Թշնամու սանձազերծած պատերազմը Արցախի նկատմամբ, անշուշտ, կավարտվի մի օր։ Եւ կավարտվի այն հայկական կողմի հաղթանակով։ Սակայն անգամ այդ պարագայում մենք երկար կշարունակենք հիշել եւ քննարկել, թե ով իրեն ինչպես դրսեւորեց, ով ինչ արեց, ինչով օգնեց կամ խանգարեց։
Պատերազմի առաջին իսկ օրերից հանրության հիացմունքին արժանացավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր կեցվածքով, հայտարարություններով, գործողություններով գրավելով անգամ իր մասին քննադատական կարծիք ունեցողներին։
Այս օրերին Հարությունյանն աչքի է ընկնում իր հավասարակշիռ, զուսպ պահվածքով, դրական եւ հաղթական տրամադրվածությամբ, անկեղծությամբ եւ ազնվությամբ։
Սակայն երեկվա ասուլիսին թե «ինչ մոծակ էր խայթել» Հարությունյանին՝ հայտնի չէ։ Առանց որեւէ ինֆորմացիոն առիթի եւ պատճառի, հավանաբար ինչ-որ մեկի վատ խորհրդով, ասուլիսի առաջին րոպեներին նա որոշեց գրոհել հայկական որոշ լրատվամիջոցների դեմ, հիշել իր մասին նախկինում գրված հոդվածները, թե շուտով բացահայտելու է «պատվիրատուներին և պատվեր կատարողներին»։ «Հայկական որոշ լրատվամիջոցներ իմ պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ես ամենաշատը կարևորել եմ մեր անվտանգությունը, և իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»,-հայտարարել է Հարությունյանը։
Լրատվամիջոցների դեմ գրոհելու համար Հարությունյանը ոչ ճիշտ ժամանակն է ընտրել, ոչ ճիշտ վայրը։ Արցախը պատերազմում է թշնամու դեմ, հարյուրավոր լրագրողներ, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցներից, գտնվում են կրակահերթի տակ եւ իրենց մասնագիտական պարտքը կատարում։
Եւ ոչ միայն լրագրողները, քաղաքական, հասարակական գործիչները, նախկին եւ ներկա պետական այրերը, մոռանալով հին վեճերը, տարակարծությունները, խնդիրները, համախմբվել են ի շահ հայրենիքի։ Հաղթանակի համար օդուջրի պես անհրաժեշտ համերաշխության եւ միասնության այս մթնոլորտը որեւէ մեկը եւ որեւէ կերպ չպետք է խաթարի, որքան էլ խորը լինի վիրավորանքը։
Ժպտացող, հավասարակշիռ եւ բարի Հարությունյանից նման հայտարարություն լսելը, իրոք, անսպասելի էր, սին տեղը հայկական մեդիայի վրա նախահարձակ լինելը՝ անիմաստ քայլ, այն էլ միջազգային լրատվամիջոցներից բազմաթիվ լրագրողների ներկայությամբ։
Մի հիասթափեցրեք, պարոն Հարությունյան, մոռացեք հին վիրավորանքները, մեղադրանքները, վեր կանգնեք, պետական, ազգային շահը վեր դասեք նեղ, անձնականից, ինչպես դա անում են լրագրողները։
Հայ լրագրողները այս օրերին իսկական հերոսներ են, դիմադիր, թե ընդդիմադիր, սեւ, թե սպիտակ, ամեն ինչ անում են՝ հանուն հաղթանակի։ Հաճախ անգամ համաձայն չլինելով բազմաթիվ «չի կարելի»-ների հետ, լրագրողները լռում են, որովհետեւ ազգային, պետական շահը մեկն է։
Ի դեպ, «չի կարելի»-ներից ամենախոցելին թերեւս կամավորական աշխատանքների լուսաբանումն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս ամենի լուսաբանումը մեծ տեղեկատվական պաշար է թշնամու համար, սակայն փաստացի լրագրողները չեն լուսաբանում, թե ժողովուրդը ինչեր է նախաձեռնել, ինչպես է օգնում զինվորին, արցախցիներին՝ ընթացքը, խնդիրները, բայց ֆեյսբուքի բաց հարթակում ամեն երկրորդ գրառումը կացարան տրամադրելու, սահմանին օգնություն ուղարկելու մասին է։ Անգամ այս տարակարծության տեղիք տվող սահմանափակումները լրագրողները հարգում են՝ հանուն «մի վնասիր»-ի։
Լրագրողները փորձում են չվնասել, սակայն հայտնվելով թեժ կետում՝ իրենք են վնասվածքներ ստանում։
Օրեր առաջ թշնամին ԱԹՍ-ով հետապնդել է լրագրողական խմբին, այսօր արդեն լրագրողների շրջանում վիրավորներ կան։
Այսօր արդեն լրագրողների շարքում վիրավորներ ունենք, ադրբեջանական հրետակոծության տակ ընկած լրագրողներից, վիրավորվել են ֆրանսիական Le Monde-ի 2 լրագրող, Дождь-ի փոխտնօրենը, Արմենիա TV-ի օպերատոր Արամ Գրիգորյանը, ում վնասվածքը, բարեբախտաբար թեթեւ է։ Հիվադանոց է տեղափոխվել նաեւ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել։
Խմբում եղել են նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Civilnet-ից Թաթուլը Հակոբյան հայտնում է, որ իրենց նկարահանող խումբը բարեբախտաբար չի վնասվել։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Ցավոք, թշնամու սանձազերծած գործողությունները շարունակվում են, եւ Արցախում աշխատող մեր գործընկերները վտանգի տակ են։
Այնպես որ կարելի է գնահատել կամ առնվազն այս օրերին չպայքարել կարեւոր եւ վտանգավոր մասնագիտություն կրողներին։ Լրագրողները վտանգում են իրենց կյանքը՝ հանուն մասնագիտական պարտքի, հանուն հանրության տեղեկացված լինելու իրավունքի եւ իհարկե հանուն հայրենիքի։

