Համացանցային ապրելակերպի եւ տեխնոլոգիական տարածվածության մեր օրերում մարդկանց մտքերը, գործողությունները, վարքը որոշում են տեղեկատվական հոսքերը։
Այսօր լրատվամիջոցները, սոցցանցերը սոսկ ինֆորմացիա տարածողներ չեն, այլեւ օրակարգ ձեւավորողներ, մտածողություն կերտողներ, գործողություններ կանխորոշողները։
Մեր աչքի առաջ փոխվում է հասարակությունը, մարդկանց մտածելակերպը, վարքը։
Թվում էր, թե ազատությունը եւ տեղեկատվության մատչելիությունը կհանգեցնի ավելի ազատ, անկախ, պաշտպանված լինելուն, բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը։ Մարդիկ այժմ դարձել են շատ զգայուն, վախվորած, կասկածամիտ, նախապաշարմունքներով, կարծրատիպերով ապրող։ Օրինակ՝ եթե մենք բոլորս հեռախոսը, սոցցանցերը համարում ենք շփման լավագույն հնարավորություն, ապա չարաչար սխալվում ենք, քանի որ դրանք ոչ միայն շփման գործիք չեն, այլեւ շփումը քչացնող, կանխող, փչացնող։ Նախկինում տեխնոլոգիաները այդքան զարգացած չէին, երեխաները ոչ թե օրումեջ զանգում էին եւ հետաքրքրվում իրենց ծնողներից, այլ այցելում էին նրանց, կամ ոչ թե քույրերի, եղբայրների, ընկերների հետ «սկայպքոլով» կամ մեսիջներով էին շփվում, այլ նրանց տուն էին գնում՝ ընթրիքի կամ զբոսնելու։
Մեր ականջի կողքով անցնող նորությունները փոխում են մեզ եւ մեր շրջապատը, այդ մասին, սակայն, մենք իմանում ենք, երբ բախվում ենք կոնկրետ խնդրի։
Օրինակ՝ մեր լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էինք տարածել, որ ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ առաջին դասարան գնացող երեխաների ծնողները կարող են ուղարկել իրենց բալիկների լուսանկարները եւ դրանք կհայտնվեն մեր տոնական ֆոտոշարքում։
Թվում է՝ թեթեւ, անմեղ նախաձեռնությամբ ենք հանդես եկել՝ հաշվի առնելով, որ այդ օրը չեն թույլատրելու կողմնակից անձանց մուտքը դպրոց եւ նկարահանումներ անելը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ առանց այդ էլ այս տարի դպրոց գնացող երեխաների համար օրը ավանդական տոն չի լինի, հակահամաճարակային կանոնների փունջն էլ ավելի կբարդացնի առաջին անգամ աշակերտի կարգավիճակում հայտնված երեխաների վիճակը։
Հետեւաբար՝ օրը հիշարժան, տոնական դարձնելու, ծնողներին եւ երեխաներին ուրախացնելու համար քայլ էինք կատարել՝ ամենեւին չկանխատեսելով ոմանց կողմից ագրեսիվ եւ մերժողական վարք։ Ընդամենը մի քանի օրինակ՝ առանց օգտատերերին նշելու եւ բավական է ամբողջանա պատկերը, թե ինչ մթնոլորտ է տիրում սոցցանցերում, ինչքան ագրեսիա, կասկածամտություն կա անգամ ամենաանմեղ առաջարկի շուրջ։
Առաջին խումբ մեղադրանքները թերեւս ամենաանմեղն են, ըստ այդմ՝ մի խումբ ծնողներ կարծում են, որ սա կայքը գովազդելու նպատակ է հետապնդում, «բնականաբար ծնողը կտեսնի, կlike-ի էջը, comment կգրի ու վերջում էլ share, խնդրեմ անվճար SMM» եւ նախատում մեզ, թե «հանուն գովազդի պետք չէ անել նման բան»։
Նկատենք, սակայն, որ լրատվական կայքը գովազդելու համար զանազան մեթոդներ կարելի է մտածել, բայց ոչ երբեք երեխաների տոնական ֆոտոշարքը, առավել եւս՝ դրան մասնակցելու համար նախապայմաններ չկան, ոչ լայքեք, ոչ վերահրապարակեք, կարող եք անգամ չմասնակցել, սա ընդամենը առաջարկ է։
Երկրորդ խումբ մեղադրանքները առնվազն վիրավորական են եւ նման են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն, քանի որ անծանոթ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք ահաբեկչական խմբավորում ենք, սիրում ենք երեխաների առեւանգմամբ զբաղվող խմբակների հետ համագործակցել, նրանց ինֆորմացիա տալ։
Մեր անմեղ պոստին հետեւում են մեկնաբանությունները, թե «երեխաների նկարները և անձնական տվյալները հրապարակելը չեն բխում երեխայի անվտանգության շահերից, կասե՞ք ինչու եք էդքան մեծ ինֆորմացիա ուզում հավաքել միամիտ մարդկանց երեխաների մասին ու հրապարակել ձեր «տոնական էջում», գիտե՞ք, որ դա երեխա գողանալու ամենատարածված եղանակներից է, սա անվճար եւ շատ օգտակար համագործակցություն է երեխա առեւանգողների հետ, շատ վատ բան եք մտածել, ըստ երևույթին մեծ շահ ունեք...»։
