Կիրակի օրվանից մեր կյանքի ռիթմը, օրակարգը փոխվեց։ Հակառակորդը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, օգտագործելով մեծաթիվ ժամանակակից զինտեխնիկա։
Պատերազմը դեռ շարունակվում է, Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է զորահավաք։ Վստահաբար՝ հակառակորդի սանձազերծած այս պատերազմից եւս պատվով դուրս գանք, դեռ երկար ժամանակ մասնագետները կքննարկեն տեղի ունեցածի քաղաքական, ռազմական հետեւանքները, պատճառները։
Իսկ մինչ այդ մի քանի հարցերի շուրջ մտորումներ, որոնք կարող են օգտակար լինել թեժ օրերին աշխատող պաշտոնյաների համար։
Ապրիլյան պատերազմը կարեւոր դաս եւ փորձ էր հանրության հետ տեղեկատվական դաշտում աշխատելու համար։ Տեխնոլոգիաների զարգացվածության դարաշրջանում, երբ պատերազմը միայն սահմանին չէ, կարեւոր է նաեւ տեղեկատվական պատերազմներից պատվով դուրս գալը։
Այս առումով առաջին, կարեւոր նախապայմանը տարածել միայն ստուգված, պաշտոնապես հաստատված լուրեր, չտրվել սադրանքների, չհավատալ ֆեյք օգտատերերի էջերում տարածված տեղեկություններին, հակառակորդի տվյալներին։ Ի դեպ, հանուն արդարության այս դասը լավագույնս սերտել են ոլորտում աշխատողները, պատահական չէ, որ երեկ գործողությունները սկսելուց հետո սոցցանցերում բոլորը բոլորին հորդորում էին տարածել միայն պաշտոնական տեղեկություններ։
Այս առումով, բարեխտաբար, շատ բացթողումներ չեղան, եթե նույնիսկ մի քանի դեպք եղել է։
Սակայն պաշտոնական տեղեկատվությունը տրամադրելիս եղան մի քանի բացթողումներ, որոնք կարելի է վերանայել։
Մասնավորապես, ամենամեծ բացթողումն այն էր, երբ Արցախի ԱԽՔարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց 10 զոհ ունենալու եւ 4-5 դիրք կորցնելու մասին։ Տեղեկությունները հերքեց Արցախի նախագահի խոսնակը, սակայն ավելի ուշ հենց Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ունենք 16 զոհ, դիրքեր ենք կորցրել։ Եւ իհարկե, անարգանքի սյունին գամվեցին լրատվամիջոցները, որոնք, պարզվում է, պետք է ճշտեին պետական բարձրաստիճան պաշտոնյայի ասածները, նոր տարածեին։
Բարձրացված աղմուկից հետո անգամ Բաբայանը չէր հերքել իր հայտարարությունը, վստահաբար՝ նա սուտ լուր չէր տարածել, հետեւաբար՝ առնվազն կոռեկտ եւ ճիշտ չէր հերքել, ավելի ուշ հաստատելը։ Տպավորություն էր, թե խնդիրը առաջինը հայտարարելն էր։ Ինչքան որ ճիշտ չեն զոհերի մասին տվյալները չհամակարգված հաղորդելը, նույնքան սխալ են նաեւ գրառումները, թե «խոսել եմ Արցախ, մենք զոհ չունենք», հատկապես, երբ դա արվում է պատգամավորի կողմից։
Երրորդ՝ զոհերի անվանական տվյալները պետք է հրապարակվեն որքան հնարավոր է շուտ։ Երեկ ողջ օրը բանակում զինվոր ունեցող ծնողները ժողովրդական լեզվով ասած «մեռած են, թաղած չեն», որեւէ տեղեկություն չունեն իրենց զավակներից, համակարգչի առաջ նստած սպասում են զոհերի անունների ցանկին։ Ինչքան էլ դժվար է այս պայմաններում արագ եւ ճշտված տեղեկություններ հաղորդելը, ամեն դեպքում, գործ ունենք մարդկային կյանքերի, հույզերի հետ։ Ծնողները երեք օր է՝ իրենց զավակներից տեղեկություն չունեն, միեւնույն ժամանակ, հասկանալի եւ ընդունելի են պնդումները, որ պետք չէ զնագել զինծառայողներին, ԱԹՍ-ները որսում են կապուղիները, վնաս կարող ենք հասցնել, սակայն այս պայմաններում կարելի է զոհերի տվյալները հաղորդել օպերատիվ, իսկ վիրավորների հարազատների հետ կապ հաստատեն՝ հայտնելով, թե իրենց երեխան որտեղ է, ինչպես է։ Այդպես գոնե մյուսները կհասկանան, որ իրենց զինվորի հետ ամեն ինչ կարգին է։ Իհարկե, կարող են լինել պատճառաբանություններ, թե պատերազմ է, մարտեր են, դրա ժամանակը չէ, բայց իրոք դժվար է տեսնել ողբացող մայրերի, որոնց զավակները հնարավոր է՝ ողջ, առողջ են։
