Սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական սահմանին լարված իրավիճակ սկսվեց: Մարտերը սահմանին շարունակվում են արդեն 18 օր: Առաջին իսկ օրվանից Հայաստանում կամավորական խմբերը թիկունքում մեծ աշխատանք են կատարում, հավաքագրելով հագուստ, սնունդ, դեղորայք և այլ իրեր՝ սահմանի զինվորների համար: ArmDaily.am-ն ահազանգել էր, որ մի շարք տնտեսավարողներ այս պահանջվածության ֆոնին սկսել են թանկ վաճառել, օրինակ՝ զինվորական հագուստ, դեղորայք և այլն։
Այս անգամ էլ քաղաքացիներն ահազանգում են, որ այս օրերին, երբ հայկական կողմը մարտի դաշտում մեծ թվով զոհեր է տալիս, բարձրացել են ծաղիկների գները։
Քաղաքացիները պնդում են՝ կտրուկ բարձրացել են ծաղկեպսակների գները։ Եթե առաջ մեկ ծաղկեպսակի արժեքը կազմում էր 20-30 հազար , ապա հիմա այն կարող ենք ձեռք բերել 40-50 հազար դրամով։
Մի քանի ծաղկավաճառներ ArmDaily.am-ի հետ զրույցում նշեցին, որ ծաղիկներն իրենք արդեն թանկ գնում են մեծածախ վաճառքի կետերից, շուկաներից, ինչի հետևանքով իրենք էլ ստիպված ավելի թանկ են վաճառում։ Մի շարք վաճառողներ էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն մի քանի օր է ինչ շուկայից ծաղիկներ չեն գնում, այլ վաճառում են իրենց աճեցրածը, սակայն դրանք էլ քիչ քանակով են, ու հիմա վաճառում են այն, ինչ մնացել է իրենց մոտ.«Շուկայում մի քանի անգամ ավելի բարձր գնով են վաճառում, ինչն ուղղակի անընդունելի է։ Մենք էլ ստիպված արդեն մի 2 օր է, ինչ շուկա չենք գնում։ Թանկ մենք առնենք, հետո ավելի թանկ չենք կարողանալու վաճառենք այդ ծաղիկները»։
Նշենք, որ խնդրի մասին ճտեղյակ է նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ով տնտեսվարողներին հորդորել է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումից.«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում:
Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ -ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից»։

