Ի դեպ. Թուրքիային զսպելու ջանքերի եւ այդ երկրի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի 10-րդ գիշերը ռազմաճակատում պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր էջում գրել էր, որ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը,պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները:
Այն, որ գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, իհարկե լավ նորություն էր, ինչը շատերին հիմք տվեց եզրակացնել, որ միջազգային հանրության վերջին օրերի ակտիվությունը՝ Թուրքիային զսպելու հարցում, որոշակի արդյուքներ է գրանցել։ Վերջին օրերի ակտիվություն ասելով նկատի ունեմ ԱՄՆ-ՆԱՏՕ առանցքի նկատելի աշխուժացումը՝ պետքարտուղարի տեղակալի այցը Անկարա, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի այցը Անկարա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքաին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ առավել կոշտ հայտարարությունը եւ այլն եւ այսպես շարունակ:Եւ ուրեմն թվում էր, թե այս ամենն արդեն որոշակի արդյունք է տալիս՝ Թուրքիային զսպելու հարցում։Եւ ահա այս համապատկերում Բաքու է մեկնում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Չավուշօղլուն փորձելու է «շոշափել» Բաքվի տրամադրությունը կապված պատերազմական գործողությունների դադարեցման հետ, եւ դուրս գալ խաղից, սակայն պարզվեց՝ Անկարայի մտադրությունները բոլորովին այլ են։Թուրքիան մտադիր է շարունակել իր վտանգավոր խաղը Հարավային Կովկասում։
Բաքվում Չավուշօղլուն հայտարարել է, մեջբերում եմ. «Հիմա աշխարհը ասում է՝ հրադադար, հրադադար: Հրադադար լինի, որ ի՞նչ լինի, մինչև հիմա, որ եղել է, ի՞նչ արդյունք է տվել: Որ 30 տարի հրադադար էր, ինչ արդյունք է ձեռք բերվել՝ ոչ մի արդյունք»։ Հիշեցնեմ, այս այցից առաջ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել եւ կարեւորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, վերահաստատել էր կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, մեկ անգամ ևս ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և որ ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծման, վճռականորեն կասեցվելու է:
Այստեղ տեղին է մեջբերել Արցախի հանրապետության ԱԺ նախագահի խոսքը. «Պատերազմի, ինքնաթիռի, հրանոթի լեզվով են ուզում մեզ հետ խոսել, մենք էլ իրենց հետ այդ լեզվով կխոսենք, բայց եթե ցանկություն լինի վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին, պետք է վերականգնվի Բուդապեշտի ձևաչափը, որ բանակցություններին մասնակցում էին Արցախի իշխանությունները: Միայն մենք իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը, միայն արցախցիները՝ թիկունքում ունենալով ՀՀ և սփյուռք»։ Պինդ մնացեք, հաղթելու ենք։