Ի դեպ. Պատերազմի, հայկական բանակի հերոսության ու միջազգային հանրության «խիստ մտահոգության» մասին
Ի դեպԻ դեպ, մինչ հայ-ադրբեջանական սահմանին կյանքի ու մահու պատերազմը շարունակվում է եւ հայկական զինված ուժերը պարզապես անհավանական հրաշքներ են գործում մարտի դաշտում, միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի արձագանքները շարունակում են դրսեւորվել հայտարարություններով՝ որոնցում մտահոգություն է, խիստ մտահոգություն կամ խորը ցավ։Միայն եւ ընդամենը։
Այս շարքում թերեւս կարելի է առանձնացնել Ֆրանսիան, որի դիվանագիտական ջանքերը դեռ արդյունք չեն տվել։ Մյուսների մտահոգ հայտարարություններին ծանոթանալիս տպավորություն է, որ իրենց ընկալմամբ այն ինչ այս պահին կատարվում է Հարավային Կովկասում, ճիշտ է, ցավալի է, բայց իրենցից հեռու է, եւ իրենց այնքան էլ չի վերաբերում։ Եւ կամ, այդ երկրները պարզապես չեն ցանկանում «նեղացնել» Թուրքիային՝ հաշվի առնելով իրենց ազգային շահերը, երկկողմ առեւտրատնտեսական կապերը կամ իրենց երկրներում թուրքական համայնքների գոյությունն ու զորությունը։ Հիշում եք, չէ, թե ժամանակին Թուրքիան ինչպես էր սպառնում Ռուսաստանին, թուրքական համայնքի միջոցով ներսից քանդել այդ երկիրը։ Կամ ինչպես էր կոչ անում Գերմանիայի թուրքական համայնքին բազմանալ ու հզորանալ։
Երեւի հենց նման վախերն ու ընկալումներն են պատճառը, որ միջազգային հանրությունը «ննջում» է, իսկ Թուրքիան այդ ընթացքում ջանում է առավելագույնը քաղել իր փոքր եղբոր համար։ Միջազգային դիվանագիտական այս յուրատեսակ բլոկադան ճեղքելուն են միտված Հայաստանի արտաքաին քաղաքական, դիվանագիտական ջանքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, վերջին օրերին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շատ կոնկրետ հարցադրումներ է բարձրացնում, ու շատ կոնկրետ հարցեր է ուղղում այսպես կոչված միջազգային հանրությանը։
Հարցեր,որոնց պատասխանները պետք է հնչեն, հարցեր, որոնց « չպատասխանն» էլ պատասխան է։ Մասնավորապես Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ական գործընկերներն ու առաջին հերթին ԱՄՆ-ն պետք է բացատրեն, թե արդյոք այդ F-16-երը տրվել են Թուրքիային խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար։ Իսկ Եվրոպան, եթե ճիշտ չգնահատի եւ համարժեք չարձագանքի իրավիճակին, ապա հաջորդիվ Թուրքիային պետք է սպասել Վիեննայի մատույցներում: Մտահոգ հայտարարությունների եւ Հարավային Կովկասից այսպես ասած «սոցիալական հեռավորություն» պահելու ժամանակը սպառվել է։ Հարցը նաեւ քաղաքակրթական է, ընտրության տարբերակները հստակ են։