Ընդդիմության խոստացած թեժ աշունը կամաց-կամաց ուրվագծվում է։ Խոսքը ամենեւին էլ ռեֆորմիստների անցկացրած հանրահավաքի մասին չէ՝ ի դեմս Վահան Բաբայանի։
Անգամ «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը չկարողացավ «հեռացնել Նիկոլին իր բազմահազարանոց հանրահավաքով», այն մնաց մեր հիշողության մեջ գլխավոր հերոսի՝ բեմում տուգանվելու դրվագով։
Պարզ է, որ այս երկու ուժերը չունեն այնքան ռեսուրս, աջակցություն, որպեսզի կարողանան հանրությանը միավորել, նրանց դժգոհությունները արտահայտել։
Թեժ աշնան խոստման շրջանակներում առաջիկայում այլ հանրահավաքներ են սպասվում։ Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին Սասնա ծռեր համահայկական շարժումը Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք-երթ՝ պահանջում է «ազատ արձակել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին և դադարեցնել Սասնա Ծռերի ապօրինի դատավարությունը»։
Հաջորդ հանրահավաքը երկար ժամանակ քննարկված եւ սպասված եռյակ դաշինքն է հրավիրել՝ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք»։
Ճիշտ է, Հայաստանի քաղաքական կյանքում եռյակ դաշինքները որեւէ էական հաջողություն չեն արձանագրել, բայց երբեք չի կարելի ասել երբեք։
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրել են համապետական հանրահավաք», սակայն հստակ օրակարգ այդպես էլ չկա, մասնավորապես պարզ չէ՝ հնչելու է Փաշինյանին, կառավարությանը, թե առանձին պաշտոնյաներին հեռացնելու պահանջ, ովքեր են ելույթներ ունենալու, ինչ հարցերի են անդրադառնալու եւ այլն։ Պարզ չէ նաեւ՝ «համապետական հանրահավաքին» միանալու է խորհրդարանում ներկայացված ԼՀԿ-ն, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, գործիչները՝ ի դեմս նախկին նախագահների։
Ամեն դեպքում՝ ինչպիսի օրակարգ էլ բերվի հարթակ, իշխանությունը ճիշտ կանի չթերագնահատի հակառակորդներին՝ առնվազն աչքի առաջ ունենալով Սերժ Սարգսյանի տխուր փորձը։ Չէ՞ որ հենց ընդդիմախոսներին թերագնահատելու «շնորհիվ» ՀՀԿ-ն հեռացավ, մտածում էին՝ հավերժ են, Փաշինյանը իր քայլերթով չի կարող ոտքի հանել քաղաքացիներին, սակայն սխալվեցին։
Ի դեպ, այսօր նույն սխալը օրվա իշխանություններն են անում, Փաշինյանի աներձագը հայտարարում է, թե «եթե թողնեն մարդկանց կամքին, որպեսզի մարդիկ իրենք որոշեն՝ կմասնակցեն հանրահավաքի, թե ոչ, ապա շատ զվարճալի տեսարանի ականատես կլինենք»։
Ի՞նչ հիմքով է նման պնդում անում պատգամավորը՝ աչքաչափո՞վ, թիմի, յուրայինների հետ շփվելու արդյունքո՞ւմ, թե՞ սոցհարցումներ է անցկացրել։ Չէ՞ որ երբ վարչապետ Փաշինյանը Գյումրիից սկսել էր իր քայլը, անգամ թիմի ներսում շատերը նրան չէին սատարում, քանի որ չէին հավատում հաջողության հասնելուն։
Այնպես որ պետք է ոչ թե որակումներ տալ, կանխատեսումներ անել, այլ իսկապես փորձել ընկալել, թե ինչ ոլորտների ձախողումների մասին է խոսում ընդդիմությունը, որքանով են օբյեկտիվ քննադատությունները, ինչ տեսակետ ունեն քաղաքացիները եւ այլն։
Ի դեպ, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի: Բանն այն է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին, նշանակված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը։
Նկատենք, որ այս պարագայում Ծառուկյանին կալանավորելը կլինի իշխանության ստրատեգիական սխալը։ Նրան կալանավորելով՝ ոչ միայն չեն ձախողի հանրահավաքը, այլեւ հավաքին մեծ թափ կհաղորդեն, արհեստականորեն կարեւորություն կտան։
Ծառուկյանը ոչ այնքան վտանգավոր ընդդիմախոս է դրսում, որքան ներսում՝ անազատության մեջ։ Այնպես որ իշխանությունները պետք է կարողանան հրաժարվել նախկինների կողմից լայնորեն օգտագործվող ընդդիմադիրներին զանազան լծակներով ճնշելու, ռեպրեսիաներ կիրառելու գործելաոճից։
Ընդդիմախոսներին բանտեր նետելով խնդիրներից եւ քննադատություններից չեն ազատվի, նոր ընդդիմախոսներ կծնվեն, քննադատություններն էլ՝ կավելանան։

