Պատերազմի 11-րդ օրն է արդեն, բոլորի նյարդերը լարված են, սակայն չպետք է թույլ տալ, որ թշնամանքի, ատելության, հակասությունների որդը գլուխ բարձրացնի։
Ինչքան էլ դժվար է, ամեն մեկն իր հերթին պետք է փորձի զսպել էմոցիաները, հույզերը, ապրումները, հիասթափությունները, պատերազմը լավագույն ժամանակը չէ դրանք արտահայտելու համար, այն կարող է ջլատել մեր ուժերը եւ շեղել կարեւորագույն գործից։
Անթույլատրելի է այս օրերին որոշ շրջանակների կողմից ներքին համերաշխությունը եւ կայունությունը սասանելը, այժմ մենք ավելի միասնական եւ վճռական ենք, քան երբեւէ եւ դա կարեւորագույն պայման է հաղթանակի համար։
Վերջին օրերին սոցցանցերում եւ հասարակական, քաղաքական օրակարգում անընդունելի դրսեւորումներ են նկատելի, որոնք պատիվ չեն բերում մեզ՝ թիկունքում գտնվողներին։
Սկսենք մեզնից՝ լրագրողներից։
Եթե հայտարարված է, որ ռազմական դրություն է, սահմանափակված է լրատվության հաղորդումը, ապա դա պետք է վերաբերի բոլորին։ Անընդունելի է արտոնյալ եւ սիրելի լրատվամիջոցներին թույլատրել նկարահանումներ կատարել ինչ-ինչ վայրերում, զրուցել իքս մարդկանց հետ, մյուսների դեպքում՝ արգելել։ Ռազմական դրության արգելքները բոլորի համար են՝ լրատվամիջոցների, լրագրողների, ակտիվիստների, պաշտոնյաների։
Եթե չի թույլատրվում հրապարակել տվյալներ, լուսանկարներ՝ ելնելով անվտանգությունից, ուրեմն՝ դա չպետք է անի ոչ մեկ։
Ուստի՝ մի զարմացեք եւ սվիններով մի ընդունեք, երբ մարդիկ հարցնում, քննարկում են, թե ինչու է վարչապետը իր լայվում հավաքակայանի վայր ասում, զինծառայողների թիվ հրապարակում եւ այլ անթույլատրելի տվյալներ։
Եթե չի թույլատրվում Արցախից այլ գրառումներ կատարել՝ պաշտոնականից դուրս, ապա դա վերաբերում է նաեւ իշխանության գործընկեր ընդդիմադիր գործչին՝ Էդմոն Մարուքյանին։ Ինչպե՞ս կարող է պատգամավորը այդքան կոչերից հետո մարտական տեխնիկայի շարժը տարածել իր էջում։
Եթե սահմանափակվում է խոսքի ազատությունը, եթե այսօր շատերը շատ բան մտածում են, բայց չեն արտահայտվում՝ ներքին թշնամանքի մթնոլորտ չստեղծելու համար, դա պետք է վերաբերի նաեւ իշխանության սիրելի ակտիվիստ, ամեն ինչի մասնագետ Դանիել Իոաննիսյանին։ Հայտնի չէ, թե ինչպես եւ ինչ կարգավիճակով է սահմանադրություն փոխելու, ռազմավարություն մշակելու կարեւորագույն գործից Իոաննիսյանը կտրվել եւ մեկնել Արցախ ու այնտեղից գրառումներ է անում դիրքերի գրավման մասին, հետո էլ թե բա «որեւէ գաղտնիք չեմ հայտնել, միայն նշել եմ, որ մեր զինվորների տրամադրությունը բարձր է»։ Բայց Իոաննիսյանն այսքանով չի սահմանափակվում, դեռ մի հատ էլ հայտարարում է, թե ով իր գրածը ծանր է տարել, այսինքն՝ ասել է, որ չի կարելի նման գրառում կատարել, խորը թիկունքում նստած սպասում է պարտությունների, որ իշխանությունների դեմ խոսելու տեղ ունենա։ Այսքանով Իոաննիսյանը իր առաքելությունը չի ավարտում, այսօր նոր գրառում է կատարում Արցախից՝ նշելով, թե «ինչ անել այն մարդկանց հետ, ովքեր հյուրանոցի նկուղում վախից իրար գրկելու արանքում պարտվողական տրամադրություններ են տարածում, սպասում են վատ լուրերի, որ շուխուռ հանեն, Հայաստանի իշխանություններին քննադատելու իրենց նեղ շահերը սպասարկեն»։ Իսկապես, Իոաննիսյանը «ճիշտ» ժամանակն ու վայրն է գտել իշխանության ընդդիմախոսներին չեզոքացնելու համար։
