Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ կադրային քաղաքականություն, խոսքի եւ գործի հակասություն, առանց ծրագիր, ռազմավարության կառավարում եւ այլն։
Վերջինը, ի դեպ, շատ է խանգարում իշխանություններին, քանի որ կատարում են քայլեր, որոնց հետեւանքները չեն հաշվարկում, չգիտեն, թե հաջորդ քայլերը որոնք պետք է անեն։
Ասվածի լավագույն օրինակը ՍԴ «ճգնաժամի յուրովի հանգուցալուծումն էր»։ Նախկինների կողմից ընտրված դատավորներին հեռացնելու ցանկությամբ նոր իշխանությունները թարմացրին դատարանի կազմը, սակայն մեծ հարց է՝ դրանից շահեցին իրենք, շահեց Սահմանադարական դատարանը, թե ոչ։ Ի՞նչ խնդիր լուծեցին իշխանությունները Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությամբ, արդյոք նորընտիր անդամները չեն ասոցացվո՞ւմ հների հետ կամ այնքան անվիճելի կենսագրություն ունեն, որ որեւէ կերպ շահերի բախում չի կարող լինել։ Սա հարցերի հարցն է, իսկ մյուս կարեւոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո։
Մի կողմից՝ իշխանությունը ՍԴ կազմը համալրել է իր թեկնածուներով, մյուս կողմից նրանց վրա որեւէ լծակ, իշխանություն չունի եւ կանգնել է խնդրի առաջ, քանի որ ցանկանում է տեսնել յուրային ՍԴ նախագահ։
Ստացվում է, որ եւ չեն ցանկանում միջամտել ՍԴ-ի գործերին, քաղաքականացնել կառույցը, սակայն արդեն իսկ միջամտել են եւ բավարար չափով քաղաքականացրել, եւ չեն կարողանում չմիջամտել։
Այս պարագայում կամ ազնիվ կլիներ իսկապես չմիջամտել, ամեն ինչ թողնել ինքնահոսի, կամ միջամտության պարագայում գոնե չհայտարարել լոյալության մասին։ Իսկ «չցանկանալով վերահսկելու, միջամտելու արդյունքում» ստացվում է այն քաոսը, ինչ ունենք։ Թիմի տարբեր խմբեր տարբեր տեսլականներ ունեն, ամեն մեկը փորձում է իր հայացքները, ծրագրերը առաջ տանել, չկա մեկ անձ, ով հայտարարի, թե ինչպես է պետք անել կամ ինչպես չպետք է անել։
Այսօր մենք լուրեր էինք ստացել, որ ԱԱԾ-ն աշխատանքներ է տարել ՍԴ դատավորների հետ Խունդկարյանին ընտրելու համար։ Հարց է առաջանում՝ իսկապե՞ս իշխանության «սրտի» ՍԴ նախագահը Երվանդ Խունդկարյանն է, ինչո՞վ է նա տարբերվում Հրայր Թովմասյանից, ո՞վ է հրահանգել ԱԱԾ-ին նման աշխատանքներ տանել, ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե իշխանությունը հայտարարում է, որ որեւէ միջամտություն չի լինելու, այդ խոսքերին շատերն են հավատալու, թե քաղաքացիներ, թե իրավաբանական շրջանակներ, թե ՍԴ դատավորներ։
Այնպես որ եթե կա միջամտություն եւ վերահսկողություն, կամ դրա ցանկություն, չպետք է սեթեւեթել, մեր քաղաքացիները դրանից բեթար վերահսկողություն են տեսել եւ երբեք չեն էլ հավատա, որ քաղաքական իշխանությունը ցանկանում է ունենալ անկախ դատական համակարգ։ Հետեւաբար՝ եթե ընդունում ենք, որ կա միջամտության եւ վերահսկողության ցանկություն, ապա գոնե պետք է այդ ամենը այնքան գրագետ անել, որ դեպքերն ու իրադարձությունները իշխանությունների համար անկնկալ չլինեն։
Ի դեպ, նույն անորոշ քայլերի հաջորդականության հետեւանքներն էլ տեսնում ենք այսօր, երբ ՀՊՏՀ դասախոսները, ուսանողները ակցիաներ են անում՝ պահանջելով մրցույթով հաղթած ռեկտորի նշանակումը պաշտոնին։ Դասապրոցեսը խաթարվել է համալսարանում, ռեկտորի ընտրության հետ կապված հակառակ կողմը, ինչպես նաեւ ԲՈԿ-ը ծանրակշիռ փաստարկներ են ներկայացնում, եւ մինչեւ պետական երկու կառույցները կռվում են՝ ԿԳՄՍՆ եւ ԲՈԿ, Կառավարությունը, վարչապետը անտարբեր վայելում են տեսարանը՝ պատճառ դառնալով ԲՈՒՀ-ում քաոսային վիճակի ստեղծման։
Ամենեւին չխորանալով կողմերի փաստարակներում եւ չքննարկելով դրանց ճշմարտացիությունը՝ ընդամեմը կարող ենք արձանագրել, որ կառավարությունը, վարչապետը կարող է դուրս գալ անտարբեր դիտորդի դերից կամ հայտարարել, որ նշանակումը չեն անում, նոր մրցույթ են հայտարարում, քանի որ խախտվել են մի շարք նորմեր, կամ նշանակել եւ ավարտել թեման։
Պետական կառավարման մեջ որոշումներ կայացնելու վճռականություն չունենալը, դրա հետեւանքների համար պատասխանատվությունից խուսափելը, քայլերի հաջորդականությունը չհաշվարկելը, հարցերի, խնդիրների, կոնֆլիկտների լուծումը ինքնահոսի թողնելը կարող է քաոս առաջացնել։

