Իշխանությունը հերթական օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակը կրկին ապացուցելն է, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ է»։
Արագաչափերի, զանազան տուգանքների, հարկերի բեռից կքող քաղաքացուն պաշտպանելու նկրտումներով իշխանության եկածները կարճ ժամանակ անց սկսեցին ավելացնել իրենց ընտրած «հպարտ պողոսների» ֆինանսական բեռը։ Քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ, որին տուգանում էին ոչ միայն արագաչափի, կարմիր գծերի համար, այլեւ դիմակ չկրելու, պատշաճ չկրելու համար։ Ընդ որում՝ հսկողությունը ուժեղացնելու անվան տակ հեղափոխական մեխանիզմ ներմուծեցին՝ քաղաքացուն ոստիկանը կարող է տուգանել անգամ իր անձնական օգտագործման մեքենայից։
Քաղաքացիների տուգանքներից չպրծած՝ իշխանությունը անցել է լրատվամիջոցներին։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Փոխխոսնակը վստահ է, որ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, Սիմոնյանը նշել է, որ դա ընտրվել է՝ համեմատականներ անցկացնելով մի շարք եվրոպական երկրներում առկա դատավճիռների հիման վրա։
Իհարկե, համացանցում ատելության խոսքի տարածումը, ֆեյքնյուզը մտահոգիչ ծավալների է հասնում, որի դեմ կարծես օրենքները անզոր են։ Սակայն, հանուն արդարության պետք է ասել, որ այս համընդհանուր ատելության մթնոլորտի ստեղծողներից են նաեւ հենց իշխանությունները։ Բավական է հիշել «նոր որակի» ԱԺ-ի մի քանի հայտնի միջադեպերը՝ փողոցային լեքսիկոնով եւ ամենավերջին հայհոյանք, վիրավորանքներով։ Դրանց համար, ի դեպ, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, չտուգանվեց, չպատժվեց, անգամ քաղաքական հետեւանքներ չեղան։ Եւ երկրի թիվ մեկ ամբիոնում նման «հիշարժան դրվագներ բեմադրողները» եւ ամեն քայլափոխի վիրավորող, զրպարտողները վիրավորանքի, զրպարտության դեմ են պայքարում։
Այնպես որ լավ կլինի նախ օրենսդիրները օրենսդիր լինեն եւ իրենց վարքով օրինակ ծառայեն, ի սպառ իրենց հրապարակային գործունեությունից, բառամթերքից հանեն վիրավորանքը, զրպարտությունը, ապա նոր պահանջներ ներկայացնեն լրատվամիջոցներին։
Ամեն դեպքում, մտահոգված լինելով վիրավորանքի եւ զրպարտության ծավալներով եւ ամենեւին չարդարացնելով այս արատավոր երեւույթը՝ առավել մտահոգված ենք առաջարկվող կարգավորմամբ եւ մասնավորապես՝ տուգանքների չափով։ Այս առումով եվրոպական երկրների հետ օրինակները ընդհանրապես տեղին չեն, նախ՝ Հայաստանում տուգանքները պետք է նշանակվեն՝ հաշվի առնելով մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակը, միջին աշխատավարձը, սպառողական զամբյուղը։
Երկրորդ, պետք է հիշել նաեւ, որ միշտ չէ, որ նման հայցերը ԶԼՄ-ների դեմ են, հեղափոխությունից հետո մենք տեսանք հայցերի տարափ ոչ միայն ներկա պաշտոնյաների կողմից, այլ նրանց ընդդիմախոսների կողմից։ Իսկ դատարանի առաջ լրատվամիջոցները եւ այլ անձինք հավասար են։ Այնպես որ 5-10մլն դրամի տուգանքը կարող է դառնալ դամոկլյան սուր հենց իշխանության գլխին։
Երրորդ՝ արդյոք որեւէ վիճակագրություն, հետազոտություն արվել է, թե վիրավորանքի, զրպարտության հայցերով ինչպիսի տուգանքներ են նշանակում դատարանները առկա օրենսդրության պայմաններում։ Անզեն աչքով անգամ նկատելի է, որ դատարանները անգամ օրենքով նախատեսված 1-2մլն դրամ տուգանքը չեն նշանակում՝ հաշվի առնելով զրպարտչական նյութի բովանդակությունը, հասցեատերը, պատասխանողի գույքային վիճակը։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչ իմաստ ունի 5 անգամ թանկացնել տուգանքները։
