Պատերազմի հաղթական ավարտից հետո, իսկ այդ օրը վստահաբար շատ մոտ է, մենք ահռելի անելիք ունենք։ Ժամանակի ընթացքում մենք կզգանք եւ այսօր էլ զգում ենք, թե ինչպես է պատերազմը փոխում մեր աշխարհընկալումը, ազդում մեր կյանքի, մտածողության, գործողությունների վրա, իսկ պատերազմից հետո գալու է կանգ առնելու եւ մեր ապրած, չապրածը վերաժեւորելու պահը։
Այս ամենը, իհարկե, նեղ, անձնական տիրույթում են եւ վերաբերում են յուրաքանչյուրիս որպես անհատ։
Սակայն, մենք լուրջ անելիք ունենք նաեւ իբրեւ պետություն, մեր սխալները ուղղելու, գործունեության ուղղությունները փոխելու, նոր ռազմավարություն մշակելու գործին մենք պետք է լծվենք հենց խաղաղ ժամանակ։ Այս բոլոր բացերը, ցավոք, դառնում են արյունոտ վերք, որի համար պատասխան ենք տալիս մեր զինվորների կյանքի գնով։
Մասնավորապես, այս օրերին ԱԱԾ-ն երկու ուշագրավ հաղորդագրություն հրապարակեց։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքին, մյուսը՝ լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացիների բերման ենթարկելուն։
Պատերազմի այս թեժ շրջանում այս լուրերը էմոցիոնալ դաշտում, անշուշտ, մեծ ազդեցություն ունեցան մեզ վրա, սակայն նաեւ մտորելու տեղիք են տալիս։
Արդյոք այս դեպքերը կբացահայտվեի՞ն ոչ պատերազմական իրավիճակում, թե պատերազմը ստիպեց մեզ ուշադիր լինել շուրջբոլորը։ Արդյոք մինչ պատերազմը՝ պայմանական խաղաղության ժամանակ ԱԱԾ-ն հետեւողական եւ գործուն պայքար է մղել արտաքին եւ ներքին լրտեսների դեմ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, քանի՞ դեպք է բացահայտվել։
Միթե մեր երկրում ընդամենը այս երկու դեպքերն են ազգային անվտանգությանը սպառնացող, վստահաբար՝ ոչ, շուրջբոլորը կլինեն ներքին եւ արտաքին լրտեսներ, որոնք դեռ բռնված չեն, սակայն այս ընթացքում ինչքան վնաս են հասցնում մեր երկրի անվտանգությանը։
Վստահաբար՝ եթե մեր ԱԱԾ-ն ավելի լավ աշխատեր, կարող էր ավելի շուտ բռնել դավաճանին էլ, լրտեսին էլ։ Հետեւաբար՝ այս դեպքերը գալիս են ապացուցելու, որ մենք խնդիր ունենք մեր երկրի անվտանգությունը այլ մակարդակի բարձրացնելու։ Պետք է մշակել այլ կոնցեպցիա եւ մեխանիզմներ՝ հաշվի առնելով արցախյան պատերազմը, տարածաշրջանային խնդիրները։ Բայց այդ կոնցեպցիան կյանքի կոչելու համար պետք է ունենալ նաեւ գերպրոֆեսիոնալ մասնագետներ։ Սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ԱԱԾ-ի ռազմական հետախուզության եւ հակահետախուզության բլոկը բարեփոխել, հզորացնել։ Առհասարակ, ոչ թե պետք է ԱԱԾ-ին զբաղեցնել ընդդիմադիրներին հետեւելու, ընդդիմախոսներին ճնշելու, լրատվամիջոցների ներկայացուցիչներին գաղտնալսելու, տնտեսական հանցագործություններ բացահայտելու գործին, այլ նրանք բացառապես պետք է զբաղվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։
Ընդ որում՝ մինչ պատերազմի հաղթական ավարտից հետո ռազմավարության մշակմանը եւ նոր մեխանիզմների ներդրմանը՝ առնվազն այսօր կարելի է ինչ-որ կերպ զբաղվել Արցախում գտնվող արտասահմանյան լրատվամիջոցների այն ներկայացուցիչների աշխատանքով, ովքեր զբաղված են հակահայկական քարոզչությամբ, թշնամու ջրաղացին ջուր լցնելով։ Ընդ որում՝ եթե նրանց գործունեությունը չիմացության արդյունք է, անհապաղ պետք է լրացնել բացը՝ ներկայացնել, պատմել, ցույց տալ, բայց եթե արտասահմանցի մեր գործընկերները, լինելով կրակի տակ, ծառայում են թշնամու եւ նրա համախոհների քաղաքական շահերին, նկրտումներին, ապա կարելի է առանց ավելորդ պոլիտկոռեկտության վռնդել նրանց Արցախից։

