ԱԺ նոր նստաշրջանին ընդառաջ խորհրդարանում պատգամավորների թիվը պակասում է մեկով, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Պատճառը՝ ԿԳՄՍՆախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած հակասություններն են, եւ եթե մեկ շաբաթվա ընթացքում նա դիմումը հետ չվերցնի, իշխող քաղաքական մեծամասնությունում նոր պատգամավոր կլինի։
Առհասարակ, բոլոր գումարման խորհրդարաններում էլ լինում էին մանդատից հրաժարվելու դեպքեր, եւ ճնշող մեծամասնության դեպքում նախկինում սխեման պարզ էր՝ դավաճանել է թիմին, քաղաքական գծից շեղվել է, «մայր գետից կտրվել» եւ ահա արխիվից հանել են վաղօրոք գրված, ստորագրված փաստաթղթերը, մանդատը վերցրել ձեռքից։ Նոր Հայաստանում, սակայն, նման բաներ չպետք է լինեին, անգամ եթե պատգամավորը համարձակվել է այլ կարծիք հայտնել, քանի որ ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված՝պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ 7-րդ գումարման խորհրդարանը դեռ երկու տարի չկա, որ աշխատում է, սակայն արդեն 5 պատգամավոր վայր է դրել մանդատը, մեծամասամբ ներկայացված պատճառաբանությունները հավատ չեն ներշնչում։
Այդ իսկ պատճառով Ջուլֆալակյանի քայլը միանգամից դարձավ ներքաղաքական քննարկումների առիթ, եղան մարդիկ, ովքեր սկսեցին մեղադրել նրան՝ նշելով, որ ԱԺ-ն նրա տեղը չէր, ճիշտ էլ արել է։ Իսկ շատերի համար Ջուլֆալակյանի այս քայլը առնվազն տարօրինակ էր քաղաքագիտական եւ իրավական տեսանկյունից։
Ինչ է նշանակում՝ հակասություններ ունենալ գործադիրի ներկայացուցչի հետ եւ հրաժարվել մանդատից։ Չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, ԱԺ պատգամավորները բազմաթիվ լիազորություններ եւ մեխանիզմներ ունեն գործադիրի աշխատանքը վերահսկելու, զսպելու, նրանք հաշվետու են միայն ժողովրդի առաջ, որից մանդատ են ստացել։ Ավելին՝ պատգամավորները իրենց անհամաձայնությունները գործադիրի առանձին ներկայացուցիչների հանդեպ կարող են արտահայտել զանազան ձեւերով՝ ելույթներ, հարցեր, հարցապնդումներ, հանդիպումներ, լսումներ նախաձեռնելով, կազմակերպելով։ Ավելին՝ ամենեւին պարտադիր չէ նաեւ, որ իշխող մեծամասնությունը 100/100-ի նույնությամբ համաձայն լինի կառավարության տեսակետների, քայլերի հետ։ Պետական կառույցները, քաղաքական համակարգը կայանում եւ բովանդակային դեբատներ են լինում, երբ իշխանության տարբեր ճյուղերը միմյանց հակակշռում են, կան բանավեճեր, անհամաձայնություններ, առողջ քննարկումներ, քննադատություն, որոնց արդյունքում պետք է գտնվի ճշմարտությունը, խնդիրների լուծումը։
Վերանալով անձանցից եւ չքննարկելով անգամ, թե ով էր լավ պատգամավոր, նախարար, ում քննադատություններն էին օբյեկտիվ եւ տեղին՝ հարցը քաղաքագիտական տեսանկյունից դիտարկելիս ստացվում է, որ գործադիրի որեւէ անդամի հետ անհամաձայնություն ունեցող պատգամավորները, եթե այդ նախարարը հրաժարական չի տալիս, իրենք պետք է հրաժարական տան։ Պատկերացնում եք՝ այս տեմպերով մեր խորհրդարանը շուտով կդատարկվի, եթե այս գործելաոճը վարակիչ դառնա, շուտով հրաժարական կտան Արսեն Թորոսյանի, Ռուստամ Բադասյանի հետ հակասություններ ունեցողները։
Բայց միթե պատգամավորը կարող է այդքան անպատասխանատու եւ թույլ գտնվել, միթե նա գործուղվել էր խորհրդարան հենց կոնկրետ այդ պաշտոնյայի հետ աշխատելու համար, միթե խորհրդարանական ահազանգի բոլոր ձեւերը, քաղաքական թիմում հարցեր բարձրացնելու փորձերը այնքան են սպառվել, որ Ջուլֆալակյանը մանդատ է վայր դնում։
Այս ընթացքում կարծես հրապարակային թեժ դեբատներ չենք տեսել, իսկ Արայիկ Հարությունյանի հետ հակասությունների մասին լուրերը նաեւ նեղ, անձնական հիմքեր ունեն։
Բայց եթե անձը մանդատ է ստացել եւ պարտավորվել գնալ խորհրդարան՝ ներկայացնելով ընտրողների շահերը, բարձրացնելով նրանց հուզող հարցերը՝ պետք էր կտրվել նեղ, անձնական ամբիցիաներից եւ չէր կարելի նման անփույթ ձեւով վարվել եւ տասնյակ հազարավոր ընտրողների հուսախաբ անել։
Ջուլֆալակյանի հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ նա հեռանում է քաղաքական թիմից, քանի որ Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնությունների հարցում ղեկավարությունը իրեն չի աջակցել, ասել է թե սատարել է Հարությունյանին։ Եւ քանի որ նրանց «ջրերը մի առվով» չեն հոսել, Ջուլֆալակյանը հեռանում է։
Սակայն այս մասին պետք էր ավելի բաց, անկեղծ հայտարարել, քաղաքական անհամաձայնություններն էլ ներկայացնել հրապարակային եւ մանրամասն։ Բայց ոչ միայն Ջուլֆալակյանը նման կերպ չվարվեց, այլեւ նրա քաղաքական թիմը շարունակում է ծածկադմփոցի քաղաքականությունը՝ «տեղյակ չենք, չենք մեկնաբանում, Ջուլֆալակյանը անդրադարձել է, բավարարվեք այդքանով»։ Հանրության առաջ հաշվետու լինելու, պատասխանատվություն եւ պարտականություններ ունենալում, նեղ անձնական շահերը ստորադասելու մասին թերեւս մոռացել են օրենսդիրները։

