Արցախյան պատերազմի 20-րդ օրն ենք բոլորում, քաղաքակիրթ աշխարհը անզոր է կանգնեցնելու օդային եւ հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնող թշնամուն։ Այս օրերին Ադրբեջանը, Թուրքիայի միջնորդությամբ եւ ակտիվ աջակցությամբ, պատերազմում է՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, օգտագործելով վարձկան ահաբեկիչների, կիրառելով միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներ։
Գրեթե մեկ ամիս ձգվող այս գործողություններին ականատես է ամբողջ աշխարհը։ Եւ արդեն իսկ կարող ենք առանձնացնել մեզ բարեկամ երկրները, երկրներ, որոնց համար մարդու իրավունքները գերակա են նավթից, իսկ ահաբեկչությունը՝ անընդունելի։ Տեսանք նաեւ երկրներ, որոնց համար սեփական շահը ամեն ինչից վեր է, սակայն ժամանակի ընթացքում ահաբեկչության ուխտը կչոքի նաեւ նրանց դռանը։ Այդ ժամանակ հուսով ենք՝ Ադրբեջանին եւ Թուրքիայի «եղբայրները» չեն նեղվի, երբ քաղաքակիրթ աշխարհը բավարարվի միայն ցավակցելով, կոչեր անելով, անընդունելի համարելով։
Երկրների վարքը մի կողմ դրած՝ այս օրերին խիստ անընդունելի են նաեւ միջազգային կառույցների կիսատ-պռատ արձագանքները։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՄԱԿ-ին եւ Յունիսեֆին։ Օրեր շարունակ թշնամին թիրախավորում է Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները, կենսական ենթակառուցվածքները, պատմամշակութային կոթողները՝ պատճառելով ահռելի վնասներ, ավերածություններ։
Արցախում թշնամու գործողություններից արդեն 34 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք, երեխաներ, 100-ից ավելի վիրավորներ կան, զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Հայաստանում։ Սակայն մեր երկրում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցցանցային պարսավանքից հետո միայն անդրադարձան Գեղարքունիքի մարզում ծանր վիրավորում ստացած 14-ամյա տղայի դեպքին, ոչ մի խոսք Արցախում զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին։
Իհարկե, պատճառաբանությունը մեկն է՝ կառույցները ունեն կանոններ, Արցախի դեպքերը եղել են չճանաչված տարածքի վրա, սակայն բոլոր տեսակ կանոններից վեր են սկզբունքները, արժեքները, իսկ գերագույն արժեքը մարդու կյանքն է։
Փաստորեն ստացվում է, որ միջազգային կառույցները կարող են պայքարել զանազան եղած-չեղած, չափազանցված կամ կիսաիրական երեւույթների դեմ, բայց չեն կարող դատապարտել քթի տակ իրականացվող ոճրագործությունը։ Հարց է առաջանում՝ սա՞ է նրանց դավանած հումանիզմը, այսպե՞ս են պաշտպանում մարդու իրավունքները, ավելի լավ չէ՞ այգեգործությամբ զբաղվեն։
Ստացվում է, որ, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալիզացիայի, հարմարավետ միջավայրի համար կառույցները կարող են միլիոնավոր դոլարներ վատնել, ակցիաներ անել՝ պայքարելու հավասար հնարավորությունների համար, բայց 0 արձագանք, երբ Հադրութում ահաբեկիչները սպանում են մորը եւ նրա հաշմանդամ որդուն։
Իսկական հումանիստը եւ քաղաքակրթության նախահայրը հենց մենք ենք, որ թշնամու՝ մեր գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքի տեսանյութերից հետո վիրահատում ենք ադրբեջանցի գերուն՝ փրկելով նրա կյանքը։ Դեռ հայտնի էլ չէ՝ այս մարդասիրական քայլը որեւէ տեղ կանցնի, կկարողանան նրան փոխարինել գոնե մեկ հայ զինծառայողի հետ, թե ոչ։
Բայց մեր բժիշկները, հիպոկրատի երդմանը հավատարիմ, բժշկել են թշնամու զինվորին, այն թշնամու, որը հրետակոծում է հիվանդանոցը։
Այսքանից հետո մեզ ոչինչ չի մնում անել, քան մնալ քաղաքակիրթ, հումանիստ, լինել օրինակ «քաղաքակիրթ» աշխարհի առաջամարտիկների համար։
Ի դեպ, եթե միջազգային հանրությունը, «քաղաքակիրթ» երկրները եւ իրավապաշտպան կառույցները տեսողության, լսողության հետ խնդիր ունեն, մենք որեւէ ձեւ կաշկանդված չենք նրանց դռները բախելու, զանազան ակցիաներ անելու։ Այս առումով երիցս ընդունելի եւ գովելի են թե օնլայն տիրույթում զանազան արշավները, թե օֆլայն տիրույթում նրանց աշխատանքը կազմաքանդելը։ Եվրոպայի կենտրոնական փողոցներում զանազան խցանումներ առաջացնելը, շենքերը շրջափակելը, պիկետներ անցկացնելը նվազագույն անհանգստությունն ու խոչընդոտներն են, որ կարող են պատճառել նրանց պատերազմող երկրի ժողովուրդը։

