Ի դեպ. Պատերազմի վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հրապարակային խոսքի եւ ուղերձների մասին
Ի դեպԻ դեպ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի 11-րդ օրը, թերեւս 1-ին անգամ, իր ծննդյան օրով, հրապարակային եւ անձամբ՝ ոչ մամլո խոսնակի միջոցով, խնդրին անդրադառնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը ողբերգություն է անվանել այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում։ Ողբերգություն, որի համար ցավում է։ Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս այս հակամարտությունը կդադարեցվի։
Մեջբերում եմ՝ «Բայց եթե այն վերջնական չլուծվի, ըստ երևույթին, այն դեռ հեռու է, ամեն դեպքում կոչ ենք անում դադարեցնել կրակը և դա պետք է հնարավորինս շուտ անել»։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անդրադառնում է նաեւ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններին։ Ճիշտ է, այս ընթացքում Ռուսաստանի նախագահը, իր խոսքով ասած, մշտական աշխատանքային շփման մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ կապված որևէ հարց չի ծագում,սակայն Հայաստանի հանրային շրջանակներում այդ հարցերը կան։ Շատերի համար Ռուսաստանի դաշնակցային վարքը պարզապես տարօրինակ է եղել։ Ռուսաստանի նախագահն այս առումով արձանագրում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի, միաժամանակ նկատում է, որ Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա Պուտինի խոսքով Ռուսաստանը դրանք մշտապես կատարել է, կատարում է և շարունակելու է կատարել:
Այսքանը Հայստանի մասով։ Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական կողմին հասցեագրված ուղերձներին, ապա Ռուսաստանը հասկացնել է տալիս, որ պատերազմի առաջին տասն օրերի չեզոքությունն ու հավասար, այսպես ասած «սոցիալական հեռավորությունը», բնավ էլ չեն նշանակում, որ Ռուսաստանն այսպես ասած «լվանում է ձեռքերը»։Պուտինի հրապարակային հայտարարությունները ինչ որ առումով կարելի է գնահատել որպես պատասխանատվության բարձրաձայնում եւ ըստ այդմ, առաջիկա օրերին պետք է ակնկալել ավելի ակտիվ միջամտություն, առնվազն կրակի դադարեցման հարցում։ Հարցն այն է, թե ինչ միջոցներ ու ռեսուրսներ կօգտագործի Ռուսաստանը։ Եթե մինչ այժմ այդ միջոցներն ու ռեսուրսներն առավելապես փափուկ դիվանագիտական էին, ապա ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի վերջին հայտարարությունն այն մասին, որ Կովկասի՝ միջազգային ահաբեկչության պլացդարմ դառնալու հեռանկարը չի կարող չանհանգստացնել իրենց, վկայում է, որ Կրեմլում արդեն լսելի է դառնում նաեւ ուժայինների ձայնը։ Իսկ այդ ձայնը կդառնա վճռական, երբ դիվանագիտական ջանքերը կհամարվեն սպառված։ Հաղթելու ենք։