Ի դեպ. Առաջիկա մի քանի դժվար, բայց շատ կարեւոր օրերի մասին
ADTVԻ դեպ, այն բանից հետո, երբ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները, կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները ԵԱՀՄ Մինսկի խմբի շրջանակներում, շատերին էր հետաքրքրում, թե ինչպիսի կլինի հակամաարտող կողմերի արձագանքը հայտարարությունների մակարդակում եւ իրականության մեջ։ Մեկ նրբերանգ՝ Ադրբեջանի արձագանքը կարծես որեւէ մեկին չէր հետաքրքրում, քանի որ այն այլեւս գոյություն չունի որպես ինքնություն խաղացող։
Հայաստանը, ինչպես եւ սպասվում էր, ողջունեց այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են ուժի կիրառումը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:Ադրբեջանի արձագանքը, ինչպես նշեցինք, որեւէ մեկին հետաքրքիր չէր։ Թուրքիայի նախագահը նախօրեին անընդունելի համարեց երեք նախագահների հայտարարությունը, այսօր էլ այդ երկրի պաշտպանության նախարարը վերահաստատեց այդ դիրքորոշումը, հայտարարությունը համարելով անհամոզիչ եւ ոչ անկեղծ։ Այո, այսօրվա Թուրքիան, որ կարող է դիմել ագրեսիայի Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, միջերկրածովյան ավազանում ու մնալ անպատիժ, նույն գոծելաոճը շարունակում է Հարավային Կովկասում, անցնելով բոլոր կարմիր գծերը նաեւ պատերազմի դաշտում։ Վերջին օրերի իրադարձությունները՝ ԱԹՍ-ի հայտնվելը Կոտայքի մարզում, հարվածները Ստեփանակերտին, հենց դրա վկայությունն են։
Ինչ է լինելու հետո։ Փորձագիտական շրջանակներում այսպիսի տեսակետ կա, որ Թուրքիան առաջիկա օրերին հարկադրված կլինի ենթարկվել միջազգային հանրության ճնշումներին ու դադարեցնել կրակը։ Հենց այդ գիտակցումով է, որ մինչեւ զինադադարը, այս մի քանի օրերի ընթացքում, իր փոքր եղբոր համար ջանում է քաղել առավելագույնը՝ թե դիրքային, թե հոգեբանական առումով։ Ադրբեջանին ու Թուրքիային օդ ու ջրի պես անհրաժեշտ է ինչ որ ձեռքբերում, թեկուզ մի դիրք, իրենց դեմքը փրկելու համար։ Այս համատեքստում առաջիկա մի քանի օրը չափազանց դժվար, բայց շատ կարեւոր են լինելու։ Հաղթելու ենք։