Իսկապես, նման մեկնաբանություններ կարդալիս արդեն թեւաթափ ես լինում այնքան, որ անգամ արձագանքել չի լինում։
Նախ, երբ անձը սկսում է զբաղվել այլոց իրավունքների պաշտպանությամբ, անվտանգության դասեր է տալիս, կոչեր անում եւ այլոց նախաձեռնություններին «անուն կպցնում», ճիշտ կանի, որ առնվազն տեղյակ լինի այն ամենից, ինչի մասին խոսում է։
Այսպես, մինչեւ 16 տարեկան երեխաների դեպքում նրանց անձնական լուսանկարը, տվյալները օգտագործելու համար անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցչի համաձայնությունը։ Հետեւաբար՝ մենք ընդամենը հայտարարել ենք մեր նախաձեռնության մասին, որեւէ հարկադրանք, պարտադրանք չկա, ծնողները ազատ են մասնակցելու կամ անտեսելու այս ֆոտոշարքը, եւ եթե ծնողը մասնակցում է՝ իր երեխայի տվյալները ուղարկում, իրավական որեւէ խնդիր չի կարող առաջանալ։
Երեխաների անունը, դպրոցը նշելու նպատակն էլ նրանց անդեմ չներկայացնելն է։ Այս պարագայում պնդել, թե «երեխա գողացողները» սպասում են նմանատիպ ֆոտոշարքերի, տվյալների հրապարակմանը, խոսում է թրիլեր ժանրով ստեղծագործություններից դուրս չգալու, «սարսափելի է, տեսեք, թե ինչ է եղել, սա կարող է լինել ձեր երեխայի հետ» վերտառությամբ լուրերը կարդալու, հավատալու մասին։ Առավել եւս՝ եթե հրապարակային դաշտում որեւէ բան կասկածի տակ ես դնում, առնվազն դրա համար հիմնավորումներ պետք է ներկայացնել հայկական իրականությունից։
Իհարկե, օնլայն եւ օֆլայն կյանքում անվտանգության կանոնները պահպանելը կարեւոր է, դրանց նորմերին տիրապետելը՝ խիստ անհրաժեշտություն, բայց նման մտասեւեռումները չպետք է հասնեն աբսուրդի եւ պատճառ դառնան աջուձախ կասկածամտություն, վախ, անվստահություն տարածելուն։
Առավել եւս այս ամենը հաճախ հիշեցնում է կեղծ օրակարգ, քանի որ մեծ հարց է՝ ինչպիսին են իրական կյանքում երեխաների պաշտպանվածության մասին խոսողները։
Երեխաներին բռնության ենթարկողները, նրանց ինչպիսիությամբ չհետաքրքրվողները, համընդհանուր «մանյակներ» փնտրողները կարող են անտարբեր լինել իրենց երեխաների որտեղ գտնվելու, ում հետ խաղալու հարցերի շուրջ, հրապարակել բազմաթիվ լուսանկարներ, մասնակցել մրցույթների եւ նամակներով խնդրել «լայքել» իրենց երեխայի լուսանկարը, սակայն երբ խոսքը վերաբերում է այլ նախաձեռնության, նրանք դառնում են վտանգների մասին ահազանգող, բարոյախրատող։
Իհարկե, կարելի է նման մեկնաբանություններ գրողներից պահանջել հիմնավորումներ մեր նախաձեռնության վերաբերյալ արտահայտած կասկածների, անվստահության մթնոլորտ ստեղծելու, զգուշավորության կոչերի մասին։ Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ մարդիկ մանիպուլյացիաների գերի են, նրանց մեղադրել չես կարող, քանի որ այժմ այնքան բաց, հասանելի են լրատվական հոսքերը, մարդիկ առանց ֆիլտրելու կարդում, ընդունում, վստահում են այն, ինչ հրամցվում է, հետեւաբար՝ հասարակ մի նախաձեռնությունը կարող են կապել երեխաներ գողանալու հետ, վախենալ, զգուշանալ։ Այսքանից հետո ինչու ենք զարմանում, որ կան մարդիկ, ովքեր չեն հավատում կորոնավիրուսին, թեստավորումն էլ համարում են չիպավորում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, լրատվական հոսքերի հեգեմոնիան հանրությանը դարձրել է կեղծ օրակարգի գերի։
Ի դեպ, օրերս ծանոթ հոգեբաններից մեկը պատմում էր, որ հատկապես վերջին շրջանում շատացել են այն ծնողները, ովքեր դիմում են եւ իրենց վախերը ներկայացնում երեխաների սեռական բռնության ենթարկվելու հետ կապված, պատճառը՝ այդ մասին ահազանգերը եւ պերմանենտ անդրադարձերն են։ «Երբ մենք ասում ենք՝ եկեք չմտածենք սպիտակ արջի մասին, մենք ակամայից սկսում ենք եւ ստիպում մտածել այդ մասին, դիմում են ծնողներ՝ մտահոգություն հայտնելով, որ ինչ անել, որպեսզի իրենց երեխան բռնության զոհ չդառնա, զրուցում ես, ապշում, հիմքեր չկան, կասկածները, վախերը լրատվական հոսքերի եւ թեման թեժ պահելու արդյունք են, այսպես է մեդիան փչացնում մարդկանց եւ նրանց կյանքը»։

