Ի դեպ. Արտակարգ դրության ավարտի ու կարանտինի մեկնարկի մասին
Ի դեպԻ դեպ, այսօր ավարտվեց արտակարգ դրության ռեժիմը ու քիչ էր մնում հայտնի ֆիլմի հերոսի նման բացականչեինք՝ «վերջացավ», եթե արտակարգ դրությանը չհաջորդեր մեկ այլ, իրավական նոր ռեժիմ, որի անունը կարանտին է։ Եւ ուրեմն՝ դաշտից հեռանում է արտակարգը, նրա փոխարեն խաղադաշտ է մտնում կարանտինը։ Իսկ ինչ է փոխվում մեր կյանքում։ Միանգամից ասենք՝ շատ բան չի փոխվում։ Փոփոխություններից մեկն այն է, որ վերանում է օրենքի ուժ ստացած նախագիծը, որով, վարակվածների շրջանակը պարզելու համար, հասանելի էր դարձել մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը։ Թե ինչքանով դա արդյունավետ աշխատեց, չիմացանք։ Հաջորդ փոփոխությունն է այն է, որ մեզնից հեռանում են պարետն ու պարետատունը, այլեւ չենք ստանալու նրանց SMS-ները։
Նրանք հեռանում են, սակայն «գործն է անմահ, լավ իմացեք», տուգանքները մնում են եւ շարունակվելու են։ Արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ են տուգանվել, տասնյակ հազար քաղաքացիներ եւ նրանց մի զգալի մասը չի վճարել ու կարծԵս միտք էլ չունի վճարելու։ Նրանց մի մասն էլ հակված է իր տուգանքի հարցը վիճարկել դատարանում։ Ի դեպ, նոր կարգավորումներով վիճարկելու ժամկետը երկուսից դարձել է մեկ ամիս, բայց հարցը դա չէ։ Մասնագետներն ասում են, որ վարչական իրավախախտում կարող է համարվել այն արարքը, որը հանրային վնասակարություն է պարունակում։ Հիմա պատկերացրեք ամուսինների, որոնք նույն տանը, միասին քնել-արթացել են, առանձին լվացվել-հագնվել, միասին նստել են իրենց համատեղ օգտագործման մեքենան ու դիմակ չկրելու համար տուգանվել։ Հետո այդ տուգանքը հանվեց, բայց ինչ որ մի ժամանակ կիրառվում էր։
Պատկերացրեք, հարցը հասել է դատարան, եւ տուգանվող մատերիալը, ներեցեք, տուգանվող քաղաքացին հարցնում է՝ ներեցեք, իսկ ո՞րն է իմ արարքի հանրային վնասակարությունը։ Նույն հարցը կարող է հնչել հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանվելու դեպքում, եթե մարդը եղել է այգում, միայնակ, իսկ շրջակայքում ուրիշ մարդ չի եղել, եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս դեպքերի պարզաբանումն ու ողջամիտ լուծում գտնելը կարեւոր է, քանի որ դիմակ կրելու պահանջը եւ այն չկատարելու դեպքում տուգանվելու հեռանկարը պահպանվում են նաեւ կարանտինի ժամանակ։ Այլապես, լրիվ իրականության կդառնա վերջին շրջանում տարածված կատակը, թե Նիկոլ Փաշինյանը կոպեկ առ կոպեկ հետ է վերադարձնելու Սերժ Սարգսյանի բաժանած տասը հազար դրամները։