Տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակահատվածներում չորրորդ իշխանության «հսկող շան» գործառույթի «զոհը» ամենից առաջ իշխանություններն են։ Լրատվամիջոցները մանրադիտակի տակ են պահում կառավարության, խորհրդարանի, դատարանների գործունեությունը, քննադատում, ազդում որոշումների կայացման, կադրային քաղաքականության վրա։
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով լրատվամիջոցները նույնքան հետեւողական եւ նախանձախնդիր չեն ընդդիմության քննադատության հարցում, քանի որ նախ, ընդդիմությունը սովորաբար վճռորոշ որոշումներ կայացնող չէ, իշխանական լծակներ չունի, երկրորդ՝ մեծահոգաբար փորձում են չխանգարել ընդդիմադիր ուժերը կայացմանը։ Իսկ ուժեղ, կայացած ընդդիմություն ունենալը ոչ միայն լրատվամիջոցներին է պետք, այլեւ իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը, պետական, քաղաքական համակարգին։ Սակայն ինչքան քննադատելու տեղ իշխանությունն ունի, թերեւս նույնքան էլ ընդդիմությունը ունի։
Հայաստանում ընդդիմադիր դաշտում վաղուց արդեն որեւէ նոր բան չի կատարվում, թարմ մտքեր, գաղափարներ, ծրագրեր չկան, ընդդիմությունը դոփում է տեղում։ Թերեւս մենք այն բանի ականատեսն ենք, թե ինչպես ընդդդիմությունն ու իշխանությունն «արժանի են իրար»։ Նայում ես ընդդիմադիր ուժերի քայլերը, որեւէ ԿՐԵԱՏԻՎ չկա, կրկնում են նախորդներին կամ ավելի հաճախ միմյանց։ Ժամանակն ընթանում է, սակայն այս ընթացքում որեւէ հաջողություն, աշխատանքի արդյունավետություն եւ նորարարական մոտեցում չեն արձանագրել։
Տեսնելով, թե ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած որեւէ քաղաքական գործիչ, ուժ ինչ է անում, կարելի է կանխատեսել, թե մյուսները ինչ կանեն։ Օրինակ՝ անցած շաբաթները ընդդիմության համար կարելի է համարել երիտասարդներին հանդիպելու միամսյակ։ Նախ, սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը Սեւանում հանդիպեց «Հաղթանակած» երիտասարդական շարժման մասնակիցների հետ, պատասխանեց նրանց հարցերին:
Դրանից հետո՝ սեպտեմբերի 11-ին, Սերժ Սարգսյանը Սեւանում հանդիպեց ՀՀԿ երիտասարդների հետ՝ ամենամյա Եկ Սեւան խորագրով հավաքի շրջանակներում, եւ կրկին հարցուպատասխան երիտասարդների հետ: Սեպտեմբերի 18-ին էլ երիտասարդների հետ հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Երեկ արդեն մի խումբ երիտասարդներին հանդիպելու հերթը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանինն էր։ Այս օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան «հին, մաշված, կրկնվող են» ընդդիմադիր ուժերը, որոնք պարզապես ժամավաճառությամբ են զբաղված, պրիմիտիվ տեխնոլոգիաների մրցավազքի մեջ են միմյանց հետ, մսխում են իրենց փոքրաթիվ կամ միգուցե ոչ այնքան փոքրաթիվ ռեսուրսները՝ առանց հաշվարկելու դրանց ազդեցությունը, արդյունավետությունը, հանրային արձագանքը։
Ինչպես իշխանությունն է զբաղված «օրվա հրդեհներ» մարելով, ընդդիմությունն էլ ծվարել է թփերի տակ եւ սպասում, թե որ հրդեհից են մեծ կորուստներ լինելու, որպեսզի քննադատեն, ստատուս գրեն, հարցազրույց տան եւ անցնեն առաջ, սակայն ապագայի համար ոչ մի ռազմավարություն, ոչ մի ճանապարհային քարտեզ, իշխանությանն ու մրցակից ընդդիմադիրներին շրջանցելու եւ թռիչքաձեւ առաջ անցնելու ոչ մի ստեղծագործ քայլ։ Որքան էլ այսօր օնլայն հարթակը գրավել է մեր բոլորի կյանքը, ամեն դեպքում՝ ֆեյքառատ լայքերով եւ քոմենթներով ընդդիմություն լինելը հաշիվ չէ. դուրս եկեք փողոց, գնացեք գյուղ առ գյուղ, բակ առ բակ, շենք առ շենք, զրուցեք, շփվեք մարդկանց հետ, տեսեք ինչ կարծիք ունեն նրանք իշխանության եւ ձեր մասին, ինչ խնդիրներ, մտահոգություններ ունեն։
Փորձեք տեսնել ինչով եւ ինչպես է ապրում ժամանակակից աշխարհը, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում այդ թվում նաեւ քաղաքական թատերաբեմում, հասկացեք ժամանակի շունչն ու այդ դեպքում ինքներդ էլ չեք նկատի ինչպես դարձաք առաջինը... Այլապես թոշակառուները սպասում են իրենց հերթին, թե ընդդիմադիր ուժերից, գործիչներից ով առաջինը կհանդիպի իրենց հետ, որպեսզի արժանան նաեւ մյուսների ուշադրությանը, իսկ իրենք էլ հընթացս կդառնան ֆեյսբուքյան լայվերի եւ տեսանյութերի հերոսներ։