Նշենք, որ բոլոր միջազգային և ներպետական օրենքներով ամրագրված է` մարդու խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով: Եւ այս ճանապարհին խստացվող օրենսդրությունը եւ «թանկարժեք» տուգանքները խոսքի ազատությունը սահմանափակելու, լրատվամիջոցներին զսպելու, նրանց «ոտք ու ձեռքը» կապելու, սնանկացնելու նպատակ կարող է հետապնդել։ Տարիներ ի վեր զրպարտությունը և վիրավորանքը քրեորեն պատժելի արարքներ են եղել, կարգավորվել են ՔՕ-ի 135-րդ և 136-րդ հոդվածներով: Օրենքի ապաքրեականացումից հետո` 2010թ մայիսից դատական հայցերի տարափ արձանագրվեց լրատվամիջոցների դեմ (2011թ՝ 36 հայց. 2012թ՝ 16, 2013թ՝ 24, 2015թ՝15, 2016թ՝ 17, 2017թ՝ 60, 2018թ՝ 13, 2019թ՝ 89- տվյալները վերցված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցից), հայցվորները այնպիսի խոշոր գումարներ էին պահանջում, որ լրատվամիջոցներին կանգնեցնում էին սնանկացման վտանգի առաջ: Սկզբնական շրջանում բազմաթիվ հայցեր դատարանների կողմից բավարարվեցին, մի շարք լրատվամիջոցներ սկսեցին գումարի հանգանականություն անել՝ դատարանի որոշումը կատարելու համար։ Խմբագիրներ կային, ովքեր հայտարարում էին, թե ավելի լավ է գնալ «նստել», քան տանել լրատվամիջոցը սնանկացման նման անմարդկային տուգանքներով։ Կարճ ժամանակ անց ՀՀ Սահմանադրական դատարանը և ՀՀ Վճռաբեկ դատարանն ընդունեցին մի շարք նախադեպային որոշումներ, որոնցում կարևոր իրավական մեկնաբանություններ ու սահմանումներ տրվեցին վիրավորանքի և զրպարտության նորմերի նյութաիրավական բովանդակության և կիրառության վերաբերյալ։ Այդ մեկնաբանություններն ու սահմանումներն ընդունվեցին որպես պարտադիր նշանակություն ունեցող ուղեցույցեր և դրանք սկսեցին հետևողականորեն կիրառվել դատարանների և մյուս իրավակիրառողների կողմից։ Արդյունքում, էապես նվազեցին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ բերված հայցերն ու դատական գործերը և հաստատվեց կայուն դատական պրակտիկա:
Այժմ փաստորեն նախկինների ձախողված փորձը եւ արդեն իսկ կայացած օրենսդրությունը աչքի առաջ ունենալով՝ իշխանությունները գնում են ավելի խիստ ճանապարհով՝ ավելի անիրատեսական եւ կործանարար տուգանքներ առաջարկելով։ Թե որքանով դրանք կնպաստեն վիրավորանքի եւ զրպարտության վերացմանը՝ մեծ հարց, բայց միանշանակ է, որ առաջարկվող նախագիծը ուղղակի եւ անուղղակի ոտնձգություն է լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ, սահմանափակելու է խոսքի ազատությունը, առողջ քննադատությունը, հանգեցնելու է ինքնագրաքննության, լրատվամիջոցների փակման։ Սա, ի դեպ, լավ չի խոսոմ ժողովրդավարական արժեքների համար պայքարող իշխանությունների մասին։
Իսկ մինչ վիրավորանքի, զրպարտության համար տուգանքները 5 անգամ թանկացնելը կարելի էր ստեղծել այնպիսի քաղաքական միջավայր, քաղաքական բանավեճի այնպիսի որակ, որտեղ վիրավորանքն ու զրպարտությունը տեղ չէին ունենալ։ Սեփական օրինակով եւ ինքնակարգավորման ճանապարհով խնդրի լուծումը շատ ավելի իրատեսական եւ նվազագույն վնասներով կլիներ, քան միլիոնների հասնող տուգանքներով։

