Ի դեպ. Արցախի անկախության միջազգային ճանաչման հնարավորության մասին
Ի դեպԻ դեպ, Ադրբեջանի կողմից սանձազեծված պատերազմը առաջին պլան է մղել Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Արցախի միջազգային ճանաչման մասին նախկինում էլ խոսվել է, ավելին, սկսած 2012թ-ից այդ ուղղությամբ որոշ փոքր արդյունքներ արձանագրվել են այլ երկրների նահանգային ու քաղաքային մարմինների հայտարարությունների տեսքով, սակայն այս ուղղությամբ նպատակային ջանքեր առանձնապես չեն գործադրել այն պարզ պատճառով, որ ընթանում են բանակցություններ եւ հարցը պետք է լուծվի բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Թուրքիայի հետ եւ ահաբեկիչների ներգրավմամբ, կարծես նպաստեց, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը առաջին պլան մղվի՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինի տրամաբանության համատեքստում։ Այն, որ հարցի քննարկումը իրավիճակի համարժեքության համատեքստում է, կարծես թե ակնհայտ է եւ այն, ինչ գրեթե անհնար էր թվում երեկ, շատ հնարավոր ու նույնիսկ հավանական է թվում այսօր, երբ այլեւս դժվար չէ աշխարհին բացատրել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը ամենաարդյունավետ միջոցն է Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:
Հիշեցնեմ, Արցախի անկախությունը ճանաչելու կոչով այս օրերին հանդես եկան ԼՂՀ ԱԺ-ը, ԱԳՆ-ն, իսկ Հայաստանի վարչապետը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պետք է վճռական քայլ անի՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Դրանից հետո արդեն տարբեր հայտարարություններում եւ հանդիպումների մասին հաղորդագրություններում սկսեցին հայտնվել ձեւակերպումներ, որոնք ուղիղ կամ անուղղակի վկայում են խնդրի ակտուալությունը։ Որպես օրինակ բերենք Հայաստանի եւ Ավստրիայի վարչապետների հեռախոսազրույցը, որի հաղորդագրության մեջ մի ուշագրավ տող կա՝ «կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ»։
Նշենք Ժնեւի քաղաքային խորհրդի որոշումը, որտեղ ասվում է, թե «խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»: Օրինակներ էլի կան։Սպասենք հետագա զարգացումներին, իսկ դրական ընթացք ու արդյունքներ ունենալու հարցում իր խոսքը պիտի ասի հայկական դիվանագիտությունը, ինչու ոչ, նաեւ դրսի հայկական կազմակերպությունները։Հաղթելու ենք։