Պատերազմի 18-րդ օրն ենք ապրում, ակնհայտ է, որ թշնամու ագրեսիան եւ ահաբեկչական գործողությունները չեն սահմանափակվում միայն սահմանով, այն էլ՝ արցախաադրբեջանական սահմանով։ Ինչպես ասում են՝ Ադրբեջանի ախորժակը պատերազմելիս բացվել է, թիկունքում ունենալով Թուրքիայի նման հենարան եւ աջակից՝ բացեիբաց սադրանքների է գնում՝ ակնարկներ անելով նաեւ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններ անելու մասով։
Պատերազմի 18-րդ օրը նշանավորվեց Արցախի նախագահի, Հայաստանի վարչապետի ուղերձներով, ինչպես նաեւ Ռուսաստանի ԱԳնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցով։
Արցախի նախագահի տեսաուղերձի հիմնական մեսիջը մեկն էր՝ «շնորհակալ ենք նյութական աջակցության համար, սակայն մեզ նաեւ ֆիզիկական աջակցություն է պետք»։ Հայտարարությունը թերեւս պայմանավորված այն ծանր եւ թեժ մարտերով, օրհասական վիճակով, որոնց մասին պարբերաբար հայտնում են ՀՀ եւ ԱՀ ՊՆ-ները։
Ռուսաստանի ԱԳՆախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները մնում են բանակցային սեղանին՝ դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ։ Լավրովը նշել է նաեւ, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում, ինչպես նաեւ խաղաղապահների տեղակայում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մի շարք մեսիջներ կային։ Նախ, ակնհայտ է, որ վիճակը իսկապես ծանր է, պատահական չեն համեմատությունները Սարդարապատի հետ։ Վարչապետը հայտնեց, որ ունենք ահռելի մեծ թվով զոհեր, մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Սա կարեւոր է հանրության հետ թափանցիկ աշխատելու, ժողովրդից ոչինչ չթաքցնելու առումով։ Վարչապետը ցավակցեց զոհվածների հարազատներին, խոնարհվեց նրանց հիշատակի առաջ։ Իհարկե, սա սփոփանք չէ որդեկորույս մայրերի համար, սակայն մարդկային առումով ողջունելի է։ Կարեւորագույն մեսիջը, սակայն, կապված էր մեր անելիքների հետ, ինչպես այսօր բոլորն են հարցնում՝ ինչ է լինելու, ինչպես է ավարտվելու եւ երբ։ Այս հարցի պատասխանը վարչապետն էլ չունի, ամեն ինչ կախված է մեր զինվորից, նա է կանխորոշելու պատերազմի ելքը եւ մեր հայրենիքի ապագան։ Փաշինյանը շատ ուղիղ մերժեց ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովի առաջ քաշած թեզը՝ հայտարարելով, որ մեզ համար անընդունելի է «տարածքներ խաղաղության դիմաց» ձևակերպումը, մենք պայքարելու՛ ենք մինչև վերջ և այդ վերջի անունն է՝ ազատ եւ անկախ ԱՐՑԱ՛Խ։
Եւ ուրեմն այսօր տեղի ունեցած իրադարձություններից եւ հայտարարություններից արձագանքները հակասական են, սպասելիքները՝ մեծ, հիասթափությունները՝ շատ։ Կարող ենք արձանագրել, որ չնայած վիճակը ծանր է, մեր եւ թշնամու ուժերը՝ անհամաչափ, քանի որ թշնամու թիկունքում Թուրքիան է՝ իր ժամանակակից զինտեխնիկայով, սակայն մեզ ուրիշ ելք չի մնում, քան պայքարել եւ հաղթել։
Իհարկե, բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում, սակայն մեծ հարց է՝ այն, ինչ առաջարկվում է մեզ՝ արդյոք կհանգեցնի խաղաղության։
