Ի դեպ. Փաշինյան-Ծառուկյան լարվածությունը հասնում է գագաթնակետին
Ի դեպԻ դեպ, դատելով հրապարակային հայտարարություններից ու հատկապես սոցցանցային գրառումներից, «Քաղաքացիական պայմանագիր»- «Բարգավաճ Հայաստան» դիմակայությունը հասնում է լարվածության գագաթնակետին։ Այն, որ կառավարող եւ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների ջրերը նույն առվով չէին հոսելու, ակնհայտ էր վաղուց, եւ այդ հարցում ոչ հեղափոխության համար «ջուր տարած լինելը», ոչ էլ համագործակցության հուշագիրը որեւէ նշանակություն չէին ունենալու։
Ճամփաբաժանի մեկնարկը հավանաբար 2019-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններն էին, որից հետո ԲՀԿ-ն, մեղմ ասած դուրս հրավիրվեց կառավարության կազմից, իսկ լարվածության նոր ալիքի մեկնարկը տրվեց ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կառավարությունը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտության մասին։ Այս օրերին էլ ԲՀԿ առաջնորդը մարզային հանդիպումներ է անցկացնում՝ առաջիկա հանրահավաքին նախապատրաստվելու համատեքստում։ Լարվածության շիկացումը նկատելի էր վերջին օրերի խորհրդարանական անցուդարձի մեջ, իսկ այսօրվա սոցցանցային «փոխհրաձգությունը» եկավ վկայելու, որ կողմերն անցնում են «ռուբիկոնը»։
Նախ համացանցում «պայթեց» Նիկոլ Փաշինյանի գրառումը.Մեջբերում եմ. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել», ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի ոչ պակաս սուր գրառումը. Նորից մեջբերում . «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Ահա այսպես, առանց անուններ հիշատակելու, բայց ակնհայտ, թե ում քարերը, ում բոստանն են գլորվում։ Տեղի ունեցող զարգացումները հիշեցնում են 2015թ-ը, երբ Ծառուկյանը, ՀՀԿ-ի գրոհից հետո հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին հեռացնելն այլեւս իր կյանքի նպատակն է: Դրանից օրեր անց հեռացավ ինքը, Ծառուկյանը։
Ի՞նչ կլինի այս անգամ։ ԲՀԿ հանրահավաքին Գագիկ Ծառուկյանն արդեն առանց խուսանավումների կհայտարարի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Իսկ դրանից հետո արդեն քաղաքական ուժերը, ասենք այսպես, հարկադրված կլինեն հանել դիմակները, ջնջել սոցիալական հեռավորություններները, դիրքավորվել, իսկ քաղաքական քարտեզը կբերվի ամբողջական տեսքի։ Քաղաքական կանխատեսված «թեժ աշունը» մեկնարկում է։