Պատկերացրեք՝ Իոաննիսյանի գրածների կեսը գրեր ընդդիմադրի, սեւի համբավ ունեցող լրատվամիջոց եւ քննադատության սլաքները ուղղեր իշխանական գործիչներին, նրան իսկույնեւեթ կդարձնեին ազգի դավաճան, ով խաթարում է մեր միասնականությունը։ Ասվածի ճշմարտացիությունը ցույց տալու համար բավական է հիշենք, թե ինչ արձագանքի արժանացավ իշխանության աչքի փուշ դարձած TV5-ը, որը ընդամենը վերահեռարձակել էր ֆրանսիական հեռուստաընկերության ռեպորտաժը Ստեփանակերտից։
«Իմ քայլի» պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել եւ մեղադրել էր լրատվամիջոցին պանիկա տարածելու մեջ։ «5-րդ ալիք էս ի՞նչ եք անում. Իլյուշն ու հաքքին.ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում»,- գրել էր պատգամավորը։ Երբ արդեն ԱԺ-ում լրագրողը փորձել էր հասկանալ, թե ինչը դուր չի եկել պատգամավորին, թիմակցին աջակցելու էր եկել կամֆուլյաժ տաբատով պատգամավորուհին՝ Քրիստինե Պողոսյանը եւ սպառնացել, թե «թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձեւ ենք վարվելու»։
Իսկապես, թող այս ամեն ինչը պրծնի, հուսով ենք՝ պատերազմական իրավիճակում պատգամավորի վարքը իրավաքաղաքական գնահատականի կարժանա իշխանության, իրավապահ կառույցների, էթիկան քննող մարմինների եւ մասնագիտական հանրության կողմից։ Պատերազմից հետո կանդրադառնանք նաեւ հարցերին, թե այս օրերին որքանով էին համաչափ կիրառվում խոսքի ազատության սահմանափակումները, ովքեր էին շեղվում պաշտոնական տեղեկատվությունից, ով, ինչպես եւ որտեղից էր ատելություն, թշնամանք սերմանում, ինչպես էին օգնում պաշտոնյաները Արցախին, բացի կամուֆլյաժ հագնելուց, սելֆի անելուց, ստատուսներ գրելուց եւ ճռճռան ելույթներ ունենալուց։
Սակայն այս ամենի մեջ ամենավտանգավորը պատգամավորուհու արտահայտած միտքն էր, որն անուղղակի նշանակում է, թե «հիմա պատերազմ է, հումանիստ ենք, իսկ այ պատերազմի ավարտից հետո դատաստան կկազմակերպեն այս օրերին գործած մեղքերի համար»։
Սա վտանգավոր է, քանի որ ստացվում է՝ իշխանությունն անգամ այս պայմաններում պատերազմից դասեր չի քաղում, ներքին օրակարգը չի փոխում, շարունակում է առաջ շարժվել հին հաշիվներով, հակասություններով եւ թշնամանքով։ Իսկ եթե պատերազմի հաղթական ավարտից հետո մենք չկարողանանք փոխել մեր ներքին օրակարգը, ատելության, թշնամանքի մթնոլորտից չտեղափոխվենք ազգային համաձայնության օրակարգ, ուրեմն՝ մտնում ենք փակուղի, տղաների կյանքի գնով ձեռք բերած հաղթանակներին արժանի չենք, ամեն մեկս մեր ներսի թշնամուն չենք կարողանում հաղթել։

