Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բենեֆիսն է բոլոր առումներով։ Վաղ առավոտյան նա իր շքախմբի ուղեկցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ 20 րոպե նվիրեց իր բարեփոխումներին, թե ինչքան լավ բաներ է արել, իսկ լրագրողները միայն սենսացիոն վերնագրերով լուրերին եւ ստատուսներին են անդրադառնում։
Բենեֆիսը շարունակվեց խորհրդարանում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի միջոցով։
Հարությունյանը այսօր եւս իր ոճի մեջ էր, պաշտոնավարման ընթացքում նրա հասցեին հնչեցված բազում քննադատությունները կարծես ականջի կողքով են անցնում, Հարությունյանը չի փոխում իր շփման կանոնները, խոսքի տոնը, բառամթերքը...նա այսօր եւս շարունակում էր հեգնել լրագրողներին, ընդդիմախոսներին, վիրավորում, ծաղրում, գնահատականներ տալիս։
Լավ, թե վատ նախարար է Արայիկ Հարությունյանը՝ դեռ շատ կքննարկվի եւ այդ հարցի պատասխանը կտա ժամանակը։ Ով ինչի համար է քննադատում նախարարին, արդյոք մարդիկ անձնական, քաղաքական շահեր են հետապնդում՝ անգամ դա էական չէ։
Կարող են լինել օբյեկտիվ, սուբյեկտիվ քննադատություններ, բայց պաշտոնյան պետք է բոլորը լսի, փորձի հասկանալ քննադատության մեջ ճշմարտության ինչ հատիկ կա, ինչ կարելի է շտկել, փոխել։
Իսկ ճշմարտությունը մեկն է, որը, անկախ քաղաքական, հասարակական ուժերի ելույթներից, ցանկացած դպրոցահասակ երեխայի ծնող զգում է իր մաշկին։
Մի առիթով անդրադարձել էինք այն երկրների ցանկին, որոնց ղեկավարները երեխաներ չունեն եւ հարց էինք հնչեցրել, թե ինչպես կարող ենք մենք մեր երեխաների ապագան վստահել նրանց, ովքեր երեխա չունեն, ինչպես կարող են նրանք լինել սրտացավ եւ ստեղծել լավ ապագա։
Այսօր կրթության ոլորտում ոչ միանշանակ ընդունվող որոշումների պատճառը նաեւ դա է՝ որոշում կայացնողները երեխա չունեն, նրանք չեն առնչվում փոքրերի հետ, չգիտեն առանձնահատկությունները, հնարավոր խնդիրները, նրանք ոչ մանկավարժ են, ոչ հոգեբան, նրանք անգամ ծնող չեն։
Այսքան խոսվեց եւ քննադատվեց դպրոցներում դիմակներ դնելու որոշումը, իսկ այսօր նախարարը իր ասուլիսին հայտնել է, թե լուրջ բողոքներ չկան։
Ի՞նչ լուրջ բողոք պետք է լինի, եթե երեխան առաջին օրը դպրոցից վերադառնում է լացակումած, հուզված եւ հայտարարում, որ այլեւս չի գնալու դպրոց, դա լո՞ւրջ է, թե՞ ոչ։ Եթե երեխան չի կարողանում շփվել իր դասընկերների հետ, չի ճանաչում նրանց եւ ահավոր նեղվում է սոցիալիզացիայի պակասից, դա լո՞ւրջ է, թե՞ ոչ։
Եթե երեխան խնդրում է ուսուցչուհուն օգնել բացել ջրի բաժակը, իսկ ուսուցչուհին ասում է, որ չի կարող իրերին դիպչել, կորոնավիրուս է, դա լուրջ է, թե ոչ...։ Ուսուցչուհին այստեղ մեղավոր չէ, նա լուրջ է ընդունել ԿԳՄՍՆ-ի հրամցված եւ որեւէ իրավական ուժ չունեցող ուղեցույցը եւ փորձում է ամեն կերպ պահպանել այդ կանոնները։
Իսկ ԿԳՄՍՆ-ն այնպիսի կանոններ է սահմանել, որոնց կորոնավիրուսից պաշտպանելու ճշմարտությունը դեռ ապացուցված չէ, բայց այլ հետեւանքներ ունենալու հավանականությունը՝ երաշխավորված։
Անգամ իրարամերժ կարծիքների պայմաններում մենք տանջում ենք մեր երեխաներին՝ ստիպելով ամբողջ օրը անցկացնել դիմակով, չշփվել, չդիպչել, ապրել ռոբոտի պես։
Ի՞նչ կարող է անել ծնողը, իշխանությունը այլ կարծիք չի ընդունում, մեջբերում են տարբեր երկրներից օրինակներ, ԱՀԿ հայտարարություններ, իսկ մեր հայկական փորձը ցույց է տալիս, որ ամռան ամիսներին երեխաները ամբողջ օրը շփվել, խաղացել են եւ կարծես բռնկման մեծ օջախ չեն ստեղծել։ Ստացվում է, որ որեւէ հաշվարկ, երաշխիք չկա՝ եթե այս կանոնները չպահպանեն, ինչ իրավիճակ կլինի դպրոցում, արդյոք հնարավոր չէ՞ միայն ջերմաչափումով, ախտահանելով, ձեռքերը լվանալով գոնե տարրական դասարանների դեպքում կազմակերպել ուսումնական գործընթացը։
Երեխայի եւ նրա հարազատների առողջությունը, իհարկե, թանկ է, սակայն հարց է՝ ինչքանով ենք պաշտպանում մենք նրանց այս կանոններով եւ ինչ վնաս ենք հասցնում։ Պաշտպանելու մասով ստույգ տվյալներ չկան, իսկ վնասները ակնհայտ են՝ հոգեբանական խնդիրներ, բարդույթներ, թուլություն, իմունիտետի կորուստ, առողջական խնդիր եւ իհարկե հավերժ հիասթափություն դպրոցից, ուսումնական պրոցեսից։ Եւ դեռ մեծ հարց է՝ դպրոցից առաջին վատ տպավորությունը հաղթահարելու համար ինչքան ժամանակ կպահանջվի եւ կհաղթահարվի, թե ոչ։

