Ի դեպ. Փաշինյան-Ալիեւ հեռավար «փոխհրաձգության» մասին
Ի դեպՄինչ մենք քննարկում էինք Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ագրեսոր պետություն է, թե բանակցությունները տապալված են հայկական կողմի մեղքով, եւ այլն, եւ այսպես շարունակ, երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ում հնչեցին Ալիեւի հերթական «դարակազմիկ» հայտարարությունները: Նա ասում էր, թե բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ, որ դրանք պետք է լինեն նպատակային ու բովանդակային, իսկ նպատակայինն ու բովանդակայինն ըստ Ալիեւի այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել եւ չի լինի բանակցությունների առարկա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։ Ոչ ավել, ոչ պակաս, շարունակություն գիտեք։
Կարելի է ասել, թե նման հայտարարություններ միշտ էլ հնչել են, ավել կամ պակաս կոշտությամբ, սակայն տարբերությունն այն է, որ հիմա ավելի ագրեսիվ հայտարարություններով Ալիեւին ձայնակցում է քաշային այլ կատեգորիայում գտնվող Թուրքիան։ Քաղաքագիտական շրջանակներում սա գնահատվում է որպես լայնածավալ, տեղեկատվական,եթե կուզեք՝ հիբրիդային պատարազմ Հայաստանի դեմ, որին պետք է հակազդել, պետք է դիմել հակաքայլերի։ Ալիեւի նախընթաց հայտարարություններին արձագանքել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, իսկ ԱԳ նախարարն այն համարեց էմոցիոնալ, որին պետք չէ անդրադառնալ։
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, սակայն, քննադատում ու կշտամբում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Ալիեւի հայտարարությունները թողել է անպատասխան։ Վարչապետն այսօր առիթ ունեցել է անդրադառնալու այդ հայտարարություններին, նշելով, թե Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանը հարցը կլուծի ուժային մեթոդներով։ Մեջբերում. «Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել:
Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»: Վարչապետը խորհուրդ է տվել չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի: Ինչ վերաբերում է այսպես կոչված «կոնֆիդենցիալ տեղեկությունների» հրապարակմանը, ապա վարչապետը խորհուրդ է տվել չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մենք մտանք այդ դաշտ, Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա: