Պատերազմը դեռ չավարտված Հայաստանում եւ Արցախում սկսվել է դավաճանների որսը։ Վարչապետի երեկվա հայտարարությունը, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, դիրքերը պահելը իմաստ չունի»» արդեն միս ու արյուն է ստանում։ ԱԱԾ-ն արդեն հաղորդագրություն է տարածել, լրատվամիջոցներն էլ իրենց հերթին արդեն «դավաճանների գործ» տերմինն են շրջանառում, հայտնում են, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել է Լեւոն Երանոսյանը, դավաճաններն այս կամ այն գործչի հետ են հանդիպել, այս կամ այն նախկին, ներկա պաշտոնյայի հետ կապեր ունեն։
Ամենեւին էլ կասկածի տակ չդնելով թե վարչապետի հայտարարությունը, թե ԱԱԾ հաղորդագրությունը՝ պետք է նկատել, որ նման պարտվողական տրամադրություններ, կեղծ, խուճապ տարածող բամբասանքներ եւ դավաճանական այլ դրսեւորումներ միշտ էլ եղել են։ Թե 90-ականների պատերազմական տարներին, թե ապրիլյանի ժամանակ, թե այժմ։ Պատճառներն, իհարկե, տարբեր են, հնարավոր է՝ ոմանք ինչ-որ անմաքուր քաղաքական շահեր են հետապնդում, սպասարկում, հնարավոր է պարզապես «բիսեդկայի» մակարդակի զրույցներ են արել՝ արտահայտելով իրենց հիասթափությունը, հուսահատությունը եւ այլն։ Բայց վստահաբար, հաշվի առնելով մեր բանակի տոկունությունը, հաջողությունները եւ կենաց մահու պայքարը՝ կարող ենք արձանագրել, որ բոլոր նման պարտվողական տրամադրություններ տարածողները ձախողված են եւ դատապարտված։ Բայց միաժամանակ, այս օրերին մեկ-երկու նման անհաջող պատմությունները օրակարգ բերելը, դրանք հանրայնացնելը եւ համընդհանուր դավաճանական ցանցի բացահայտման իմիտացիա ստեղծելն արդյոք ինքնին խուճապային տրամադրություններ չի ծնում, արդյոք օգնում է սահմանում հաղթանակներին եւ թիկունքի ամրությանը։
Այս օրերին արձանագրեցինք, որ մեր հաղթանակի համար անհրաժեշտ է ներքաղաքական օրակարգի, հակասությունների սառեցում եւ բացառիկ համերաշխության մթնոլորտ։ Այժմ, սակայն, այս մթնոլորտի խարխլման սաղմեր են նկատվում ինչ-որ մշուշոտ մեղադրանքների եւ հիպոթետիկ ինչ-որ «դավաճանների» փնտրտուքի ֆոնին։
«Մանրումիջին» մի երկու խավարամիտի սահման հասնելը, այնտեղ տարատեսակ չճշտված լուրեր տարածելը կամ նույնիսկ պարտվողական լուրերի շուրջ խոհանոցային բամբասանքը չի կարելի այդքան ֆետիշացնել եւ ֆոն ստեղծել, թե «հատուկ նման մարդիկ կան, ովքեր համատարած զբաղվում են պարտվողական տրամադրություններ տարածելով»։ Նման մարդկանց պետք էր չեզոքացնել, խիստ պատժել, իսկ այդ մասին հայտարարությունը թող անեին արդեն իրավապահները, ինչպես արել են լրտեսության, դավաճանության մեջ այս մի քանի օրը կասկածվողների դեպքում։ Երկրի բարձրագույն ղեկավարության կողմից նման օրակարգ առաջ քաշելը հանրության որոշ շրջանակների մոտ կասկածներ կարող է առաջացնել վհուկների որս սկսելու կամ քավության նոխազների փնտրտուքի։ Բայց չէ՞ որ մենք հաղթելու ենք, մենք հավատում ենք դրան, եւ այդ հաղթանակի ճանապարհին մեր հանրության միասնությունը ամենակարեւոր պայմաններից է։ Այս դեպքում ավելի գրագետ չէ արդյոք նման հնարավոր դեպքերը հանրայնացնել իրավապահ մարմինների շուրթերով, այլ ոչ երկրի քաղաքական ղեկավարության, դրանով իսկ ավելի մեծ հնչեղություն եւ կարեւորություն հաղորդելով այդ ամոթալի փաստին։ Բանակն ու քաղաքական իշխանություններն անձնազոհ աշխատանք են անում այս օրերին, թե Հայաստանում, թե Արցախում։ Հայրենական այս սրբազան պատերազմի օրերին էլ ի փառս մեր ժողովրդի, ձեւավորվել է բացառիկ միասնության եւ համերաշխության մթնոլորտ։ Մենք այս ռեսուրսով հաղթելու ենք անպայման։ Սակայն քաղաքական միավորներ հավաքելու կամ քաղաքական հակառակորդների համար փոս փորելու գայթակղությունը չպետք է մեզ հաղթի։ Մեզ այսօր օդ ու ջրի պես ներքին միասնություն է անհրաժեշտ։

