Իշխանական վերնախավում կադրային փոփոխությունները շարունակվում են, որոշ դեպքերում դրանք անսպասելի են, որոշ դեպքերում՝ սպասված եւ ուշացած։
Մասնավորապես, երեկ մի շարք փոփոխություններ եղան գործադիրում։ ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ազատվեց պաշտոնից։ Նրա գործունեության հետ կապված բազմաթիվ հակասություններ կային թիմում, խորհրդարանական խմբակցության հետ, եւ եթե, օրինակ, Թամրազյանը ավելի շուտ ազատվեր, վստահաբար՝ ԿԳՄՍՆ-ն, Արայիկ Հարությունյանը այդքան քննադատության թիրախում չէին հայտնվի։
Այնպես որ, նրա ազատումը ոչ միայն սպասված էր, այլեւ ուշացած։
ԿԳՄՍՆ-ի, Թամրազյանի հետ հակասությունների պատճառով աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաեւ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը։ Վարչապետը երկար ժամանակ չէր ստորագրում որոշումը, սակայն, փաստորեն, երեկ գրչի մի հարվածով ազատվեց նաեւ նրանից՝ այդպես էլ չլուծելով ԲՈԿ-ԿԳՄՍՆ թնջուկը եւ հակասությունների կծիկը։
Սա իրավիճակը չպարզելու, պատասխանատուներին չպատժելու լավագույն օրինակն է, երբ ղեկավարը ժամանակ եւ նյարդեր չունի այս ամենի համար, փոխարենը ազատվում է սուբյեկտներից՝ «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքով։
Սա, ի դեպ, կարող է վատ նախադեպ լինել. այսուհետ կոնֆլիկտ ունեցող պետական կառույցները չեն կարող ակնկալել, որ դրանք վարչապետի մակարդակով հանրայնացնելիս անգամ լուծում կստանան։ Ընդ որում՝ ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրան հետեւած զարգացումները արդեն մեկ-երկու ամիս է՝ ընթանում են, ակնկալվում էր, որ եթե վարչապետը Գոգյանի հետ հանդիպել է, տեղյակ է խնդրին, կփորձի պարզել ճշմարտությունը ու գոնե մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը կլուծի խնդիրը։ Սակայն այդպես չեղավ, ՀՊՏՀ ուսանողները եւ դասախոսները դեմարշ արեցին գործադիրի դեմ՝ սկսելով ակցիաներ։
Արդյունքում վարչապետը զայրացավ, ազատեց Թամրազյանին էլ, Գոգյանին էլ, հաջորդը կլինի ՀՊՏՀ ռեկտորի նշանակմանը սպասող Դիանա Գալոյանը։ Սակայն այսպիսով համալսարանում ստեղծված իրավիճակը չի լուծվի, հազարավոր ուսանողներ զրկված են նորմալ դասապրոցեսից, նրանք վճարում են եւ ոչինչ չեն ստանում դրա դիմաց, ոտնահարվում է նրանց կրթության իրավունքը։ Կառավարությունն էլ ընդամենը զբաղված է ուշացած ազատումներ անելով, ոչ թե խնդիրը լուծելով։
Ինչ վերաբերում է մյուս ազատմանը՝ ՍԱՏՄ ղեկավար Գեւորգի Ավետիսյանին, պարզվեց, որ պատճառը դատարանի որոշումն է եղել։ Մինչդեռ նրա ոլորտում բազմաթիվ բացթողումներ, սխալներ են եղել։ Միայն վերջին դեպքը՝ Հայաստանում ալկոհոլային թունավորումից ավելի քան 2 տասնյակ մարդ է մահացել, դեռ հայտնի չէ՝ մեղադրյալի աթոռին հայտնվածները ինչքանով են մեղավոր եւ ամենակարեւորը՝ որեւէ պաշտոնյա չպատժվեց «մահացու» սպիրտի ազատ վաճառքի համար։ Պարզվեց՝ վերահսկողության համար պատասխանատուներ չկան, մեղավորներն էլ սպիրտը օգտագործողներն ու վաճառողներն են եղել, ովքեր դրա թունավոր հատկանիշների մասին տեղյակ էլ չեն եղել։
Կադրային փոփոխությունները շարունակվել են նաեւ այսօր։ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Արմեն Փամբուխչյանը, ինչպես եւ սպասվում էր, գնաց գործադիր՝ նշանակվելով ԱԻՆ փոխնախարար։ Ըստ էության՝ նման փոխատեղումները նորմալ են, քաղաքական իշխանության իրավասության ներքո են, թե որ կադրի ներուժը որտեղ է ավելի արդյունավետ։
