարանները իրենց էջում նման տոնայնությամբ հայտարարություն չտարածեին, չէր լինի երեկվա աղմուկը։ Հետեւաբար՝ հետայսու պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ կան տարածքներ, որտեղ լայն թափով զորահավաքի անհրաժեշտություն կա, ապա այդ մասին ճիշտ կլինի հայտարարություն տարածի նախ ՊՆ-ն, իսկ շեշտադրումները լինեն կարճ, կոնկրետ, առանց էմոցիաների։
Տեղեկատվության կառավարման հաջորդ «կիքսը» եղավ Սյունիքի մարզում նախօրեին հայտարարված օդային տագնապի ժամանակ։ Նախ, ֆեյսբուքը ողողվեց այսահարող մեսիջներով, թե Կապանում ինչ է կատարվում, ապա պարզվեց, որ Սյունիքի տարբեր քաղաքների բնակիչները հաղորդագրություն էին ստացել օդային տագնապի մասին։ Ավելի ուշ պարզվել էր, որ տագնապը միայն Կապանում է հայտարարված։ Սակայն դա միակ խնդիրը չէր, ԱԻՆ-ը նշել էր, որ օդային տագնապը ուսումնական է, իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ ԱԹՍ-ներ են ոչնչացվել։
Սա ընդամենը վերջին երկու օրերի աչք զարնող խնդիրներից էին, սակայն այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել մանր-մունր անճշտությունների, արգելված տեղեկությունների հաղորդման։ Օրինակ՝ ՊՆ-ն քանիցս կոչ է արել չնկարահանել Արցախ մեկնող մեքենաները, իսկ օրերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրել էր Արցախ իրեր, սնունդ տեղափոխող մեքենաների շարասյունը։ Ինչ պատասխանատվության կարժանան լրագրողը եւ լրատվամիջոցը, եթե նման լուսանկար հրապարակեր՝ սկսած հանրային պարսավանքից, սոցցանցային հայհոյանքներից, վերջացրած պատկան մարմիններ։
Երկրորդ՝ լրատվամիջոցներին արգելված է այցելել հիվանդանոցներ եւ նկարահանումներ անել, անգամ եթե միայն բժիշկների են նկարում, սակայն օրերս ԿԳՄՍՆախարար Արայիկ Հարությունյանը այցելել էր հիվանդանոց, հաղորդագրություն եւ լուսանկարներ տարածել։
Երրորդ՝ լրատվամիջոցներին անընդհատ կոչ են անում չանդրադառնալ Արցախից Հայաստան ընտանիքների տեղափոխմանը, սոցցանցերում հրապարակային իրականացվող գործընթացը չլուսաբանել։ Սակայն առանձին պաշտոնյաներ, գործիչներ, լրատվամիջոցներ այցելում են Հայաստանում տեղավորված ընտանիքների, օրինակ՝ վարչապետի կինը այցելել էր Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին։ Ի սկզբանե նշենք, որ այս հարցում որեւէ խնդիր մենք չենք տեսնում անվտանգության առումով, բնական է, որ պատերազմի ժամանակ Արցախցի կանանց, երեխաներին ժամանակավորապես հյուրընկալել են Հայաստանի տարբեր շրջաններում, գործընթացը սոցցանցերում կազմակերպվում է հրապարակային, ինչու պետք է այն չլուսաբանվի։ Բայց մինչ պատկան մարմինները մեզ հրահանգում են չլուսաբանել Արցախցի ընտանիքների հյուրընկալումը, պաշտոնյաները այցելում են նրանց, ՀՕՖ-ն էլ հայտարարություն տարածում, որ մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Հայաստան տեղափոխված Արցախի` շուրջ 7000 բնակիչներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ նման թվային տվյալ հրապարակեր որեւէ լրագրող։
Եւ չորրորդ խումբ խնդիները, որոնց մասով եւս համարժեք մոտեցում չկա, վերաբերում է լրատվամիջոցների՝ նահատակված հերոսների հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները լուսաբանելուն (տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը), որն արգելված է։ Մինչդեռ «Կյանքի խոսքը» զոհված Ռազմիկ Բարսեղյանի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել է իր հավաքման վայրում, 2 ժամից ավելի տեսանկարահանել է արարողությունը եւ տեղադրել իրենց ալիքում։ Հետաքրքիր է՝ որեւէ պատասխանատվության արժանացե՞լ են նրանք, թե ոչ։
Իհարկե, հնարավոր է, որ այս պահին պատկան մարմիները մանրումիջին թվացող այս հարցերին անդրադառնալու ժամանակ եւ ռեսուրս չունեն։ Սակայն գոնե այսուհետ կարելի է նման խնդիրները հաշվի առնել, որդեգրած սկզբունքները, արգելքները կիրառել բոլորի դեպքում համահավասար։ Ռազմական դրության կանոնների պահպանումը բոլորի համար է, արտոնյալներ չպետք է լինեն, խախտում կատարողներն էլ պետք է տուգանվեն։