Տեղեկությունը հաղորդելու առումով մեկ այլ խնդիր եւս կար, երբ նշվում էին, որ չի կարելի տարածել «լայվեր», տեսանյութեր, բայց հետո պաշտոնական էջերով տարածում էին մարտական տեխնիկայի շարժը։ Վստահաբար, եթե նման կերպ վարվեր որեւէ լրատվամիջոց, այն էլ ոչ իշխանահաճո լրատվամիջոց, կարժանանար ամենախիստ քննադատության։ Մյուս խնդիրները ավելի շատ կազմակերպական բնույթի էին, օրինակ՝ եթե պետական մակարդակով նպատակահարմար չէր կազմակերպել Արցախի մեր հայրենակիցների Հայաստանում տեղավորելը, ապա կարող էր կառույց, գործիչ համակարգեր այս գործընթացը։ Մարդիկ իմանային կեցության հետ կապված հարցերի, օգնության համար ում դիմել։ Նույնը վերաբերում է նաեւ սահմանին օգնություն ուղարկելուն՝ սնունդ, դեղորայք, այլ միջոցներ։ Բավականին ճշգրտման կարիք ունի նաեւ հայտարարված զորահավաքը, որպեսզի հանրության համար պարզ լինի՝ ում են տանելու առաջին հերթին, ինչպես, երբ։ Բազմաթիվ կամավորական խմբեր են ինքնակազմակերպվում, գնում, արդյոք նրանց անհրաժեշտությունը կա, չէ՞ որ իրավիճակը լարված է, գնացող կամավորների համար պայմաններ պետք է ապահովեն, միանգամից ռազմական գործին անցնելը այդքան հեշտ չէ։
Եւ մի քանի դիտարկում նաեւ քաղաքական առումով։ Այս օրերին, երբ թշնամին մեկն է, սահմանին ոտնձգություն է անում մեր անկախության, խաղաղության նկատմամբ, պետք է մոռանալ ներքին տարաձայնությունները, հակասությունները, ատելությունը եւ համախմբվել հանուն հաղթանակի։ Այս առումով արցախցիները մեզանից խելացի են եւ հիանալի օրինակ կարող են ծառայել, երեկ Արցախի ԱԽՔ նիստին ներկա էին նախկին, ներկա պաշտոնյաներ, գործիչներ, ովքեր հակասություններ ունեն, գուցե նեղացրել են իրար, բայց նրանք հավաքվել էին քննարկելու իրավիճակը եւ լուծումներ գտնելու։ Իսկ մեզանում հայհոյանքների տեղատարափ է անգամ նախկին իշխանության ներկայացուցիչների՝ սահման մեկնելու մասին հայտարարությունների տակ։ Միգուցե նրանք վատ պաշտոնյա են եղել, թալանել են նաեւ բանակից, բայց վստահաբար ունեն փորձ, գիտելիքներ եւ կարող են օգտակար լինել այսօր։
Պատկերացնում եք՝ եթե մեզանում եւս տեսնեինք մի սեղանի շուրջ նստած նախկին ղեկավարներին, լավ, վատ, նրանք բոլորը աշխատել են, անցել են պատերազմի միջով, փորձել են ինչ-որ բան անել, եղել են եւ սխալներ, եւ հաջողություններ, կարելի է այսօր օգտագործել բոլորի փորձը, գիտելիքները, դրանով ամենեւին էլ օրվա իշխանությունները չեն նսեմանա, բայց հանրությունը կտեսնի համերաշխության, պայքարի ոգի։
Ի դեպ, համերաշխության, պայքարի ոգուն ամենեւին չեն նպաստում ԱԺ-ի ճռճռան ելույթները, դպրոցական շարադրություններ հիշեցնող տեքստերը, առավել եւս երբ դրանք արտաբերում են բանակից ազատվածները, բայց զինվորական հագուստով նկարվողները։ Այլապես ԱԺ-ի «ապահով» ամբիոնից ելույթ ունենալը, հայտարարել, թե «էլ չենք դիմանում, ուզում ենք մեկնենք», շատ հեշտ է, բայց ձեր կողքին նման հայտարարություններ չանող երիտասարդները, առանց ավելորդ պաթոսի, արդեն իսկ մեկնել են կամ ճանապարհին են։