Սակայն այսքանով փոփոխությունները չեն ավարտվում։ Ներթիմային հակասությունների պատճառով սեպտեմբեր ամսվա ընթացքում երկրորդ պատգամավորն է իշխանությունից հեռանում։ Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը, պատճառների մասին անկեղծ չի հայտարարում, բայց կան ակնարկներ, որից կարելի է ենթադրել, որ քաղաքական որոշումների հետ հաշտ չէ, իսկ «արժեհամակարգային սահմանագիծը հատելը կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց»։
Աբրահամյանը 7-րդ գումարման խորհրդարանի ակտիվ, սկզբունքային պատգամավորներից է եղել, նրա տեղը, անշուշտ, շատ կզգացվի։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր կային, թե Աբրահամյանի անհամաձայնությունը կապված է ՍԴ դատավորների ընտրության հետ, այնպես որ ճիշտ կլինի ընտրողների առաջ թափանցիկ, հրապարակային գործելաոճ որդեգրած պատգամավորը մինչեւ վերջ անկեղծ լինի եւ բացահայտի, թե ինչ հակասություններ են եղել, ինչ է փորձել անել այդ ուղղությամբ, որքանով է հաջողվել։ Մանդատից հրաժարվելու պատճառները շիտակ բացատրելուց հետո կարելի է արձանագրել, որ Աբրահամյանի այս քայլը շատ ավելի բարոյական է, քան մնալ թիմի ներսում եւ «դեմ ըլլալով կողմ լինել»։
Քաղաքական թիմի հետ խորհրդարան եկածները, նրանց գաղափարները ընտրություններին կիսողները եւ Փաշինյանի շնորհիվ մանդատ ստացածները, եթե այժմ հակասություններ ունեն իշխանության այս կամ այն քայլերի հետ եւ այս ուղղությամբ չեն կարողանում ոչինչ անել՝ քննարկումներ թիմում, համոզել, ցույց տալ այլընտրանքը, ճիշտ կլինի դուրս գան թիմից, քան մնան խորհրդարանում եւ հայտարարեն, որ ժողովրդից են ստացել մանդատը։ Հանուն արդարության պետք է նկատել, որ մանդատ ստացածների 99 տոկոսին ժողովուրդը չի ճանաչում եւ մանդատ տվել է Փաշինյանի շնորհիվ։
Այսպես ստացվում է, որ քաղաքական ուժի շնորհիվ խորհրդարան են գնում, դիմագիծ չկորցնելու համար սկսում անհատական ընդդիմադիր խաղեր խաղալ։ Իսկ քաղաքական թիմի ղեկավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, ինչու է խորհրդարանական խմբակցությունը ճաքեր տալիս, ինչ գաղափարական անհամաձայնություն ունեն իրենց գործունեության հետ, չե՞ն պատրաստվում վերանայել որոշ քայլեր, այլապես իշխանության՝ հեղափոխական սկզբունքներից հեռանալու եւ նրանց գործունեությունից հիասթափությունը կհամակի նաեւ քաղաքացիներին։
Ինչքան էլ կադրային քաղաքականությունը եւ որոշումների ընդունումը իշխանության մենաշնորհն է, ամեն դեպքում, որպեսզի հանրությունը դրանք հասկանա, ընկալի, մարսի, հավանություն տա, պետք է մարդկանց բացատրել, հիմնավորել այդ կադրային տեղաշարժերը, որոշումները։ Այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե փոփոխությունները արվում են իշխանության քմահաճույքով, ոչ թե ոլորտը բարեփոխելու ցանկությամբ։
Որոշումների, կադրային փոփոխությունների լեգիտիմությունը կարեւոր են հանրային վստահության առումով, իսկ դա այն բացառիկ ռեսուրսն է, որն ունի այս իշխանությունը եւ որը պահելու համար ջանք եւ եռանդ պետք չէ խնայել։ Անհասկանալի ազատումները եւ նշանակումները, թիմակիցների հիասթափություններն ու հեռանալը կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ՝ ի վնաս իշխանությունների։

