Ռազմական դրության կանոնների խախտման համար լրատվական գործունեություն իրականացնողների եւ չիրականացնողների շրջանում արդեն իսկ առաջին տուգանվողները կան։ Ոստիկանությունը այս մասին հաղորդագրություն է տարածել, սակայն չի նշել, թե ովքեր են տուգանվել, ինչի համար։ Դա, իհարկե, մի կողմից հասկանալի է՝ չեն ցանկանում ավելի հանրայնացնել եւ տարածել նման գրառումները, նյութերը, սակայն մյուս կողմից էլ՝ շատերի համար այդպես էլ պարզ չէ, թե հատկապես ինչն է խախտում, ինչից պետք է ձեռնպահ մնալ։
Մինչ ոստիկանությունը անողոք պայքար է մղում արգելված հրապարակումներ անողների դեմ, իշխանության ներկայացուցիչները աջուձախ խնդրահարույց գրառումներ են անում, որոնք եթե աներ շարքային քաղաքացի կամ լրագրող, անպատիժ չէր մնա։
Ինչու են անթույլատրելի մի շարք իշխանական պատգամավորների, նախարարների տարածած նամակագրության սքրինները, որտեղ գովասանքի խոսքեր կան վարչապետի որդու՝ ռազմաճակատ մեկնած Աշոտ Փաշինյանի հասցեին։
Աշոտ Փաշինյանի կամավորագրվելը շատ քննարկվեց եւ քննադատվեց, հատկապես սուր էին ընդունվում Ստեփանակերտից արված սելֆիները մոր հետ։ Բնական է, որ պետք է հարց առաջանար՝ ինչու է Աշոտը վարչապետի տիկնոջ հետ լուսանկարներ հրապարակում, եթե օրեր առաջ անգամ լուսաբանվեց նրա՝ սահման մեկնելը։
Այժմ իշխանական քարոզչամեքենան լծված է վարչապետի որդու սահման մեկնելու հետ կապված բոլոր կասկածները ցրելու եւ նրան հերոսացնելու գործին։
Սակայն տարածված նամակագրությունը անթույլատրելի է մի քանի պատճառով։
Նախ, հարգելի պատգամավորներ, դրանք տարածելը արգելվում է, քանի որ կոնկրետ նշվում է տեղանք, ապա՝ հիվանդանոց, որտեղ իքս վնասվածքներով վիրավորներ են եկել։
Երրորդ՝ նկարագրվում է մարտական գործողություն եւ նշվում, թե «սաղ փախան, միայն Աշոտը մնաց», «Աշոտը խնդրում էր հրամանատարին չլքենք դիրքը, չնայած գիտակցում էինք, որ այլընտրանք չկա»։
Այս գրառումները անթույլատրելի են նախեւառաջ այն պատճառով, որ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, բացարձակ անթույլատրելի է հանրության լայն շերտերին, այդ թվում՝ թշնամուն, հայտնել, թե որտեղ է կռվում վարչապետի որդին, ինչ իրավիճակ է եղել այնտեղ։
Երկրորդ՝ այս ամենը անթույլատրելի է, քանի որ պատերազմի ժամանակ, սահմանին կանգնողները բոլորը հավասար են, չի կարելի վարչապետի որդուն հերոսացնել՝ մյուս զինծառայողներին նսեմացնելու հաշվին։
Սահմանին կանգնած տղաները հերոսներ են՝ կլինեն Աշոտ, Արամ, թե Գագիկ։ Նրանցից մեկնումեկի գործած սխրանքը ներկայացնելիս պետք է ոչ թե շեշտել, որ մյուսները փախան, միայն ինքը մնաց, այլ կոնկրետ նշել, թե ինչ հերոսական քայլ է կատարել՝ բնականաբար առանց ռազմական գաղտնիք պարունակող տվյալների։ Պաշտոնյաների կամ նրանց զավակների դեպքում ճիշտ կլինի նման «քարոզչական» տեքստեր հրապարակեն ոչ թե յուրայինները, այլ անհայտ դիտորդները, կողմնակի աչքերը։
Այլապես պատգամավորների եւ նախարարների էջով տարածվող հայտնի նամակի «սքրինշոթը» քծնելու մրցավազքի տպավորություն է թողնում, թե ով ինչպես կգովերգի վարչապետին կամ նրա ընտանիքին պատերազմի ժամանակ։
Գովերգելու, գնահատելու ժամանակը գալու է, բայց միայն պատերազմի հաղթական ավարտից հետո, իսկ գնահատողները կլինեն հասարակ քաղաքացիները, ոչ թե թիմակիցները։
Այնպես որ, իշխանության ներկայացուցիչները պետք է բժիշկների եւ լրագրողների նման առաջնորդվեն «Մի վնասիր» սկզբունքով, այս պարագայում լռությամբ ավելի կօգնեն վարչապետին, քան նման պարզունակ ֆլեշմոբերով։ Իսկ Աշոտի կամավորագրվելը, ծառայության ժամանակ գործած, գործելիք սխրանքները, վստահաբար, կգնահատվեն ըստ արժանվույն եւ ժամանակին շարքային ծառայակիցների, քաղաքացիների կողմից։