Մի կողմից՝ անընդունելի է նստել բանակցային սեղանին մի փաստաթղթի շուրջ, որը քանիցս մերժել է Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը՝ շատ լավ պատկերացնելով դրա հետեւանքները, հնարավոր ռիսկերը։ Այժմ ժամանակը չէ քննարկելու նաեւ, թե երբ, ինչպես է այս փաստաթուղթը հայտնվել սեղանին, ում մեղքով։ Մյուս կողմից էլ՝ թշնամին քանիցս ապացուցեց, որ ինքը հուսալի բանակցող չէ, պայմանավորվածություններ հարգող չէ, քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտներին թիրախավորող եւ պատմական կոթողները ոչնչացնողի հետ բարդ է քաղաքակիրթ լեզվով խոսել, քննարկել։ Ադրբեջանը չի հարգում ոչ մի պայմանավորվածություն, չի ենթարկվում որեւէ կոչ, հորդորի, նրան կարելի է պարտադրել զինադադար միմիայն հաղթանակով։ Այս առումով հասկանալի է իշխանության մերոժական վերաբերմունքը բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին։
Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հանրության պահանջն է՝ օր առաջ խաղաղության հաստատում, ամեն կորուստ, այո, բաց, արյունահոսող վերք է՝ բոլորիս սրտում, եւ եթե միեւնույն է, պետք է լինի բանակցություն, ապա դա պետք է լինի օր առաջ։
Իշխանությունը շատ լավ հասկանում եւ հաշվարկում է պատերազմի եւ խաղաղության գինը, սակայն կարեւոր է՝ ինչ կարգավիճակով կնստենք բանակցության սեղանին։ Հաղթողի կարգավիճակով բանակցելիս մենք կարող ենք պայմաններ թելադրել, իսկ պարտվողի դերում կլինենք միայն լսող, ենթարկվող։
Թերեւս սա է պատճառը, որ մենք պարտավոր ենք հաղթել եւ մեկընդմիշտ լուծել Արցախյան հիմնախնդիրը այսօր՝ ոչ թե բանակցողի դերում, այլ հաղթանակը իրավաքաղաքական առումով պարտադրողի, արձանագրողի։ Այս պարագայում մենք զերծ կմնանք նաեւ երրորդ կողմերից, ովքեր փորձում են իրենց տարատեսակ շահերը առաջ տանել։
Այնպես որ, ինչքան էլ ընդունելի լինեն քաղաքացիների դիտարկումները, քննադատությունները, ամեն դեպքում՝ յուրաքանչյուրս պետք է մտածենք՝ ինչպես կվարվեինք մենք, ինչ կարող է անել իշխանությունը, որ չի անում։ Արդյոք իշխանություն լինելու պարագայում մեզնից յուրաքանչյուրը կստանձներ պատասխանատվություն նման բանակցային փաստաթղթի տակ ստորագրելու եւ արյամբ ձեռքբերած շրջանները հանձնելու՝ հավիտյանս հավիտենից պատմության մեջ մնալով որպես «հող հանձնող»։ Իրավիճակը բարդ է, լուծումները՝ ոչ միանշանակ։ Խաղաղությունը եւ մարդկային կյանքը ամենաթանկն է, հանուն այդ ամենի կարելի է նստել բանակցային սեղանին եւ գնալ զիջումների՝ բայց միաժամանակ առաջադրելով նաեւ սեփական պայմանները։
Զորօրինակ, դիվանագիտական շրջանակներում կարող է քննարկվել տարբերակ, որ բանակցային սեղանին նստելով եւ կարեւորելով խաղաղությունը՝ մենք պետք է պատրաստակամություն հայտնենք զիջումների գնալ, եթե Արցախի անկախությունը ճանաչվի Մինսկի խմբի երկրների կողմից, առաջնահերթ՝ Ռուսաստանի, Արցախը մնա Հայաստան, միեւնույն ժամանակ, իբրեւ ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանը պարտավորվի պատասխանատվություն ստանձնել նաեւ Արցախի անկախության, սահմանների անվտանգության համար։ Այսինքն՝ ինչպես այսօր են հայտարարում, որ ՀՀ-ի անվտանգության սպառնալիքի դեպքում կկատարեն ռազմավարական դաշնակցի իրենց դերը, նույնը լինի նաեւ Արցախի դեպքում։ Եթե պետք է գնալ զիջումների՝ հանուն խաղաղության եւ փրկության, ապա գոնե կարելի է փորձել հասնել առավելագույնին բանակցությունների ժամանակ եւ մեկընդմիշտ լուծել Արցախյան հարցը։

