ՍԴ նոր կազմի հետ կապված հոռետեսական պնդումները կամաց-կամաց ապացուցում են իրենց ճշմարտացի լինելը։ Քափ-քրտինքով, արագ-արագ ՍԴ դատավորներին ընտրող իշխանությունը փորձեց օր առաջ լուծել իր իսկ «հորինած» ճգնաժամը, սակայն իրականում մեծ ճգնաժամ ստեղծեց։
Ասվածի վկայությունն է այն, որ ՍԴ 9 դատավորները երկու օր է՝ քննարկում են լրատվամիջոցների համար նիստը փակ, բաց անցկացնելու հարցը։
Ի դեպ, հարցը իրավական եւ քաղաքական առումով բավականին խնդրահարույց է, նորակազմ ՍԴ-ն առհասարակ պետք է միանշանակ կողմ լիներ նիստը լուսաբանելուն՝ ի ցույց դնելով իրենց առավելությունը եւ հրապարակային դաշտում գործելու պատրաստակամությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ։
Այսօր ժամը 16.00-ից վերջապես ՍԴ-ն սկսեց քննարկել օրակարգային հարցերը՝ նախագահի, փոխնախագահի ընտրությանը։ Եթե նման տեխնիկական, կազմակերպական հարցերն են այսպես երկար քննարկում, ապա դժվար է պատկերացնել, թե մյուս հարցերով քննարկումները քանի օր կտեւեն։ Մեծ հարց է նաեւ, թե ապագայում ՍԴ-ի հետ գործ ունեցողները կկարողանան ողջամիտ ժամկետում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից, թե մինչեւ ՍԴ-ն քննարկումներ անի եւ որոշումներ կայացնի, ժողովրդական լեզվով ասած՝ «կամ էշը կսատկի, կամ էշատերը»։
Իրականում անգամ իշխանության համար անակնկալ է լինելու ՍԴ նախագահի ընտրությունը, ոչ ոք չգիտի՝ ինչպես կբաշխվեն ձայները։ Տարբեր սցենարներ են գծագրվում, տարբեր տեղեկություններ շրջանառվում, տարբեր մարդկանց հետ աշխատում, սակայն վերջնական պատկեր չկա։ Այս պահի դրությամբ ամենահավանական տարբերակը Խունդկարյանի առաջադրումն է եւ առաջին փուլով չընտրվելը։ Երկրորդ փուլում արդեն կարող են նոր առաջադրվողներ լինեն՝ ի դեմս Արման Դիլանյանի։
Բավականին անկանխատեսելի է նաեւ Արթուր Վաղարշյանը, ով դեռ նոր-նոր չինովնիկ դարձած՝ հասցրեց հոխորտալ, թե «մամուլին լուրջ չի ընդունում և որոշել է չկարդալ, քանի որ եթե լրատվամիջոցներին հավատար, ինքը չէր ընտրվի, բայց ընտրվեց»։
Թե ինչպես է մամուլը վերաբերում Վաղարշյանին՝ դեռ հարց է, բայց առավել կարեւոր է, թե ինչպես է քաղաքական իշխանությունը վերաբերում Վաղարշյանին, երբ պատգամավորները աջ ու ձախ հայտարարում էին, թե նրա առաջադրվելը անարգանք է խորհրդարանի հանդեպ, անհասկանալի է, թե ինչու է նախագահը երկրորդ անգամ նրան ներկայացնում։ Իսկ թե ինչու եւ ինչպես այդքանից հետո Վաղարշյանը ընտրվեց, մտորելու տեղիք է իշխանության, նախագահի, Վաղարշյանի համար։ Այնպես որ այդ քվեարկությունից հետո զարմանալի չի լինի նաեւ նրա նախագահ առաջադրվելը եւ ընտրվելը։
Ով էլ ընտրվի նախագահ, ՍԴ ճգնաժամը չի լուծվել եւ չի լուծվելու, քանի որ եթե նախկինում իշխանությունը կասկածներ ուներ, որ կառույցը քաղաքական ազդեցության տակ է, ապա այսօր կառույցը ուղղակի գործունակ չէ։ Մենք այսօր ունենք պարալիզացված ՍԴ ունենալու ռիսկ, երբ վտանգի տակ են դիմումները քննելու, միջազգային, վարկային պայմանագրերով որոշումներ կայացնելու հարցերը։
Նման իրավիճակի պատճառն այն է, որ ՍԴ-ում կա ֆրակցիոնիզմ, առնվազն կարող ենք առանձնացնել տարբեր շահեր ունեցող 4 խմբավորումներ՝ պայմանական անուններով։
Այսպես՝ հնաբնակների խումբը՝ Հրայր Թովմասյան եւ Արեւիկ Պետրոսյան, նորեկներ՝ Վահե Գրիգորյան եւ Արման Դիլանյան, հին ոսկորներ՝ Երվանդ Խունդկարյան, Աշոտ Խաչատրյան եւ Արայիկ Թունյան, անկախներ՝ Արթուր Վաղարշյան եւ Էդգար Շաթիրյան։
Թերեւս պարզ է դառնում, թե ինչու այս մարդկանց կողմից որոշումներ չեն կայացվում, ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Իսկ այս ամենի քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը, այլեւս նախկիններին չեն կարող մեղադրել, անգամ սահմանադրական հանրաքվեն եւ կադրային փոփոխությունները փրկօղակ չեն, այնպես որ պետք է վայելեք ձեր «եփած բորշչը», իրական ճգնաժամը հիմա է։

